Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների դատապարտում, Արցախի ճանաչում․ Սփյուռքի պահանջները համահունչ են ներկա կարիքներին
18:24 - 27 հոկտեմբերի, 2020

Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների դատապարտում, Արցախի ճանաչում․ Սփյուռքի պահանջները համահունչ են ներկա կարիքներին

Շուրջ մեկ ամիս է՝ արցախա-ադրեջանական սահմանին լայնածավալ պատերազմական գործողություններ են։ Այս ընթացքում հաղթանակի տարբեր ձեւակերպումներ են հնչել, եւ պարզ է, որ այն միայն ռազմաճակատում չի լինում, այլ նաեւ միջազգային հարթակներում։ ՀՀ ԱԳ նախարարությունից զատ՝ այս գործը հանձն են առել նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։

Վերջին օրերին ակտիվ ցույցեր են ընթանում Ֆրանսիայի, Ամերիկայի, Ավստրիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների մեծ ու փոքր քաղաքներում։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համոզմամբ՝ արտերկրի հայերը երթերի եւ տարաբնույթ բողոքի ակցիաների շնորհիվ կարողանում են քաղաքական ճնշում գործադրել։ Infocom-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ այդ ակցիաներում ձեւավորված պահանջները համահունչ են ներկա կարիքներին․

«Միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների դատապարտումը բավարար չէ, մենք չենք կարծում, թե դրանով կարող ենք կանխել հետագա ագրեսիան, հետեւաբար անհրաժեշտ է նաեւ Արցախի անկախության ճանաչման պահանջը․ առանց մեկի՝ մյուսը բավարար չէ, մեկը մյուսին լրացնում է»,- նկատեց Սինանյանը։

Այս 2 հիմնական պահանջներից զատ՝ մեր զրուցակիցը նաեւ շեշտեց ռազմական տեխնիկայի համար ինչ-ինչ տեխնոլոգիաների վաճառման կամ փոխանակման արգելքի պահանջը, որը վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել․

«Օրինակ, Կանադայում կամ ԱՄՆ-ում այսօր այլ գործոն կա՝ ամերիկյան կամ կանադական ռազմական կոմպոնենտների օգտագործումը՝ թուրքական ԱԹՍ-ների մեջ։ Այդ երկրներում ավելացել է նաեւ ժողովրդի այն պահանջը, որ Թուրքիայի դեմ առաջին հերթին տեխնոլոգիաների փոխանցման սանկիացներ եւ սահմանափակումներ կիրառվեն։ Սա մասնակիորեն բավարարվել է Կանադայում, կարծում եմ՝ հաջորդը ԱՄՆ-ն է»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ համագործակցում են նաեւ Ասիայի, մասնավորապես Ռուսաստանի հայ համայնքերի հետ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի դիտարկմամբ՝ թեեւ ՌԴ-ում հայերի տարբեր շերտեր կան, բայց, ընդհանուր առմամբ, այնտեղ էլ ուզում են, որ կանխվի թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ խաղաղություն պարտադրենք։ 

«Իրենք էլ իրենց ձեւով, որը տարբերվում է արեւմտյան համայնքերի մեր մեթոդոլոգիայից, պաքարում են հանուն հաղթանակի»,- ասաց Սինանյանը՝ մեր հայրենակիցներին կոչ անելով գոտեպնդվել եւ լծվել այս դժվար եւ հավանաբար երկարատեւ պայքարին։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ է այն կարծիքին, որ Ռուսաստանի համայնքերի ազդեցությունը եւ աջակցությունը բավական մեծ է։ 

«Ամեն պետություն ունի իր առանձնահատկությունները, եւ հայ համայնքները տարբեր պետություններում օգտագործում են այդ պետության քաղաքական-հասարարական գործիքակազմը։ Ռուսաստանում մեթոդները տարբեր են, չեմ ուզի բարձրաձայնել, ազդեցության այլ գործիքներ են օգտագործվում, պարտադիր չէ ցույց անել»,- Infocom-ի հետ զրույցում նկատեց Սիմոնյանը։ 

Ինչ վերաբերում է արեւմուքում տեղի ունեցող ցույցերին՝ պատգամավորը նշեց, որ նման գործողությունները նպաստում են, որ պետությունները ավելի լավ տեղյակ լինեն իրավիճակից եւ իրենց արձագանքը հնարավորինս շուտ տան։

Ցուցարարների ձեւակերպած պահանջների առնչությամբ էլ ԱԺ պատգամավորը հավելեց, որ դրանք միասնական են, ուղղակի տարբեր դրսեւորումներ ունեն՝ դադարեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան եւ հնարավոր լծակներով զսպել այդ երկրներին։

Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել