Օր առաջ պետք է ատելության քարոզը դադարեցնել, եթե Ադրբեջանը մտածում է հարևանություն անելու մասին․ ԱՀ ՄԻՊ
12:42 - 24 հոկտեմբերի, 2020

Օր առաջ պետք է ատելության քարոզը դադարեցնել, եթե Ադրբեջանը մտածում է հարևանություն անելու մասին․ ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները, քարոզչամեքենան վերջին օրերին սկսել են ակտիվորեն քարոզչական թեզեր պտտել հայերի հանդեպ դրական վերաբերմունքի մասով, համատեղ ապրելու հնարավորությունների մասով, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորության մասով և այլն, որոնք ուղղակի քմծիծաղ են առաջացնում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը, մենք ենք մեր հայրենիքի ճակատագրի որոշողը»,- նշեց նա։

Բեգլարյանն ընդգծեց, որ որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին, դա պարզապես բացառվում է։

«Քանի որ, առաջին հերթին, մենք ունենք բացառիկ իրավունք մեր հայրենիքում ապրելու, և երկրորդ հերթին, տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունները այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը, և ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը որևէ տեսանելի ապագայում, նկատի ունեմ նույնիսկ ուղղակի փոխշփումները»,- ընգծեց ԱՀ ՄԻՊ-ը։

Որպես դրա վառ ապացույց Բեգլարյանը նշեց նաև այս պատերազմի ընթացքում դրսևորված ատելության մեծ ալիքը հայության հանդեպ, ներառյալ պատերազմական գործողությունների ժամանակ, բայց նաև սոցիալական մեդիայում, երբ նրանք հրապարակում են որևէ տեսանյութ կամ լուսանկար մեր ռազմագերիների կամ դիակների նկատմամբ բացասական կամ անմարդկային վերաբերմունքի, տեսնում ենք՝ ինչպիսի «խրախճանք» է տիրում ադրբեջանական հասարակության մեջ։

«Այնպես որ, օր առաջ պետք է այս ատելության քարոզը դադարեցնել, եթե նրանք մտածում են հարևանություն անելու մասին։ Սրա մասին պետք է մտածի նաև միջազգային հանրությունը, քանի որ պատասխանատվություն է կրում այս ամենի համար, քանի որ ակնհայտ էր տասնամյակներ շարունակ, որ այս ատելության քարոզը մեկ օր կարող է պայթել և շատ լուրջ հումանիտար աղետի հանգեցնել այս տարածաշրջանում»,- եզրափակեց Բեգլարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել