Կենտրոնական ուղղությամբ այսօր չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ․ Արծրուն Հովհաննիսյան
22:26 - 24 հոկտեմբերի, 2020

Կենտրոնական ուղղությամբ այսօր չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։

«Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա։ Երեկ երեկոյան դուք տեսաք տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ի մի ստորաբաժանումը մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել և փախել մոտակա անտառները, սարերը ձորերը»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։

Արծրուն Հովհաննիսյանը նաև մարտական գործողությունների ինտերակտիվ քարտեզ ներկայացրեց՝ նշելով, որ կարմիրով այն հատվածներն են, որոնք լրիվ կամ մասնակիորեն վերահսկում է հակառակորդը։

 

 

«Քարտեզը փոփոխական է, մշտական չէ, որովհետև, ինչպես նշել եմ, մարտական գործողությունները նախ օջախային են, երկրորդ՝ դրանք արագ փոփոխվում են։ Շատ տեղերում կարող է հայտնվել մի փոքր հետախուզադիվերսիոն խումբ կամ գրոհիչ առանձին հրոսակախումբ՝ զրահատեխնիկայով կամ թեթև տեխնիկայով, որը կարողանա առաջ գնալ, և դա անմիջապես Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ներկայացվի որպես հաջողություն, իսկ հաջորդ օրը կամ մի քանի ժամ հետո հետ շպրտվի։ Եվ հակառակը․ կարող են նահանջել այդ ուղղությամբ, հետո հակահարձակում իրականացնել։ Այնպես որ, քարտեզը ստատիկ չէ»,- ասաց նա։

 

Տեսանյութում՝ ինտերակտվ քարտեզը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել