Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող
21:57 - 15 նոյեմբերի, 2020

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող

15.11.2020

21։52- Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ: Աղաղակող է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը: Խստագույնս դատարպատելով այս բարբարոսությունը՝ շարունակելու ենք գործնական քայլեր ձեռնարկել դրա իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով։ [ՀՀ ԱԳՆ]

 

20։50- Փրկարար ջոկատները Շուշի քաղաքի շրջակայքի մի քանի ուղղություններով՝ հիմնականում լեռնային և անտառային գոտիներում իրականացրել են որոնման աշխատանքներ, որին հաջորդել է ադրբեջանական բանակի զինծառայողների դիերի հետ փոխանակման գործընթացը: Որոնումներն առաջիկա օրերին կշարունակվեն այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել: [ԱՀ ԱԻՊԾ]

 

20։20- Ընդունել եմ ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալին: Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Ողջունել եմ ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը: Կարևորել ենք հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

20։19- Ռուս խաղաղապահները իննական դիտորդական կետեր են տեղակայել Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության տակ գտնվող հարավային և հյուսիսային գոտիներում, ևս 7 ժամանակավոր կետեր են ստեղծվել Լաչինի միջանցքում: Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահ ուժերի կառավարման համար հրամանատարական կետի տեղակայումը: Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինման և ռազմական ու հատուկ տեխնիկայի տեղափոխումը Հայաստան: [ՌԴ ՊՆ] |tert.am|

 

20։08- ԱՀ ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին: Սարգսյանի նախաձեռնությամբ ծառայությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում և հավաքագրում է զինծառայողների մասին տվյալներ և փոխանցում Կարմիր խաչի առաքելությանը: Զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների մասին բոլոր տեղեկագրերը ԿԽՄԿ միջոցով փոխանցվում է բոլոր կողմերին, որից հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները: Շուշի քաղաքի մերձակայքում որոնողական աշխատանքները սկսված են: [ԱՀ ԱԻՊԾ]

 

18։42- Տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու հետ կապված հարցեր: Նրանք կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով մեղմել հակամարտության գոտում քաղաքացիական անձանց դրությունն ու պահպանել կրոնական և մշակութային օբյեկտները: [ՌԴ ԱԳՆ] |24news.am|

 

18:06- Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքներն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, դրանով հանդերձ՝ մարդկության դեմ ուղղված ու պատերազմական հանցագործությունների մասին: [ՀՀ ՄԻՊ]

 

17:35- ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը՝ կազմված 30 մարդուց, ուղևորվել է ԼՂ։ Կենտրոնական ապարատի մասնագետներից կազմված օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը: [ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչև] |tert.am|

 

17:23- Բանակցությունները դեռևս շարունակվում են, ավելի ուշ պարզ կլինի դրանց արդյունքը։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Քարվաճառի հանձնումը հետաձգվում է մինչև նոյեմբերի 25-ը] |factor.am|

 

16:58- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները մանրամասն քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը: Բայրամովի խնդրանքով ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի» ստեղծման վերաբերյալ հրամանագրի իրականացման հիմնական ուղղություններով կատարվելիք աշխատանքների մասին: Նախարարները վերահաստատել են միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը` հետհակամարտային վերականգնմանը, մարդասիրական խնդիրների լուծման և տարածաշրջանում կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը նպաստելու նպատակով: |24news.am|

 

16:21- ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունեց ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատախազության պատվիրակությանը, զինվորական դատախազ, գնդապետ Դմիտրիյ Շուվայկինի գլխավորությամբ։Նա հույս հայտնեց, որ այդ առաքելության շրջանակներում գործող զինվորական դատախազությունը կնպաստի Կարմիր Խաչի աշխատակիցների անվտանգ ու անխոչընդոտ գործունեությանը, իր ավանդը կունենա հանձնարարված ոլորտում։ Դմիտրիյ Շուվայկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար հավաստիացրեց խաղաղապահ ուժերի կազմում իրենց ոլորտային հանձնառությունները լիարժեք, անկողմանակալ կատարելու պատրաստակամության մասին։

 

15:28- Sputnik Азербайджан-ի փոխանցմամբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել է, որ Երևանը Մոսկվայի միջոցով դիմել է Բաքվին `խնդրելով տրամադրել 10-օրյա հավելյալ ժամանակահատված: Նրա խոսքով ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով Ադրբեջանը թույլ է տալիս հայկական կողմին ազատել Քելբաջարի շրջանը մինչ նոյեմբերի 25-ը: Ըստ Հաջիևի, Աղդամի շրջանը, ինչպես պլանավորված էր, կազատվի մինչև նոյեմբերի 20-ը, Լաչինի շրջանը `մինչև դեկտեմբերի 1-ը:

 

15։05- Կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և մեր հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարենք ոչ թե մեր երազանքներն, այլ ձևավորված իրողությունները, իսկ երազանքները կարող են և պե՛տք է լինեն նպատակ, ինչին պիտի հասնենք միահամուռ լարված աշխատանքով: Այդ նպատակների իրագործման համար առավել քան երբևէ բոլորիս անհրաժեշտ է միասնականություն, պետական մտածողություն և անձնական պատասխանատվության զգացողություն: [ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյան]

 

14։45- ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով։ [Շուշան Ստեփանյան]

 

14։44- ՀՀ պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է ներկայացվող ապատեղեկատվությունը։Ի դեպ, աչքի առաջ ունենալով պետական գերատեսչության պաշտոնական գրությունների փաստացի արտահոսքի երևույթը, չափազանց ուշագրավ է դառնում հանգամանքը, որ նշված փաստաթղթերը, դեռևս 2018թ.-ին, ուսումնասիրության համար, առգրավված են եղել ՀՀ ԱԱԾ կողմից։ [Պն խոսնակ]

 

12:35- ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 51 զինծառայողների անունները:


12:20-
Հանուն արդարության, այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի, որ իբր մասնակցում էր ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ: Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: «Հայտնի միջադեպ»-ի մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր: Մովսես Հակոբյանի՝ Արցախից առժամանակ բացակայելու  փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր: Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

14.11.2020

 

22։13- Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և նրան որևէ վտանգ չի սպառնում: Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են կանոնավոր իրականացնել արարողությունները: [Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյան]

 

22։05- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը ուշադրություն է դարձրել, որ շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ վերադարձվում են Ադրբեջանին, կան քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը:  Ադրբեջանի նախագահն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով  է գործելու ադրբեջանական կողմը: |armenpress.am|

 

21։35- Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

21։23- Իտալիայի Չեզենայի համայնքը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման որոշումը։ [Իտալիայում Հայաստանի դեսպանություն]

 

20։08- Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար:

 

19։43- Լինելով անկախ և չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ մնալ անցած շաբաթվա ընթացքում` հարգելով զոհերի հիշատակը և հասկանալով մեր ժողովրդի ցավն ու հուսահատությունը։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]

 

19։11- Ռուսաստանը և Թուրքիան նոյեմբերի 14-ին Անկարայում ավարտել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տեխնիկական բանակցությունները և պլանավորում են առաջիկա օրերին շարունակել դրանք։ Այդ մասին գրում է «TACC» գործակալությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ չի հստակեցրել, թե երբ և որտեղ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաջորդ բանակցությունները։ |hetq.am|

 

18։48- Բարոնուհի Քոքսին երախտագիտություն եմ հայտնել Արցախի ժողովրդի համար ամենադժվար պահերին նրա ցուցաբերած աջակցության համար: Բարոնուհի Քերոլայն Քոքսը ներկայացրել է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների ու ազատությունների համար արդար պայքարի մասին բարձրաձայնելու ուղղությամբ պատերազմի ընթացքում միջազգային տարբեր հարթակներում իր կողմից ձեռնարկված քայլերը։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

18։08- Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։ Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։ Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և այլ կոմունիկացիոն համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

17։17 - Արցախի ՄԻՊ-ի հետ Արցախում իրականացրինք համատեղ փաստահավաք աշխտանքներ, որոնց ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը՝ միջազգային լրագրողների և փորձագետների ուղեկցությամբ։
Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները: [Արման Թաթոյան]

 

16։02 - Այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, խաղաղապահ առաքելության դիտորդական և մարդասիրական գործառույթների հետ կապված հարցերի լայն շրջանակ: 
Երկուստեք ընդգծվել է Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

 

15։31 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները: [Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյան]

 

15։17 - Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր: Փաշինյանն իր խոսքում նշել է․ «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Պետք է քննարկենք նաև, թե ինչ լրացուրցիչ գործիքներ ունենք, որպեսզի կարողանանք ավելի կայուն և համապարփակ դարձնել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված հարցերը»:

 

14։15 - Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքել է Միքայել Մինասյանի գրառման այն պնդումը, թե պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ։
Նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին պաշտոնապես հայտնում է, որ չկա «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչը պնդել է Մինասյանը։ Ըստ խոսնակի՝ մինչ օրս դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել, և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Մինչ այս պահը, հայկական կողմը պաշտոնապես հրապարակել է ավելի քան 1300 զոհված զինծառայողի անուն։

 

12։39 - Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին Irna-ի հետ զրույցում հայտնել է, որ Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի:
«Ցավոք, սոցիալական կայքերում տարածվում է մոլորության մեջ գցող տեղեկություն՝ կեղծ քարտեզներով, արվում են հայտարարություններ, թե Հայաստանի ու անգամ Իրանի տարածքով տարանցիկ ճանապարհ է ստեղծվում, թե իբր տարածքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինում: Այս ամենը սկզբունքայնորեն անիրական է և արվում է կոնկրետ քաղաքական և քարոզչական նպատակներով»,- ասել է նա: |24news.am|

 

11։56 - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին: Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ [Երեւանի քաղաքապետարան]

 

10:20 - Նոյեմբերի 13-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

 

 

13․11․2020

20։31 - Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցերի և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: Մնացականյանն ընդգծեց արցախահայության համապարփակ անվտանգության երաշխավորման առաջնահերթությունը: Զրուցակիցները քննարկեցին նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերը:

 

20։03 - Մենք մեր գործընկերներին մանրամասն տեղեկացրել ենք, նախ և առաջ Ֆրանսիային և ԱՄՆ-ին ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, մանրամասն ներկայացրել իրավիճակը և այն ջանքերը, որոնք մենք ձեռնարկել ենք: Մենք խոսել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացված է եղել այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից և թույլ են տվել համաձայնության գալ նոյեմբերի 9-ին։ [Սերգեյ Լավրով] |armenpress.am|

 

19։56 - Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակման կարեւոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար: [Արայիկ Հարությունյան]

 

18։15- Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով: Շրջանառվող տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: [ՊՆ խոսնակ]

 

17։10- Այսօր ընդունել եմ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

16։42- Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում է գործել հրադադարի պահպանման ռեժիմը: [ՊԲ]

13։43- Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման համար ձևավորված հանձնաժողովում գործում են թեժ գծի 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարները: [ՊՆ խոսնակ]

 

00:40- Ագրեսիայի առաջին օրից ադրբեջանական զինված ուժերը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ, որի հետևանքով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, կանայք ու տարեցներ: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում, Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրմամբ, զոհվել է առնվազն 50 և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, ներառյալ՝ զոհվել է 1 երեխա, վիրավորվել 9-ը: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ։ Կրթության իրավունքից զրկվել են 23,978 դպրոցական տարիքի և 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ ԱՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ] Կարդալ ավելին 

 

12․11․2020

 

22:22- Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները սկսել են  Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի և մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների իրականացումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ քաղաք։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով]

 

20:53- Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: Մտքեր փոխանակվել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների կողմից  համատեղ հայտարարությանը հաջորդած իրադրության շուրջ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վերոնշյալ հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորը մտահոգություն հայտնեց Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի առնչությամբ: Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ: [ԱԳՆ] Կարդալ ավելին 

 

16։24 - ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանքները քննարկելու համար: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Կխոսենք այն մասին, թե ինչպես նոր պայմաններում կարող է վերսկսել իր աշխատանքը Կարմիր Խաչը, նախ և առաջ՝ զոհերի մարմինների փոխանակման, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի հարցով», - ասել է Լավրովը: |azatutyun.am|

 

16։22 - ՀՀ ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում: Արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են իրականացվում խաղաղապահ առաքելության ղեկավարության և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ սեղմ ժամկետներում գերության մեջ հայտնված անձանց և դիակների փոխանակման կիրառական մեխանիզմներ ստեղծելու և գործընթացն իրականացնելու համար: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սահմանված կարգով սկսել է կատարել հատուցումներ սեպտեմբերի 27-ից հետո վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին։

 

16։08 - ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում Մոսկվա կժամանեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան որևէ կերպ չի ցանկանում հեռանալ այդ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերներից՝ ամերիկացիներից և ֆրանսիացիներից: |azatutyun.am|

 

15։50 - Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն  այսօր առավոտյան խոսել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները՝ ելնելով իր ժողովրդի բարձր շահերից: Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնության լիարժեքությունը կպահպանվի և այն կիրականացվի»,- ասաց Լավրովը:  Նա նաև հավելեց, որ տեսնում է բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցողը և դրանից ճիշտ եզրահանգումներ են անում:|armenpress.am|

 

15։48 - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության մեջ: Նա ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային և առևտրական կապերից զրկվելու հետևանքով: |armenpress.am|

 

15։33 - Եռանախագահության կազմը (Մինսկի խմբի - խմբ․)՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, ընդլայնելու որևէ ծրագիր չկա։ Մենք մշտական կապի մենք ենք, երեկ ես զրուցել եմ Ժան-Իվ Լը Դրիանի հետ (Ֆրանսիայի ԱԳ նախարար – խմբ․)։ Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահության աշխատանքը։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |factor.am|

 

15։18 - Արցախի Հադրութի բնակիչները հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ դեսպանությանը փոխանցելու նամակ՝ ակնկալիքով, որ բարեկամ Ֆրանսիան կաջակցի հայկական կողմին հատկապես Հադրութը վերադարձնելու հարցում: Դեսպանատան դարպասներին անձամբ մոտեցավ դեսպան Ժոնաթան Լաքոտը, դարպասներից ներս հրավիրեց հավաքված հադրութցիներին ու լսեց նրանց: Դեսպանը նշեց՝ գիտեն, որ Հադրութն այս կոնֆլիկտի արդյունքում ամենաշատ տուժած տարածքներից է, և Հադրութի ժողովուրդը ևս ամենատուժածներից է: Նրա խոսքով՝ իրենց առաջնահերթությունն է աջակցել մարդկանց, որոնք այս կոնֆլիկտի արդյունքում տուժել են։ |armenpress.am|

 

15։15 - Իհարկե, մենք ներգրավելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության խորհրդանիշները վերականգնելու և դրանց նկատմամբ հարգանքը ապահովելու համար: Մենք ներգրավելու ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ օգնելու մարդկանց վերադառնալ իրենց տները, վերականգնել դրանք և հաստատել նորմալ կյանք։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tass.ru|

 

14։38 - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային, ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակին:

 

12։32 - Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացվել ՄԻԵԴ: Այս պահին ավելի մեծ փաթեթ է պատրաստվում ՄԻԵԴ ուղարկելու նպատակով: Մասնավորապես, ապացույցներ են ներկայացվել, ներկայումս էլ պատրաստվող փաթեթում ներառվելու են փաստեր, ապացույցներ խաղաղ բնակիչների սպանության, արգելված զենքերի, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զենքերի օգտագործման, ոչ ընտրանքային հարձակումների, Ադրբեջանի իշխանության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, մշակութային արժեքների վնասման, ոչնչացման մասերով: [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ] |hetq.am|

 

12։23 - Ռուսաստանի պատվիրակությունը նոյեմբերի 13-ին մեկնելու է Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ |factor.am|

 

12։15 - Լեռնային Ղարաբաղի հարցով այս շաբաթ ստորագրված հրադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս հրադադարում տեղ գտած պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար։ [ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն] |1lurer.am|

 

11։06 - Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ  բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան: [ՊՆ խոսնակ]

 

11։00 - Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնությունների դադարեցմանն ուղղված պայմաններն անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունը հանգեցրել է աղետալի հետևանքների Հայաստանի ժողովրդի համար: Ո՞վ է կազմել այս զինադադարի մասին համաձայնագիրը: Ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը: Սա արդյունք է ԱՄՆ-ի ղեկավարության բացակայության: Մենք չպետք է կանգնենք այս աղետալի գործարքի կողքին, որը պարտադրվել է Հայաստանին: Մենք չպետք է դա դիտարկենք որպես վերջնական կարգավորում։ [ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերման] |armenpress.am|

 

10։52 - Ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և մարտական գործողություններն անհապաղ և մշտապես կդադարեն։ Ինչպես նշել ենք նախկինում, Թուրքիան պետք է դուրս մնա հակամարտությունից։ Մշտական կապի մեջ եմ Հայաստանի ԱԳ նախարարի հետ՝ տեսնելու, թե ինչպես Կանադան կարող է այս դժվարին ժամանակներում շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդին։ Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու կայուն և խաղաղ կարգավորման, որը կշարունակվի հայտարարված հրադադարից հետո և կիրագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացում։ [Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայն] |shantnews.am|

 

 

10։38 - Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի -24 ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործունեության մեջ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Ութ Մի-8 և Մի -24 ուղղաթիռներ ժամանել են Երևանի օդանավակայան Ան -124 Ռուսլան ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: |armenpress.am|

 

11․11․2020

23:06- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ ԱԺ-ում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին եւս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն եւ բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես հնարավոր քաղաքական լուծումները, որոնք պայմանավորված էին նաեւ ճակատում տեղի ունեցողով։
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։ 
Ավելին, այսօր մեր երկիրը կանգնեցնում են քաղաքացիական լարվածության շեմին՝ հանուն իրենց նեղ քաղաքական եւ նյութական շահերի։ [Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան]

 

23:01- «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը հրավիրվել է ԱԱԾ։ Շենքի բակում վերջինս լրագրողներին հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչ կարգավիճակ ունի և ինչ քրեական գործով է անցնում։

 

22:58- 22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ:Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը: ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով`
«Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով: Հետո չասեք, թե համաձայն չէիք ...: [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]

 

22:56- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության:  Փորձագետները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ դրա շուրջ վարձկանների օգտագործման փաստով: [ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ] Կարդալ ավելին 

 

22:52- ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ծառայության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը:Ծառայության ղեկավարն ի մի է բերել պատերազմական օրերին կատարած աշխատանքն ու հանձնարարականներ տվել առաջիկա անելիքների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Հադրութի, Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների ծառայողների հետագա անելիքները: Կարեն Սարգսյանը նշել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու:

 

22:45- Ընդհանուր 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: Խաղաղապահ զորակազմը բաղկացած է միայն պայմանագրային զինծառայողներից: Գրեթե բոլոր զինվորականները փորձ ունեն Սիրիայի հումանիտար գործողություններին աջակցելու և պաշտպանելու առաջադրանքները կատարելու գործում:  Խաղաղապահ զորակազմը հագեցած է ամենաժամանակակից զենքով։ Համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել 16 դիտակետ: Դրանք կտեղակայվեն ԼՂ կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով:  Օրվա ընթացքում տեղափոխվել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, նաև ԱԹՍ 2 համալիր: [ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյ] |Կարդալ ավելին 

 

22:22- Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]


22:05
- Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում Միացյալ Նահանգներին` անհապաղ վերականգնել Մինսկի խմբի գործընթացը՝ վերանայելով այն համաձայնագիրը, որը ստորագրվել է առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության կամ համաձայնության: |1lurer.am|



21:16-
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը հաշվի առնելով՝ արձանագրում է, որ ստորագրված համաձայնագիրը հայկական կողմերի համար խիստ պարտվողական է և ոչ այս փուլում, ոչ նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում չի լուծում ՀՀ առջև ծառացած ամենամեծ՝ գոյաբանական մարտահրավերը։ Այդ հայտարարությունը և դրանից բխող համաձայնագիրը չի լուծում արցախյան և հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Այն նոր, արդեն անխուսափելի պատերազմների սկիզբ է նախանշում, որի նպատակը այլևս ոչ թե Արցախն է, այլ Հայաստանը։ Ստորագրված համաձայնագիրը, մասնագետների պնդմամբ, ունի սահմանադրականության հետ լրջագույն խնդիրներ։ Այս ուղղությամբ անհրաժեշտ ենք համարում արագ կերպով քննարկումներ սկսել միջազգային և սահմանադրական իրավունքի վկայակոչված մասնագետների հետ։ Կարդալ ավելին


20:24- 
Գերմանիայի կառավարությունը թեթևացած է այն փաստից,որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին համաձայնագիր է կնքվել։ Այժմ պետք է նախադրյալներ ստեղծել բոլոր այն մարդկանց օգնելու համար, որոնք աղետալի մարդասիրական վիճակում են հայտնվել։ Հարկավոր է նաև մանրակրկիտ բանակցություններ վարել՝ խնդրի երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով։ [Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիսթոֆեր Բուրգեր] 

 

20:22- Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: Քաջառողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, ով մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

20:15- Ռուսաստանի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության շուրջ բանակցությունների համար: [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան] |civilnet.am|

 

20:03- ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2251–րդ հոդվածով (խմբ․՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը): Կատարվում է նախաքննություն: [ՀՔԾ]

 

19:59- Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 11-ին բաց նամակով դիմել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Հադրութի շրջանն ամբողջությամբ Արցախին վերադարձնելու պահանջով: Նրանք ստորագրահավաք են կազմակերպել և դիմել նաև միջազգային կառույցներին:  Եթե հարցը փոխզիջմանն է վերաբերում, և Աղդամը տալիս են, գոնե այնպես անեին Հադրութը հետ վերցնեին: Մեծ մեղք է, որ մեր հայկական հողը նվիրենք Ադրբեջանին: Սա նվեր է, որովհետև ոչ մի փոխզիջում Հադրութի համար չեն արել, նույնն էլ Շուշիի համար: Հայաստանի իշխանություններին չենք պատրաստվում դիմել: [Հադրութ քաղաքի բնակիչ, Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյան] Կարդալ ավելին

 

19:56- Ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ որպես վկա եմ հարցաքննվել։  [«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան]

 

19:56- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և արտահերթ նիստ հրավիրելու պահանջը մուտք է եղել։ Մինչև այսօր ժամը 00։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն և ժամկետ ենք սահմանում։ Եթե մինչև 00։00-ն այդ երկու գործողություններից որևէ մեկը տեղի չունենա, մենք 00։30-ին կհրավիրենք մամուլի ասուլիս, մանրամասն կներկայացնենք մեր վաղվա գործողությունների ծրագիրը և վաղը մինչև երեկո կլուծենք Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի հեռացման հարցը։ [ՀՅԴ ԳՄ ներկակացուցիչ Իշխան Սաղաթելյան]

 

19:38- «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է ՀՀ իշխանությունների որդեգրած պահվածքը՝ ընդդիմադիր գործիչներին և քաղաքացիներին բերման ենթարկելու, ինչպես դրանից առաջ խստիվ դատապարտել ենք իշխանության ներկայացուցչի հանդեպ կիրառված բիրտ բռնությունը, ապա նաև հանրային գույքի վնասումը: «Ժառանգութան» համար առաջնային է վարչապետ Փաշինյանի ստորագրած եռակողմ փաստաթղթի անվավեր ճանաչման և դրույթների վերախմբագրման հրամայականը:  Հաշվի առնելով ստեղծված օրհասական վիճակը, կոչ ենք անում հիշյալ եռակողմ թուղթը ստորագրած և ճնշումներին ենթարկված ՀՀ կառավարությանը ինքնակամ հրաժարական տալ՝ օրենսդրական ուղի բացելով պատերազմ սանձազերծած պետության և միջնորդ Ռուսաստանի  հետ նոր բանակցությունների համար: [«Ժառանգություն»]

 

19:15- Ով վերջին մի քանի օրերին եղել է Շոշի հատվածում՝ ի՞նչ վիճակում էր գտնվում, արդյոք պաշտպանվա՞ծ է եղել մեր այդ սահմանը, որից հետո Ստեփանակերտն էր։ Արդյոք բոլորը պատրա՞ստ էին մեռնել այդ խրամատում, որպեսզի թշնամին չմտնի Ստեփանակերտ, էլ մնացած հատվածները չեմ ասում։ Ինչպես էին թողնում դիրքերը շատ-շատերը, չհրապարակենք ոչ մի բան․․․ բավարարվենք։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19:13- Մեր գեներալ-լեյտենանտ, նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին շնորհակալություն էի հայտնում գիտե՞ք՝ ինչի համար, որ մի քանի օր ամբողջ մի քանի կմ հատվածում համարյա զորք չունեինք, ում դիմում էինք՝ փախչում էին, ինքն էր կառավարում այդ ամբողջ բնագիծը, եւ իր հմտությամբ, օգտագործելով մեր բանակի հրետանին, կարողացել է ոչ միայն հետ մղել հարձակումները, այլեւ տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ հատվածում ունենք զորք։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19:10- Պետք չէ տրվել սադրանքների, սա սադրանք է, սա մեր երկիրը վերջնականապես կործանելու սադրանք է։ Մեզ պետք է միասնականություն, մենք պետք է միասին պայքարենք արտաքին թշնամու դեմ, որ շարունակում է քայքայել մեր միասնականությունը։ Բոլորիդ կոչ եմ անում հանդարտություն եւ վստահեցնել՝ Արցախը մնալու է հայկական։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19:10- Մեղավոր եմ, որ չհասցրեցի չորս ամսվա ընթացքում խաղաղություն և միասնություն սերմանել գոնե Հայրենիքիս ներսում, մեղավոր եմ, որ պաշտոնյա լինելն առ ոչինչ է չճանաչված երկրում, մեղավոր եմ, որ միակ զենքս տղաներս են, ովքեր դեռ դիրքերից ընդդիմանում են իրականությանը, մեղավոր եմ, որ անզոր եմ...Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում։ [ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան]

 

19:08-  Չունենք վերջնական որոշումը՝ ինչ ենք անելու, չունենք քաղաքական վերջնական քարտեզը, բայց ուզում եմ երաշխավորել՝ ճանապարհները լինելու են անվտանգ, խուճապի մի մատնվեք, ձեր ունեցվածքը մի տեղափոխեք Երեւան, հետ ենք բերելու՝ ոչ ստիպողաբար, այլ կամավոր, դուք եք բերելու, համոզված եք լինելու, որ Արցախում ավելի լավ ենք ապրելու, քան ուրիշ տեղ, որովհետեւ որեւէ այլ տեղ մեզ չեն սպասնում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19:08- ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները  հավաքված են: [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]

 

19:07- Այսօր խոստանում ենք անել ամեն ինչ, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։ Մենք այսօր պատրաստ ենք առաջին փուլում Երեւանում, ապա Արցախում ապահովել նվազագույն կենցաղային, բնակարանային պայմաններով, հետագայում՝ նաեւ արմատական։  [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19:07- Ժամը 16։20-ի դրությամբ ոստիկանություն բերման ենթարկված 135 քաղաքացիներից 70-ն արդեն ազատ են արձակվել։

 

19:06- Կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ։ Ինչպես կազմակերպ թե անկազմակերպ տարհանվել ենք, պիտի հետ գանք Ղարաբաղ։ Այս երկու օրերին կլուծենք ենթակառուցվածքների հարցը, ջրի, հոսանքի, նաեւ գազի։ Ուզում եմ վստահեցնել՝ ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19:05- Սիրելի՛ արցախցիներ, խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երեւանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին, հարիր չէ ղարաբաղցիներին։ Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, ձեր կողքին։ Լինելով Երեւանում՝ ամեն ինչ արել են ձեզ համար, կրել են զրկանքներ, կրում են, գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ։ Հանգիստ եղեք, հանգիստ նստեք տեղներդ, բոլորիդ խնդիրները լուծվելու են։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19:03- Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճա՞ն է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, որոնք թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պախկվել Երեւանում, այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուսը զենքը ձեռքին փախչում, որպեսզի չգնային առաջնագիծ․․․բավարար է։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս՝ մեր զինվորներին չպաշտպանելով, կողքներին չկանգնելով։ Ուրիշ մեղավոր, ուրիշ դավաճան չկա։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19:01- Այո, մենք ժամանակին տարհանել ենք Ստեփանակերտը, ստիպված էինք, որպեսզի քաղաքացիական զոհերի քանակը հազարավոր չլինի։ Ասում էին, թե՝ խուճապ է առաջացել զորքում․․․ոչ մի հայրենասեր, կռվող տղա խուճապի չի ենթարկվել՝ իմանալով, որ խաղաղ բնակչությունը գնում է վտանգավոր տեղից, հակառակը՝ ողջունում էին եւ իմանում, որ ամեն մի պայթող արկից զոհ չի լինելու։ Ի դեպ, այդ տարհանումները ժամանակին կազմակերպելու արդյունքում է հաջողվել շատ քիչ կորուստներ ունենալ։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

19:00- Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, մի մասը ցույց եմ տվել, մի մասը՝ չէ, բայց այդ կարիքը կար, կար, որովհետեւ զորքն աջակցության կարիք ուներ։ Իսկ վերջին օրը, նորից կրկնում եմ, Ստեփանակերտի մատույցներում երկու-երեք հարյուր պաշտպանող ունեինք՝ առավելագույնը, իսկ սահմանը՝ շատ մեծ։ Միայն հյուսիսային մասն ունեինք պաշտպանված, էն էլ մեծ հնարավորություն ունեին թիկունքով մտնել Ստեփանակերտ ու գերեին կամ ոչնչացնեին այնտեղ մնացած մի քանի հարյուր հոգուն։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:58-
ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ Գրիգորի Խաչատուրովի հրաժարականի մասին]


18:57-
Մեղավոր ենք բոլո՛րս, զորքը, ՊԲ-ին թողել եք մենակ։ Նյութական մատակարարումը բավարար չէ։ Պատերազմի կանոններն են՝ ինչքան զոհ ու վիրավոր ես ունենում, այդքան պիտի համալրես։ Ամեն օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք տալիս։ Ինչքա՞ն էինք համալրում․․․հրաժարվում էին գնալ մեր տղաներին օգնության։ Ինչքան դիակներ ունենք այսօր առաջնագծում, որովհետեւ ժամանակին չենք կարողացել հասնել օգնության։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:56-
Երկրի նախագահի տեղն առաջնագիծը չէ, Հադրութը չէ, երբ 1500 հոգի փախչում էին Հադրութից՝ ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ։ Գնացել աղաչել-պաղատել եմ, որ պետք է գնանք, պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբերին, որպեսզի հեշտ լինի։ Ես տիպված եմ այսքանն ասում, ստիպված եմ, որովհետեւ արդեն պառակտվում ենք, մեղավորներ ենք փնտրում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:55-
Հարցրե՛ք զինվորականներին, ո՞վ է դավաճանել իրենց։ Դավաճանել ենք ազգովի, օգնություն ցուցաբերել ենք, գոհ ենք բոլորից, դավաճանել ենք, որովհետեւ 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել յոթ-ութ պետության դեմ։ Այո՛, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները։ Խոնարհվում եմ նրանց առջեւ, բոլոր նրանց, որոնք հիմա էլ պաշտպանում են մեր երկրի սահմանը։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:53-
Իսկ ինչու ենք վերջում զինադադար կնքել, ինչու ենք պարտավորված եղել, որովհետեւ մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում։ Ո՞ւր էին կամավորականները, աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի Ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում էին դավաճաններ։ Կային մի քանի հարյուր հոգի։ Վեց հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջափակելու էին մեր ամբողջ զորքը, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում։   [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:51-
Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, եւ այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:51-
Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը։ Նկարվելը չեմ ասում, որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք՝ եղել են Օմարում։ Օմարում, այո՛, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր՝ շնորհիվ զինվորականների, կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը, որեւէ մեկն իրեն չվերագրի։ Սելֆի անելով խաբել եք ազգին՝ գտնվում ենք առաջնագծում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:49-
Ո՞վ է ծախել հողը․ ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրե՛ք, այն կանայք, որ իմ ու մնացած ղեկավարների նկատմամբ վայրահաչոց են սկսել։ Միայն զոհվածների հարազատներն իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:47-
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին եռակողմ հայտարարությանը: Նշվել է, որ այն լուրջ անհանգստություն է առաջ բերել մեր ժողովրդի մեջ: Այս համատեքստում կարևորվել է կայունության պահպանումը երկրում:


18:46-
Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են՝ մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր։ Մի դեպք նշեմ (զեկուցագրից կարդում է,-խմբ․)․ գնդապետ Գրիգորի Սահակյանը, որ պիտի ուղեկցեր ՀՀ-ից եկած երկու գումարտակ, զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանման համար պլանավորված օպերացիային մասնակցելուց։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:45-
Հոկտեմբերի երեքին ասել եմ՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք։ Օրերս ռուս մի խոշոր ռազմական վերլուծաբան նշել է՝ ղարաբաղյան պատերազմում ուզո՞ւմ եք հաղթել, պետք է մոբիլիզացնել մինչեւ 80-100 հազար մարդ, եթե չէ՝ պարտվելու եք։ Չեմ ուզում թիվ ասել՝ ինչքան մարդ է միացել, զորքին թողել եք մենակ, 18 տարեկաններին թողել եք մենակ։ Այո, կամավորական ջոկատներ կային, մի մասը մինչեւ վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:43-
Այսօր սրա մասին ստիպված եմ արտահայտվել, կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ՝ գնում ենք առաջնագիծ, որովհետեւ զորքի առաջնային մասում գտնվող զորքի թիկունքը բաց էր։ Շատ քիչ զորք միացավ ինձ, մենք կարողացանք կատարել խնդիրը եւ դրա շնորհիվ Եղնիկներն ամբողջովին մեր վերահսկողության տակ են։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:41-
Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պիտի գնայինք, ՀՀ-ից եկած ԱԱԾ-ի մեր ամենաուժեղ ստորաբաժանումների, Արցախից եկած, հրաժարվում էին գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ՝ առաջնագիծ գնալու ժամանակ։  [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:39-
Առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի երեքին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսը եւ Թալիշը, ու վտանգված էր մեր հյուսիսային ամբողջ հատվածը, երբ Եղնիկներ կոչեցյալ տեղամասից մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի գոնե Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահեինք։ Եւ այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել եւ ասել՝ գնում եմ առաջնագիծ։ Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար էր, ոչ թե ՊԲ-ի, ԶՈՒ-ի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների եւ այլն։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]


18:26-
Սանձասերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր  հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները։ Սակայն հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։Այս իրավիճակում ես չեմ ցանկանում լինել չեզոք և զուսպ, ես պնդում եմ իմ հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի։ Առաջարկում եմ համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ։ Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները։Մենք պետք է շարունակենք պայքարը դիվանագիտական ճակատում, իսկ ըստ անհրաժեշտության նաև ռազմադաշտում։ Խնդրում եմ ընդունել հրաժարականս։  [ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան]


18:18-
Միանշանակ է, որ այսօր հանրության գերակշիռ հատվածի ակնկալիքը գործող իշխանություններից հետևյան է. ապահովել երկրի ներքին կայունությունը և թույլ չտալ որոշ կասկածելի միավորների առիթից օգտվել և առաջ քաշել նեղ անձնական շահերից բխող ռևանշիստական օրակարգեր։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դա թույլ չենք տա։ Միաժամանակ պարզ է, որ հասկանալի պատճառներով ձեզ մոտ բազմաթիվ օբյեկտիվ հարցեր են ծագում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնց պատասխանները դեռևս չեն տրվել։ Վստահեցնում ենք, որ այն ծավալի տեղեկատվությունը, որն այս պահի դրությամբ հրապարակվել է վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, առավելագույնն է, որ այս պահին հնարավոր է հանրայնացնել։ Բայց և պետք է վստահ լինեք, որ որևէ մանրուք այս ամբողջ գործընթացի վերաբերյալ հանրությունից չի թաքցվելու։ Դա ուղղակի բացառված է։ Պետականության շուրջ համախմբման կոչ անելն այս պահին նույնիսկ անիմաստ եմ համարում, քանի որ այդ համախմբվածությունն ըստ էության այս պահին կա. մենք դա տեսնում ենք, և հատկապես այս իրավիճակում դա առավել քան պարտավորեցնող է։ Միաժամանակ, յուրաքանչյուր ոք, ներառյալ մեր քաղաքական թիմը, պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվության իր բաժինը։ Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը և օրենքով սահմանված բոլոր միջոցները գործարկելու ենք այդ նպատակին հասնելու համար։ Չկասկածեք։ [Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան]


18:13-
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ԼՂ հակամարտության ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնությունն ու սպառնալիքները: Նշվում է, որ ռազմական գործողությունների արդյունքում սեպտեմբերի վերջից առնվազն յոթ լրագրող է վիրավորվել, իսկ նոյեմբերի 10-ին մոտ 40 մարդ հարձակվել է Երևանում «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության վրա՝ ի նշան բողոքի հրադադարի ռեժիմի դեմ։ ԼՂ-ում պարբերաբար հարձակումներ են եղել լրագրողների վրա, ինչը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը։ [«Լրագրողներ առանց սահմանների»] |factor.am|


18։00 -
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ: Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին: Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ։ |shantnews.am|

 

17։30 - ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել  Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ |factor.am|

 

17։15 - Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը  ոչ ոք չի չեղարկել: Հետևաբար, այս ձևաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Միևնույն ժամանակ, երկխոսությունը շարունակվում է դեսպանատների միջոցով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտանք բոլոր անհրաժեշտ բացատրությունները։ [ՌԴ փոխարտգործնախարար] |factor.am|

 

16։46 - Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին: Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները վերոհիշյալ փաստաթղթի և առկա իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը:

 

16։30 - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան արձանագրություն են ստորագրել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է հետևի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ |factor.am|

 

16։22 - Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում (սա պետք է հստակ՝ իրավաբանորեն ամրագրել)։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ այնքանով, որքանով վերաբերում է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ իմաստով ՀՀ տարածքի փոփոխությանը, հակասում է ՀՀ անկախության հռչակագրի 2-րդ, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 205-րդ հոդվածի 1-ին մասին: [Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյան]

 

16։00 - Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Այդ ընթացքում Ֆրանսիան անշեղորեն իր վրա էր վերցրել բռնությանը լիովին վերջ տալու և հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու պարտավորությունը։ Ֆրանսիան գտնվում է համաձայնագրի պայմանների վերլուծության փուլում և ակտիվորեն խորհրդակցություններ կվարի Ռուսաստանի հետ՝ Հայաստանի շահերը պահպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հասնելու համար: Մակրոնը մոտ ժամանակներում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ֆրանսիան վճռականորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները ԼՂ շուրջ։ [Ֆրանսիայի կառավարություն] |factor.am|

 

15։53 - Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր: Բայց այն, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված,  միանշանակ է, և դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը: [Սեյրան Օհանյան] |168.am|

 

15։30 - Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալները ճշտելու համար` զանգահարել թեժ գծի 8135, 012288980 հեռախոսահամարներով:
[Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

14։57 - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: [ՀՀ ՊՆ]

 

13։57 - ԼՂ-ում խաղաղապահ առաքելության առաջադրանքներ կիրականացնեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք խաղաղապահ զորակազմի մեջ են մտնում: Նրանց վստահված են լինելու կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, ավտոշարասյուների և բեռների ուղեկցման աշխատանքները, հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը: Ռուդսկոյը հավելել է, որ գործողությունները վերահսկելու համար ստեղծվել է հրամանատարություն, որի կազմում ներառվել են սպաներ: |ria.ru|

 

12։23 - «Վարչապետն այս որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ նաև՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները։ Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը: Նա նշել է, որ այդ որոշման չկայացումը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: |1lurer.am|

 

12։04 - Այսօր այցելել եմ Պաշտպանության նախարարություն և հանդիպել բարձրագույն հրամկազմի հետ։ Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

11։21 - Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչն, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք չէինք կարողանա այդ իրավիճակում պահել: Ըստ էության, մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանայանություն կար, որ կգրավվեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, և հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ: [Նիկոլ Փաշինյան]

 

09:32 - Երևանը և Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ` այն հստակեցնելու և հակամարտությանը երկարաժամկետ լուծում տալու նպատակով,- հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար: Ժան-Իվ Լը Դրիանը: Նա նշել է, որ այդ բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ: «Պետք է թույլ տրվի հակամարտության հետևանքով վերջին շաբաթներին տեղահանված անձանց վերադարձը: Հարկավոր որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»- ասել է Դրիանը: |1lurer.am|

 

01։02- Վրաստանը հույս է հայտնում, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կապված կրակի դադարեցման հետ, կնպաստի հակամարտության լուծման լիամասշտաբ գործընթացին։ Վրաստանն աջակցում է երկու կողմի միջև երկխոսությանը: Միաժամանակ, մենք միջազգային հանրության հետ մեկտեղ խաղաղարար գործընթացի իրականացմանը նպաստելու պատրաստակամություն ենք հայտնում: Վստահ ենք, որ միջազգային հանրության ակտիվ ներուժը և բազմակողմանի միջազգային մեխանիզմների ուժի մեջ մտնելը արդյունք կտա երկարաժամկետ խաղաղության հիմք դնելու համար, ինչը նոր հնարավորություններ կստեղծի ողջ տարածաշրջանի համար։ [Վրաստանի ԱԳՆ] |aliq.ge|

 

00։12 - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։  Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։ [Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան]

 

00։02 - Ես ողջունում եմ ԼՂ-ում և նրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցումը, որը ստորագրվել է երեքշաբթի Հայաստանի և Ադրբեջանի կողմից, կօգնի կանխել հետագա մարդկային կորուստները և, հնարավոր է, քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորել] |tert.am|

 

10․10․2020

23։15 - Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով... Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար: Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ իմ մեծ հիասթափությունից, ես շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով: Ավելին, անտարակույս, ընտանիքիս հետ շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում: Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու մեր նախորդ ու հաջորդ սերունդներին: Խելացի, համատեղ ու հետևողական ջանքերի միջոցով կարելի է հասնել ցանկացած նպատակի, առավել ևս, երբ այն ազնիվ ու արդար է...։ [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

23։13 - Ռազմական դրության պայմաններում «պղտոր ջրում ձուկ բռնող» քաղաքական ուժերի նկատմամբ իշխանություններն անհանդուրժողականություն են դրսևորելու, իսկ եթե իշխանության հրաժարականի պահանջ լինի հանրության կողմից, ապա իշխանություն  կհեռանա։ Մեր ներքաղաքական պրոցեսները՝ ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխան տալու, դրա հերթը գալու է, դրա հերթը անպայման գալու է։ Եթե պետք է այս իշխանությունները գնան, այս իշխանությունները գնալու են, ընտրվելու են նոր իշխանություններ։ Բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ․․ ես անձամբ և մեր թիմը․․․։ Ես նման վտանգ կոչերի մակարդակով լսել եմ, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու։  [Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում] |hetq.am|

 

22։52 - Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման հարցին: Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում ԼՂ- ի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր ձևաչափերով։ [ՌԴ նախագահի մամուլի լրատվական ծառայություն] |armenpress.am|

 

22։36 - Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում ԵՄ - ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:   Դեկտեմբերին ԵՄ երկրները հերթական գագաթնաժողով կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը: [Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիան] |armenpress.am|

 

22։09 - Իրավիճակն այս պահին ԱՀ-ում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում: Շատ լուրջ լռություն է տիրում: [ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում]

 

22։08 - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանին և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ։ Մտահոգություն է հայտնվել ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ այդ համատեքստում ընդգծելով միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման կարևորությունը:

 

22։00 - Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի հետ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես նաև երկրում ստեղծված իրադրության վերաբերյալ: Պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:

 

21։52 - ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն ինչ-որ երկկողմ ձևաչափերի ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ-ին դեռ ոչինչ հայտնի չէ: Մենք շարունակում ենք ելնել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման հարցում մեծ ավանդ ներդրած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների չեզոք դերակատարումից: Այդ սկզբունքներն են ընկած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքում: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ձեռք բերված համաձայնությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ` ԼՂ շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական կարգավորման համար։  [Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպով] |24news.am|

 

21։45 - Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Վարչապետները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: ՀՀ վարչապետը գործընկերոջը տեղեկատվություն է ներկայացրել տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Վրացական կողմը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը:

 

21։23 - Պահանջում ենք ՀՀ քաղաքական իշխանությունից, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից։ Պահանջում ենք ԱՀ նախագահի հրաժարականը, որին պետք է հետեւի ճգնաժամային կառավարման արդյունավետ եւ համարժեք մարմինների ստեղծումը։ [ԱՀ Ազգային Ժողովի 4 կուսակցությունների հայտարարությունը]

 

20։40 - Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Սարգսյանն ասել է, որ համազգային նշանակություն ունեցող ցանկացած հարցի լուծման պարագայում, ինչպիսին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, կարևոր է համազգային կոնսենսուսը: ՀՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները հիշյալ հայտարարության տեքստի և դրա հետագա գործողության, առկա ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև մտահոգություն հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հանդես գալով նաև որոշակի առաջարկներով:

 

20։19 - Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Զրուցակիցները անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին։ Սարգսյանը կարևորել է հասարակական համերաշխության և ազգային համաձայնության մթնոլորտի առկայությունը համազգային նշանակության հարցերի լուծման գործընթացներում: «Հայրենիք» կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր գնահատականները և դիտարկումները, նշելով, որ կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը:

 

19։57 - Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին: Սարգսյանը ընդգծել է երկրի կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը:

 

18։50 - Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական ընդհանրությունները ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում  Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ՝ վերջ դնել ռազմական հակամարտությանը և սկսել դիվանագիտական կարգավորման գործընթացը։ Իրանը ներկայացնում է հրադադարի հաստատման և խաղաղության հաստատման խաղաղ ծրագիր։ [ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի] |armenpress.am|

 

18։34 - Ես ասացի, որ ռազմական դրությունը պիտի հանվի, որպեսզի երկրում սկսվեն քաղաքական եւ քաղաքացիական պրոցեսներ, ԳՇ պետի ամբողջ պահանջն ու խնդրանքն այն էր, որ գոնե առնվազն յոթ օր հնարավորություն տանք ՀՀ ԶՈՒ-ին։ Այս պահին ինձ համար չկա ավելի վստահելի մարդ, քան ԳՇ պետը։ Ես ընդունել եմ նրա առաջարկ-հորդոր-խնդրանքը, մենք քննարկել ենք, որոշել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելու վերաբերյալ ԱԺ առանձին նախաձեռնություն կլինի յոթ օր անց։ Հանդիպել եմ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանին, տեղեկացրել, որ նման պահանջ կա, մենք ունենք էդ համաձայնությունը, որ հիմա կսպասենք, յոթ օր հետո կնախաձեռնենք արտահերթ նիստ։ Բայց սա չի բացառում խորհրդարանում եւ ուրիշ հարթակներում այլ թեմաներով քննարկումները։  [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]

 

18։09 - Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։ Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար։ [Լևոն Տեր - Պետրոսյան] |ilur.am|

 

18։00 - Նման բարդ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է գտնել փոխզիջումներ, իսկ դրա համար էլ, իր հերթին, անհրաժեշտ է որոշում կայացնողների խիզախությունը: Այդ կապակցությամբ, իհարկե, դուք բոլորդ պետք է աջակցեք և՛ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և՛ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին ՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև հարաբերությունների կառուցման համար պայմաններ ստեղծելու նրանց վճռականությանը։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |armenpress.am|

 

17։31 - Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Մենք դա կոչ ենք արել ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր: Այժմ մենք վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում առկա իրավիճակը, որից հետո տարածելու ենք առանձին հայտարարություն։ [ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանո] |armenpress.am|

 

17։22 - Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել հակամարտության տևական լուծումը գտնելու համար, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մնալ իրենց բնակավայրերում, տեղահանված տասնյակ հազարավորներին էլ՝ վերադառնալ իրենց տուն։ Այս մասին հայտարարել են Ելիսեյան պալատից։ Նշվում է, որ Ֆրանսիան այս ծանր պահին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին։ |azatutyun.am|

 

17։14 - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ որպես միջնորդ, պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից: [ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի] |armenpress.am|

 

16։51 - Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը և համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը։ |factor.am|

 

16։34 - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը: Հանդիպմանը կարևորվել է անվտանգության և կայուն խաղաղության անհրաժեշտությունը ողջ տարածաշրջանում:

 

16։11 - Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, շնորհավորում եմ մեր բարեկամներ հայերին ու ադրբեջանցիներին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այսպես նա արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-հայկական հակամարտության մասին համաձայնագրի ստորագրմանը: |aliq.ge|

 

16։04 - Մենք հավատացած ենք, որ եթե հակամարտող կողմերը հավատարիմ մնան միջազգային օրենքներին, հնարավոր կլինի բանակցությունների և քաղաքական ճանապարհով վերջ տալ այս (ԼՂ - խմբ․) հին հակամարտությանը։ Գոհունակություն հայտնելով պատերազմի ավարտվելու առնչությամբ՝ հույս ունենք, որ ձեռք բերված համաձայնագիրը հրադադարը կյանքի կկոչի։ [Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար] |armenpress.am|

 

15։08 - Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Վաղը՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը: [17 կուսակցությունների խորհուրդ] |168.am|

 

15։02 - Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է։ Ես մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |factor.am|

 

14։47 -  Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար: Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին: Այնուհետև հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաև արտախորհրդարանական ուժերի հետ: [Արայիկ Հարությունյան]

 

14։33 - ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին․ սա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագիր է։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |factor.am|

 

14։29 - Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատում է, որ երեկ երեկոյան ՀՀ ոստիկանությունում կադրային փոփոխություններ են արվել։ Աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, որին կփոխարինի ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ Սևան Քոչարյանը։ Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ոստիկանության քրեական վարչության պետ Արտակ Կարապետյանը, նրան կփոխարինի Վարդան Վարդանյանը։ Կոտայքի մարզի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Զոհրաբյանը։ |azatutyun.am|

 

14։11 - Փաստաթղթում չի խոսվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան բանաձևերից և նախևառաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից ու այլ փաստաթղթերից։ [ՌԴ նախագահւ խոսնակ Դմիտրի Պեսկով] |factor.am|

 

13։53 - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Անկարան աջակցել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը։ Արտաքին գործերի նախարարները նաև մտքեր են փոխանակել ձեռնարկվելիք հետագա անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։ |shantnews.am|

 

13։41 - ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել,  հրապարակված տեքստում այդ մասին որեւէ բառ չկա։ Այդ, ինչպես նաեւ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:  Հորդորում ենք չտրվել սադրանքների, եւ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:  Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է եւ ինքներդ կարող եք ծանոթանալ դրան: [ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան]

 

13։41 - ԲՀԿ-ն ստորագրությունները տվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, այս պահին սպասում ենք, որ մեր գործընկերները Լուսավոր Հայաստանից միանան, երբ կմիանան, այդ պահին կհայտարարենք արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Նիստի օրակարգը կհայտարարվի անհրաժեշտ ստորագրությունները հավաքվելուց հետո: Այս մասին հայտնել է Նաիրա Զոհրաբյանը։ ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտնեց, որ հիմա քննարկում են ստորագրահավաքին միանալու հարցը: |pastinfo.am|

 

13։26 - Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները

 

13։11 - Հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։ [Սամվել Բաբայան]

 

12։50 - Այսօր մեզնից, ավելի քան երբևէ, կախված է հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք պետք է կարողանանք ստաբիլություն պահպանել պետության և կառավարման համակարգի նկատմամբ: Մենք իրավունք չունենք զգացմունքներին տրվելու, թույլ տալու քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա դրությունը: Ես տեսնում եմ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի՝ հայկական մտավորականությանը, հանրային և քաղաքական գործիչներին համախմբելու հնարավորություն՝ ճիշտ որոշում փնտրելու և ծանր իրավիճակից ելք գտնելու համար: Ես ոչ մի քաղաքական և անձնական նպատակ չեմ հետապնդում: Կոչ եմ անում մնացած բոլորին, ովքեր այսօր հանրության մեջ որևէ կարևոր դեր են խաղում, վեր կանգնել նեղ քաղաքական և այլ շահերից: Ես համարում եմ, որ իրավիճակից ելք գնելու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ, որոնց հանրությունը վստահում է: Ես կարող եմ ստանձնել այս գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի  Արշակունյաց 5 հասցեում: [Արկադի Տեր-Թադևոսյան]

 

12։06 - Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում: [ՊՆ խոսնակ]

 

11։41 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ղարաբաղում ծավալվելիք խաղաղապահական կենտրոնում գործելու են նաև թուրք զինվորականներ, չի համապատասխանում իրականանությանը։ [Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյան]

 

08։37 - Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել։ Արցախի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։ Անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։ [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]

 

08։19 - Ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը․ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը 

 

03։03 - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։

 

05։25 - Ռուսաստանը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1 960 խաղաղապահ եւ 470 միավոր տեխնիկա: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը կտեղակայվեն ԼՂ շփման գծի երկայնքով եւ Հայաստանն ու ԼՂ-ն միացնող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտ քաղաքի շրջանում։ |armenpress.am|

 

04։14 - Մոտ մեկ ժամ առաջ մեր դիրքեր «հրատապ» լուր եկավ, որ ես եւ իմ ջոկատը պետք է շտապ լքենք դիրքերը եւ վերադառնանք Երեւան։ Ես պատասխանեցի, որ մինչեւ ամուսնուս հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ շարժվի։ Տեղափոխվեցի վայր, որտեղ հնարավոր է կապ հաստատել, եւ ինչպես եւ վստահ էի, ՀՀ վարչապետը՝ իմ ամուսինը ասաց, որ որեւէ տեղ չգնամ։ Ինչպես նախորդ գրառման մեջ եմ նշել՝ մենք դիրք, հող, տուն, հայրենիք, ապագա չունենք զիջելու ոչ թշնամուն, ոչ էլ այս պահին ակտիվացած դավաճաններին։ [ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան]

 

03։39 - Ես հիմա Ազգային Ժողովում եմ։ Անկախ կուսակցական պատկանելությունից կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան։ Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ: Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը։ [Էդմոն Մարուքյան]

 

03։31 - Ա'զգ հայոց,
Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։ Շտապելով ՀՀ Կառավարություն' փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։ Զերծ մնալով հայտարարության տեքստի որակումներից' նշեմ, որ բազմիցս ՀՀ և ԱՀ ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակի ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ և առաջարկություններ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են' հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։ Նույն կարգավիճակի գործառութային պարտականությունների սահմանափակումներով էր պայմանավորված նաև իմ լռությունը, մասնավորապես պատերազմի առաջին օրվա իմ ճեպազրույցի արդյունքում ստեղծված իշխանական թպրտոցը։ Սիրելի' հայրենակիցներ,
Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա...[Սամվել Բաբայան]

 

02։45 - Ցուցարարները մուտք են գործել կառավարության շենք։

 

02։23 - Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ:

Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակկունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում: [Արայիկ Հարությունյան]

 

01։49 -Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ.
Անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ։ Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար: Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը: [Նիկոլ Փաշինյան]

 

01:21- Դրական ենք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանն  անմիջապես ընդունեց իր մեղքը: Նշում ենք նաև ադրբեջանական կողմից մեզ տրված հավաստիացումների մասին, որ կիրականացվի օպերատիվ հետաքննություն, և պատահարի մեղավորները կպատժվեն: [ՌԴ ԱԳՆ]

 

01:08- Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները: Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար: [ՊԲ]

 

00:36- Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։Դեպքի վայրում են գտնվում նաև ՌԴ Հարավային Օկրուգի դատախազության և քննչական կոմիտեի քննիչները և նրանց հետ համագործակցված  ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման և պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ։ [ՀՀ քննչական կոմիտե]

 

00:35-Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։ Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։ [ԱՀ ԱԻՊԾ]

09․10․2020

 

23:50- Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը: Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ: ԱԳՆ-ն համոզված է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք: [ՀՀ ԱԳՆ]

 

23:26- Սիրելիներս, արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում։ Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան, ես իմ բանակին երբեք չեմ լքի, նահանջի թե հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

23:24- Երկուսուկես տարի առաջ Հայաստանը վերածնունդ ապրեց թավշյա, խաղաղ  հեղափոխության միջոցով: Մեր ժողովուրդը ճշմարտությունը խոսեց իշխանության հետ և սկսեց դիվանագիտության, տնտեսության ու ազգային միասնության աճի մի նոր դարաշրջան, որը հայ ժողովրդին դարձրեց ավելի ուժեղ, քան երբևէ այս հազարամյակների ընթացքում: Պատերազմի այս դժվարին ժամանակներում չափազանց կարևոր է կանգնել մեր ղեկավարության կողքին, որպեսզի կոռումպացված բռնապետական   թշնամին իմանա, թե ինչպիսին է ուժեղ ժողովրդավարությունը՝ ուժեղ սփյուռքի հետ միասին: Մենք քեզ հետ ենք, Նիկոլ Փաշինյան։ [Սերժ Թանկյան]

 

23:07- Հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Սպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը [ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով] 

 

22:54- ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների: [ՊՆ խոսնակ]

 

22:43- Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության  սուվերեն տարածքում՝ երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելը ակնհայտ ագրեսիա է և հարձակում է թե Հայաստանի, և թե Ռուսաստանի վրա: Խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումը ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության՝ Ռուսաստանի վրա: [ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյան] Կարդալ ավելին 

 

22:26- Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։ Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

22:23- Այս իրավիճակում, երբ կա պատերազմի ընթացքը բեկելու իրական հնարավորություն, «17 կուսակցությունների նախաձեռնությունը» ոչ այլ ինչ է քան այդ առաքելությունը իրականացնող բանակի շարքերում ու թիկունքում քաղաքական տրոհում ու անորոշության զգացում մտցնելու ուղղակի օպերացիա։ [«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմին] 

 

22:18- րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ դա կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի ու գնի հետ, վստահեցնում եմ՝ ցանկացած պարագայում հնարավոր է՝ մի դիվերսիոն-հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որեւէ բնակավայր եւ մեկ-երկու րոպեով դրոշակ բարձրացնել՝ գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնում է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին։ [Սուրեն Սարումյանը՝ ի պատասխան Շուշիում դրոշ բարձրացնելու տեսանյութի իսկության մասին հարցին] 

 

22:12- Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաներն ամուր են ոգով եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել հայրենիքը։ [ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան]

 

22:12- Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու, վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները եւ կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը։ [ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան]

 

22:11- Մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։ Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով, այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում եւ զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու եւ խոցելու համար։ [ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան]

 

22:08- Ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ Կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարին կամ արդեն ավարտվել են։  [ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան]

 

22:07- Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, չորս ավտոտեխնիկա, ութ ԱԹՍ։ Հարավարեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ եւ հրետանային միջոցներ։  [ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան]

 

22:05- Հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաեւ ռազմաճակատի մյուս հատվածներում։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։  [ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան]

 

22:04- Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել եւ ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։ [ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան]

 

22:04- Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ բերդաքաղաք Շուշին, եւ վճռականորեն տրամադրված են՝ պատվով կատարել իրենց խնդիրը։ [ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան]

 

21:46- Ուղղաթիռը թռչում էր Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ մոտ,
թռիչքն իրականացվում էր օրվա մութ ժամին, փոքր բարձրության վրա, և ՀՕՊ ռադարների հայտնաբերման գոտուց դուրս էր,
նախկինում այս շրջանում ռուսական զինուժին պատկանող ուղղաթիռներ չեն նկատվել։
Այս գործոնների համատեքստում և հայկական կողմի հնարավոր պրովոկացիայի պատճառով որոշում է կայացվել կրակ բացել: Ադրբեջանը ներողություն է խնդրում ռուսական կողմից այս ողբերգական պատահարի համար: [Ադրբեջանի ԱԳՆ] 

 

21:21- Մենք շատ հստակ բնութագրեցինք մեր մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ ասելով, որ մենք չենք տեսնում այդ խնդրի ուժային, ռազմական լուծում։ Դուք հավանաբար բազմիցս լսել եք, որ Անկարայից այլ հայտարարություններ են հնչել այդ կապակցությամբ։ Ես կարող եմ միայն վերահաստատել ռուսական տեսակետը, որ մեր երկիրը չի պաշտպանում այդ ճգնաժամի լուծման ուժային ճանապարհը, և մենք հենց ձգտում ենք ու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում] 

 

21։15- Հայկական կողմը կօգնի ՌԴ-ին պարզել ռուսական Մի-24 ուղղաթիռի ընկնելու վերաբերյալ հանգամանքները: Այս մասին ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ասել է   РИА Новости գործակալությանը:

 

20։53- ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող: [Շուշան Ստեփանյան]

 

20։45- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ Մի -24 ուղղաթիռը խոցվել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրից Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ: |tass.ru|

 

19։42-Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է։ [ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

 

19։15- Շուշիի համար մարտերը շարունակվում են: [Նիկոլ Փաշինյան]

 

19։10- Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

18։30- Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանից և ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն Շուշան Ստեփանյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել այդ լուրը, իսկ Արծրուն Հովհաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Այս մասին տեղեկություն չեն հաղորդել նաև Արցախի ՊԲ-ն ու տեղեկատվական շտաբը։

 

17։01 - Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ:
[Շուշան Ստեփանյան]

 

15։11 - Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է գտնվում։ Այս մասին հայտնեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Պողոսյանը նշեց, որ Հարությունյանի առողջական վիճակում բացասական միտումներ չկան։ |armtimes.com|

 

14:25- Այսօր Հիմնադրամ այցելեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը՝ փոխանցելու ԱՄԷ-ում հայ համայնքի կողմից համազգային դրամահավաքին նվիրաբերած հերթական գումարը՝ 131,790 ԱՄՆ դոլար։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]


14:18-
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկրի դեմ ագրեսիայի դեպքում կարող է դիմել Թուրքիային ռազմական օգնության խնդրանքով: «Եթե Ադրբեջանը բախվի ագրեսիայի և Թուրքիայի ռազմական օգնության անհրաժեշտություն տեսնի, ապա մենք կդիտարկենք այդ տարբերակը», - BBC-ի հետ հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ եթե իրավիճակը հետագայում էլ զարգանա ընթացիկ ձևով, ապա Թուրքիային դիմելու առիթ չի լինի։ |azatutyun.am|


13:38-
BBC-ի լրագրող Օրլա Գերինի հետ հարցազրույցի ընթացքում  Իլհամ Ալիևը հերքել է Արցախի խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու մասին լուրերը: Հաղորդավարը մեջբերել է իրենց լրագրողների վկայությունները, որ Ստեփանակերտը և մյուս խաղաղ բնակավայրերն անընդհատ ռմբակոծվել են կասետային արգելված զինատեսակներից և գերճշգրիտ հրթիռային համակարգերից ու ԱԹՍ-ներից:  Ալիևը հայտարարել է, թե կասկածում է այդ ամենի իսկությանը, և մեղադրել է BBC-ին ու մյուս լրատվամիջոցներին կողմնակալության համար։ Լրագրողն անդրադարձել է Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի հրթիռակոծությանը: «Այնտեղ չկան ռազմական օբյեկտներ, դա կարող էր լինել կա՛մ մեր սխալը, կա՛մ հայկական կողմի նախաձեռնությունը»,- հայտարարել է Ալիևը: Կարդալ ավելին 

 

13:06- Չնայած վատ եղանակային պայմաններին՝ հայկական համայնքների ներկայացուցիչները Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակների մոտ՝ պահանջելով չլռել և կանխել Ադրբեջանի և Թուրքիայի՝ հայերին բնաջնջելու փորձերը։ [ՀԲԸՄ]

 

12:39- Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։06- Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը քիչ անց։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11:16- Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11:01- ՀՀ ՄԻՊ-ը  բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախի տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ ՄԻՊ- ը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը։ [ՀՀ ՄԻՊ աշխատակազմ]

 

10:56- 2021-ի բյուջեն ձևավորվել է մինչև պատերազմական վիճակը՝ նկատի չառնելով ստեղծված իրավիճակը, սակայն բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև ռազմական գործողությունների հետևանքով կարիքի մեջ հայտնված նոր շահառուներին: Այդ մասին խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր սոցիալական ծրագրերը գործելու են նաև հաջորդ տարի, ոչինչ չի կրճատվել, ֆինանսավորումը չի նվազել, ուստի կարող են աջակցել նաև նոր խմբերի: 

 

10:42- Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: [Շուշան Ստեփանյան]

 

10:26- ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները:

 

10:14- Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]

 

10:10- Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

10:08- «Շուրջ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ: Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով։  [«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը]

 

09:52- Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

09:02- Գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստը։ Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ մայրաքաղաքում չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

08․10․2020

 

23։20- Աշխարհում ոչ մի տեղ այսքան «Բայրաքթար» չի զգետնվել, որքան մեր մոտ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

23։00- ՀՀ քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության և փոխօգնության շնորհիվ արցախցի մեր հայրենակիցներն, արդեն մեկ ամիս է, կացարան ունեն Հայաստանում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ծրագրի նախագիծ արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կացարանի տրամադրման ծախսերի մասնակի փոխհատուցման համար: Նախագիծը քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմում և շուտով կդրվի հանրային քննարկման։ [Զարուհի Բաթոյան]

 

22։30- Ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակը իմանալով, ուժերն ու միջոցները, որոնք ներդրված են եղել Շուշին գրավելու համար Ալիևի կողմից, և մեր իրավիճակը հասկանալով՝ հուսով եմ, որ կավարտվի Շուշիի համար ճակատամարտը, որը տևում է արդեն երեք-չորս օր: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22։22- Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է: [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։48- Այսօր մարտեր են գնացել Բերձորի, Մարտունիի, Մատաղիսի հատվածում: Մատաղիսյան ուղղությամբ այսօր էլի որոշակի հարձակումներ եղել են ոչ մեծ ներուժով: Հաջողության չեն հասել (հակառակորդը- խմբ.): Մարտունիում առավոտյան մի դիրք էին վերցրել մեզնից, բայց ահագին ուժեր մարտի մտցնելով` զրահատեխնիկայի կորուստ ունեցան ու նորից հետ շպրտվեցին: [Արծրուն Հովհաննիսյանը՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում]

 

21։22- Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը: Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: [Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին]

 

20։36- ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։
ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։ [Շուշան Ստեփանյան]

 

20։35- Մեր զորքը համառ պայքար է մղել ամբողջ օրը, շատ գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով: Սպասենք որոշ ժամանակ: Կարելի է ասել, ոը Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը երեք-չորս օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, վերջանական պարզ կլինի: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

19։04- Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

18։45- Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից։ [Արծրուն Հովհաննիսյան] 

 

18։20- Մի փոքր ավելի ինտենսիվ բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաեւ Մարտունիի ուղղությամբ, որտեղ 1-2 հարձակողական գործողություն ու գրոհ ենք մղել այսօր։ Այդ հատվածում կա ստաբիլություն։ [Արծրուն Հովհաննիսյան] 

 

17:57- Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից: Նեղ մասնագիտացմամբ` նրանք բժշկում են վիրավորում ստացած զինվորներին: Գործընթացը համակարգում է մեր գրասենյակը ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: [Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ]

 

17:24- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: 

 

16:13- Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ ցույց են անցկացրել ի աջակցություն Արցախի: Հայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույցին մասնակցել են նաև օտարերկրացիներ: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի միջազգային հանրությունը կանգնեցնի Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող Ադրբեջանին։ 

 

16:06- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ազատել պաշտոնից։ Նախագահի աշխատակազմից ասացին, որ նոր պաշտոնակատարի վերաբերյալ դեռ տեղեկություն չունեն։ 

 

15:43- Արցախում ավերվել են մշակույթի տներ: Ամենամեծ մասշտաբի ավերածություն եղել է Շուշիի մշակույթի տանը: Ես արդեն շատ ու շատ զանգեր եմ ստացել սփյուռքի մեր գործընկերներից, բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել օր առաջ վերականգնել մշակութային օջախները, նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը: Եվ սա հուսադրող է: Մենք կանենք, մեկ րոպե անգամ չեմ կասկածում։ [Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար] 

 

15:32-  Հայաստանում ապաստան գտած արցախցի դպրոցականների, նրանց կրթական կարիքների հաշվառումը, աշակերտների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի: Հաշվառման համար ծնողները կամ դիմում են համայնքապետարանին, որտեղ հիմա գրանցված են կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը՝ կլինի դպրոց, թե պետական մանկապարտեզ:  [Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար] 


15:11- 
Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում այս պահին Արցախում կա 70 և ավելի ավերված դպրոց, 10 և ավելի մանկապարտեզ, 10 և ավելի մշակութային օջախներ: Այս պատերազմի հետևանքով 24 հազար դպրոցական մնացել է անուսում: Խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունք, որոնցից 24 հազարը դպրոցականներ են, մոտ 4000-ը՝ նախադպրոցահասակ երեխաներ և մնացածը՝ ուսանողներ՝ ուսումնարանների, քոլեջների, ԲՈՒՀ-երի: [Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար] Կարդալ ավելին 

 

14:57- Մարտերը շարունակվում են... [Արծրուն Հովհաննիսյան]

 

14:07- Շվեդիայի հայերի ջանքերով հավաքված հումանիտար մեծ օգնությունը դասավորված ու պատրաստ է՝ Հայաստան ուղարկելու համար: Բոլոր քաղաքներից առաքված ընդհանուր 22 տոննա ապրանքը` ձմեռային հագուստ և անհրաժեշտ պարագաները, դասավորվել, փաթեթավորվել է Սոդերթելիե քաղաքում: Հագուստներ են փոխանցել նաև շվեդներ, ասորիներ, սուրիանիներ։

 

13:46- Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին առ այն, որ  պատրաստ ենք համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները Սիրիայի Արաբական Հանրապետության կալանավորված քաղաքացիներ հետ և տրամադրել անհրաժեշտ այլ տեղեկատվություն: [ՀՀ գլխավոր դատախազություն]

 

13:26- Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13:09- Այդ զենքերը, սպաները, որոնք վարժանքներ են անցել ՆԱՏՕ-ում, պատերազմի մարտավարությունը ՆԱՏՕ-ից է, և այդ ամենը կիրառվում է ԼՂ դեմ: Որտեղ է Լեռնային Ղարաբաղը և որտեղ՝ ՆԱՏՕ-ն: Կարող եմ ասել, որ բավարարված եմ մեր բանակցություններով, որովհետև հարցերը դրված էին շատ կոնկրետ, և ես ստացել եմ պատասխաններ, որոնք քիչ թե շատ գիտեի: Սակայն այդ խոսակցությունը պետք է կայանար: Սակայն ՆԱՏՕ-ի վրա ճնշումները պետք է շարունակվեն:Ճնշումները ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի ՆԱՏՕ-ն ճնշում գործադրի Թուրքիայի վրա: Թուրքիայի նման վարքագիծը փաստացի վարկաբեկում է ՆԱՏՕ-ն: [Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ուկրաինա 24»-ին]

 

12:57- Ցավոք, պատերազմն ընթանում է: Այն սանձազերծել է Ադրբեջանը: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ այս պատերազմը բացարձակապես չհիմնավորված է, որովհետև ամեն դեպքում ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով: Ղարաբաղյան առաջին պատերազմը տևել է մի քանի տարի, և կային օրեր, երբ բոլորն ասում էին, թե վերջը մոտ է: Եվ կային օրեր, երբ ասում էին՝ մյուս կողմի համար է վերջը մոտ: Իրականում այն շատ երկար տևեց՝ մի քանի տարի: Ամեն դեպքում այն 1994 թվականին ավարտվեց զինադադարով, որը ստորագրվել է կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և, ցանկանում եմ հատուկ ընդգծել, Ղարաբաղի միջև։ Եթե չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24»-ին

 

12:41- Գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել ԵԴ: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 13.11.2020թ [Արտակ Զեյնալյան] Կարդալ ավելին 

 

12:22- Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 22։00-ին՝ տեղական ժամանակով (19։00-ին` եվրոպական ժամանակով) տեղի կունենա համաեվրոպական առցանց դրամահավաք, որը կհեռարձակվի Հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի (Armeniefonds Nederland) և Հանրային հեռուստաընկերության (Առաջին ալիք) ֆեյսբուքյան էջերով։ [Հայաստան համահայկական հիմնադրամ]

 

11:44- ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: [Շուշան Ստեփանյան]

 

11:31- Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին: [Արծրուն Հովհաննիսյան]

 

10:07- Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ: Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ: [Շուշան Ստեփանյան]

 

09:53- Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։
Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։  [ԱՀ ԱԻՊԾ]

 

09:37- Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

08:59- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է: [Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան]

 

02։10 - Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ 
Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։  Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։  Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

01:51-  Ադրբեջանը հրթիռներով ծանր հարվածներ է հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին, ինչի հետևանքով լրջորեն ավերվել են բնակելի շենքեր և երաժշտական դպրոցը: Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների թիրախ են դարձել: Տուժածների մասին դեռ տվյալներ չկան։ [Արտակ Բեգլարյան] 

 

00։10 - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը։ Հանգամանալից քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: ՌԴ նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը։ [ՌԴ նախագահի պաշտոնական կայք] |armenpress.am|

 

07.11.2020

21։11 - Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են։ [Արծրուն Հովհհանիսյան]

 

20։15 - Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

18:36 - Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի շահ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք կոչված են ապահովել քաղաքական-դիվանագիտական լուծման ելքը: [Կրեմլի մամուլի ծառայություն] |civilnet.am|

 

18։26 - Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ 
Վերջ տվեք անհարկի քննարկումներին։
[ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

 

17։51- Ստեփանակերտը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

14։47- Դամասկոսի հայությունը, չնայած Սիրիայում տիրող ծանր իրավիճակին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին նվիրաբերել է 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

 

12։50- Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ [Իտալիայում Հայաստանի դեսպանություն]

 

10։29- Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ: Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:  [ՊԲ]

 

10։09- Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

09։50- ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ: [ՊՆ խոսնակ]

 

09։36- ԱՄՆ սենատոր Թոդ Յանգը Twitter-ում հայտնել է, որ հանդիպել է Ինդիանա նահանգից Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) անդամների հետ. հանդիպման ընթացքում ընդգծվել է ԼՂ-ում Ադրբեջանի և Թուրքիայի բռնի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը։ «Մարտական գործողություններն արդեն շատ երկար են շարունակվում, և ես շնորհակալ եմ մեր հայ համայնքին բռնության դադարեցմանն ուղղված նրանց ջանքերի համար»,- հավելել է սենատորը։ |tert.am|

 

00:19- ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուին։ Ինյարիտուն նշել է, որ Արցախ այցելության նպատակն է ևս մեկ անգամ իր աջակցությունը հայտնել Արցախին ու նրա ժողովրդին և վստահեցրել է, որ կշարունակի հետևողական գործունեությունը՝ Իսպանիայի օրենսդիր մարմնում և Եվրոպական խորհրդարանում իրազեկելու Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

 

06.11.2020

 

23:23- այաստանի և Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ: Համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար: Կարդալ ավելին 

 

23:20- Կորսիկայի Ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև։ [Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն]

 

22:43- Պատերազմը շարունակվում է, պատերազմը մեր գոյության, լինելիության պայքարն է, առանձին վերցրած` Քարինտակի մարտը չէ, Շուշիի ճակատամարտը չէ, սա հայ ժողովրդի լինելիության պատերազմն է: Վստահե՛ք մեր բանակին: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:41- Վերջին երկու-երեք օրը դեպի Շուշի անդադար իրենց ձգտումներն այնքան էլ զուտ դիվերսիոն խմբերի գործողություններ չէին: Տեսաք այսօրվա տեսանյութից, որ հիմնականում մարտավարական, վաշտային խմբեր են, դրանցում կան նաև դիվերսիոն խմբեր: Էլիտար ստորաբաժանումներ են, որոնց տրված է համապատասխան ուժեղացում` որպես կանոն թեթև ու արագաշարժ զրահատեխնիկա, լավ սպառազինված են և այնպիսի պատրաստություն են անցել, որ կարող են ցերեկ թե գիշեր նույն ուժգնությամբ մարտ վարել, իրենց աջակցում է հիմնականում  հրետանին, բայց այսօր վստահաբար կարող եմ ասել, որ եթե նույնիսկ առանձին խմբերի պայքարը Շուշիի ուղղությամբ դեռ շարունակվում է կամ կարող է լինել, ապա այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց իրենց հրետանուն: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:34- Ե՛վ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, թշնակամական ուժերը փորձել են բոլոր հնարավոր ճանապարհներով (նախընտրելին իրենց համար եղել են հիմնականում մայրուղիները, ասֆալտապատ ճանապարհները)  ձգտել դեպի Շուշի, բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են: Մենք այսօր ցուցադրել ենք կադրեր, հավատացե՛ք՝ այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր կան իրենց հասարակության համար: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:27- Տեղում կռվող զինվորականներից շատերը, որոնց հետ ես այս ընթացքում խոսել եմ, մինչև բրիֆինգն ամփոփել եմ օրը, շատ հստակ բառապաշարով ասում էին, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել: Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է, մարտերը շարունակվում են, չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է: Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:22- Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ-ի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական  աջակցությամբ, ղեկավարմամբ: Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարություն հասկացություն չկա. կա Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:17- Շուշի եկող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները: Ավելի հարավ, ավելի արևելք անտառային զանգվածի, առանձին ճանապարհներով դեպի նորից Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները: Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, և ինչքան էլ որ դրա մասին բաղձա Ալիևը, լցվեք վստահությամբ, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, ու Շուշին չի ընկնելու: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:10- Այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներոււմ հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:10- Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել: Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Առաջիկայում համապատասխան տսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:08- Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է: [Արծրուն Հովհաննիսյան] 

 

22:05- Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:04- Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում: [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:44- Գրող Նարինե Աբգարյանը երևանյան սրճարաններից մեկում արցախցի կանանց թխած ժենգյալով հացն էր վաճառում: Վաճաքի գումարն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախից տեղահանվածներին ընդունած մի քանի հյուրանոցների կոմունալ ծախսերը հոգալու և ժենգյալ թխող արցախցի կանանց աշխատավարձը վճարելու համար: Նրանց ամուսինները, որդիները և եղբայրները կռվում են ռազմաճակատում: Գրողը նաև ստորագրում և վաճառում էր իր հեղինակած գիրքը, որի վաճաքից ստացված հասույթի 30 %-ն ուղղվելու է Արցախին: 

 

21:39- Ֆրանսիան բծախնդրորեն հետևում է 1992 թվականից գործող զենքի և զինամթերքի մատակարարումների ԵԱՀԿ էմբարգոյին և չի մատակարարում որևէ զենք կամ սպառազինություն, որը կարող է կիրառվել ԼՂ-ում ռազմական գործողությունների ընդացքում։ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի պահանջկոտ է իրավիճակի գնահատման հարցում։ [Ֆրանսիայի արտգործնախարարություն] Կարդալ ավելին

 

19:30- Այսօր առաջին հատուցում ենք արել այս պատերազմի ընթացքում 10 զոհված զինծառայողների ընտանիքներին: Զոհվածների թվում և՛ սպաներ են, և՛ պայմանագրային զինծառայողներ, և՛ պարտադիր ժամկետային: Այսօր հաշիվներ կբացվեն շահառուների՝ զոհվածների ընտանիքի անդամների համար: Թե որքան դեպքեր ու շահառուներ կան և կունենանք, չենք կարող ասել: Յուրաքանչյուր զոհված զինծառայող կարող է ունենալ 2,3,4 և ավելի շահառուներ: Եթե  հաշմանդամության կարգ ստացած զինծառայող է, ապա ինքն է շահառու: [Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն] Կարդալ ավելին 

 

18:52- Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ որպես վարձկաններ ներգրավված են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: [ՔԿ] Կարդալ ավելին 

 

18:32- Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի շուրջ: Վինչենցո դել Մոնակոն ցավակցություն է հայտնել պատերազմական գործողությունների հետևանքով զինծառայողների ու խաղաղ բնակչության շրջանում զոհվածների կապակցությամբ և նշելով, որ ցավով է հեռանում Հայաստանից այս բարդ ժամանակահատվածում՝ վերահաստատել զորակցությունն ու բարեկամությունը:

 

18:28- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ատգամավորներն առաջարկում են մինչև 150 հազար դրամ հարկման բազայի դեպքում 1000 դրամ դրոշմանիշային վճարը թողնել անփոփոխ, 150 հազարից 300 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 2000 դրամ, 300 հազարից 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 3000 դրամ, 500 հազարից մեկ միլիոն դրամ հարկման բազայի դեպքում` 6000 դրամ, մեկ միլիոն դրամից ավելի հարկման բազայի դեպքում` 12 հազար դրամ: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները ևս 12 հազար դրամ են պարտավորվում վճարել յուրաքանչյուր ամիս: |hetq.am| Կարդալ ավելին 

 

18:21- Անհրաժեշտ է, որ կացարանի կարիք ունեցող արցախցիները կամ իրենց ծանոթ ՀՀ բնակիչները, համայնքապետարանները կամ աջակցող որևէ անձ դիմի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծին: Սննդով և հիգիենայի պարագաներով ապահովելու հարցով զբաղվում են ՏԻՄ-երը՝ պետական միջոցների հաշվին: Կարող եք դիմել նաև սոցիալական աջակցության հարցերով մեզ հետ համագործակցող հետևյալ կազմակերպություններին՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Տաշիր» ԲՀ, «Երիտասարդական միքս» ՀԿ։ [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար]
Կարդալ ավելին 

 

18:16- Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

17։58- Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

16։40- Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

15։44- Բաքուն հայտարարել է, թե ԱՊՀ-ում համագործակցության համապարփակ զարգացումն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդի նիստում: Ասադովն ասել է, թե իբր Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, բայց համապարփակ համագործակցությունն անհնար է առանց ԼՂ հակամարտության կարգավորման: |armenpress.am|

 

15:30- Բաքուն հայտարարել է, թե ԱՊՀ-ում համագործակցության համապարփակ զարգացումն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդի նիստում: Ասադովն ասել է, թե իբր Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, բայց համապարփակ համագործակցությունն անհնար է առանց ԼՂ հակամարտության կարգավորման: |armenpress.am|

 

14։58- Այս պահի դրությամբ շարունակվում է ԼՂ- նկատմամբ ագրեսիան, ընդ որում ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ և Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները, այնպիսիք, ինչպիսիք են տանջանքները, գնդակահարություններն ու ռազմագերիների գլխատումները, զոհվածների մարմինների նկատմամբ ոտնձգությունները: Ադրբեջանի ղեկավարության խղճին մի շարք ռազմական հանցագործություններ են։ [ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում] |armenpress.am|

 

14։01- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Դրան զուգահեռ կազմակերպությունը փորձում է պարզել՝ արդյոք տվյալ անձը գերի է Ադրբեջանում։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին չմանրամասնեց, թե իրենց տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքով քանի հայ գերի կա Ադրբեջանում։ Նրանք վերջին անգամ հայ ռազմագերիներին այցելել են հոկտեմբերի 18-19-ին։ |hetq.am|

 

13։35- Կատալոնական Բերգայի քաղաքի Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով, ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը։ |1lurer.am|

 

13։22- ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։25- Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։15- Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Թշնամու թիրախում քաղաքն է՝ բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային  ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

11։25- Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմինը միաձայն՝ 28 կողմ քվեներով, ճանաչեց Արցախի անկախությունը: Սա Արցախի անկախության առնչությամբ Ուրուգվայում առաջին պաշտոնական որոշումն է ուղիղ ժողովրդավարական քվեով ձևավորված մարմնի կողմից: |azatutyun.am|

 

10։50- Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում: Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում: Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ: [ՊԲ]

10։36- Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան բանկը հայտնում է, որ շտապ անհրաժեշտ են 1-ին կարգի բացասական արյուն, 3-րդ կարգի դրական և բացասական արյուն, 4-րդ կարգի դրական և բացասական արյուն: Խնդրում են մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00: 

 

10։15- Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Զրուցակիցները խոսել են նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին: |1lurer.am|

 

09։02- Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

 

05.11.2020

 

23:46- ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի փոխանցմամբ` միջոցներ են ձեռնարկվում, որ կալանավորված Սիրիայի քաղաքացի վարձկանները կապ հաստատեն հարազատների հետ, տեղեկացնեն իրենց գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ,սակայն այս պահին դա չի հաջողվել` տեխնիկական պատճառներով․ հարազատների մոտ չկա հեռախոս։ Վարձկաններն առաջադրված մեղադրանքում իրենց մասնակի են մեղավոր ճանաչել։ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց՝ վերջիններս նշել են, որ ոչ ոքի չեն սպանել, մինչդեռ նրանց կոնկրետ անձի սպանության համար չի մեղադրանք առաջադրվել:

 

23:40- ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ընդունել է Արցախ այցելած՝ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինիարիտուին և մի խումբ արտասահմանյան լրագրողների: Պաշտպանն ընդգծել է, որ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացումը և միջազգային հանրության խրախուսող անգործությունն այդ ուղղությամբ Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտ են ձևավորել:  Ջոն Ինիարիտուն նշել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի պայքարին և պատրաստակամություն է հայտնել Իսպանիայում և ԵՄ տարբեր քաղաքական հարթակներում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների անվերապահ պաշտպանության անհրաժեշտության մասին: [ԱՀ ՄԻՊ աշխատակզմ]

 

23:05- Oրենքի նախագիծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ֆիզիկական անձանց համար ամսական 1000-ից դարձնել 3000, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000-ից 36000 դրամ։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: Կարդալ ավելին

 

22:37- Տեղի և միջազգային 80 լրագրող Ստեփանակերտում հայտնվել են թակարդում: Լրագրողները առանց իրենց կյանքը վտանգելու չեն կարող Հայաստան հասնել ՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից արձակված կրակի պատճառով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԽ-ին և Ադրբեջանին՝ անել ամեն հնարավորը քաղաքացիների տարհանումը թույլ տալու նպատակով։  [«Լրագրողներ առանց սահմանների»] 

 

22:28- ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում գտնվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների  կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց ՀՀ-ի և ԱՀ-ի արտաքին անվտանգության, ԶՈՒ-ի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկությունը փոխանցելու վերաբերյալ, որն ընդունելով՝ իրականացրել է տրված առաջադրանքները և ստացել տարբեր չափերի գումարներ։ [ԱԱԾ] Կարդալ ավելին 

 

22:16- Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ֆրանսիացի զինվորականները պաշտպանում են հայկական եկեղեցիները և ուսումնական հաստատությունները: «Տխուր նկարներ: Բայց այն պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որն ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Հայկական ծագմամբ ֆրանսիացիների դեմ սպառնալիքը սպառնալիք է ամբողջ Ֆրանսիայի համար», – գրել է Լաքոթը:

 

21:48- ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը և Ալբերտ Վայլերը բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին և կոչ արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ: Նրանք նշել են. «Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները, որ հանգեցրել են ԼՂ-ում հումանիտար աղետի: Ալիևը գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից սանձազերծված պատերազմի նպատակը ԼՂ հայերին տեղահանելն է: Սա էթնիկ զտում է, ինչը՝ որպես ռազմական հանցագործություն, պետք է դատապարտել»: Կարդալ ավելին 

 

21:36- Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք կիրառել Թուրքիայի դեմ։ «Թուրքիան հանցագործություն է անում Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսի շրջակայքում»,-ասել է նա և անդրադարձել նաև այն վտանգին, որը ներկայացնում է սիրիացի ջիհադիստների տեղափոխումը Լիբիա և Կովկաս Անկարայի կողմից: 

 

21:26- Լիսագորի ուղղությամբ՝ դեպի Շուշի, խմբեր կան (դիվերսիոն- խմբ.): Երեկ մեր ԱԹՍ-ից նկարած հայտնի տեսանյութը հենց էդ ուղղությամբ էր: Այսօր՝ ամբողջ օրը, ականանետերով, հրետանիով, մաքրող խմբերով գտել ենք, խփել ենք, նորից փախել են: [Արծրուն Հովհաննիսյանը` Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում]

 

21։21 - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Կողմերն ընդգծել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ ներառված պայմանավորվածությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը: |armenpress.am|

 

19։59 - Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են: Մասնավորապես Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Ներկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները: [ՊԲ]

 

19։32 - Գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Հայաստան վերադարձած 85-ամյա Եվգենյա Բաբայանն այստեղ փոխել է իր ցուցմունքները՝ իր նկատմամբ Հայաստանում կիրառված բռնության հետևանքով, Ռաֆայել Վարդանյանը հայտնեց, որ ինքն անձամբ է հարցաքննել գերությունից վերադարձած տատիկին ու վստահեցնում է՝ ամեն ինչ շատ անկեղծ է ասվել: |forrights.am|

 

19։02 - ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտելով ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա:  [ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբ] |armenpress.am|

 

18։38 - Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

18:32 - Մենք սկսում ենք առաջին հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին։ Հատուցումները կատարվելու են անկանխիկ եղանակով` հիմնադրամի կողմից շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվեհամարներին: [1000+ հիմնադրամ]

 

18։00-Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել։ Քնչական խումբը զոհված զինծառայողների դիակների հանձնման գործընթացին մասնակցել է, եւ տեղում իրականացվել են քննչական-դատավարական գործողություններ։ Եղել են ածխացած դիակներ, ինչպես նաեւ դիակներ, որոնց մարմնի մասերը պայթյունի հետեւանքով բացակայում էին։ Բայց այս պահին բոլորի մասով եզրակացություն չենք ստացել։ Նախնական տվյալներով՝ այս պահին խոշտանգված կամ դիտավորյալ անդամահատված դիակների վերաբերյալ տվյալներ չունենք։ [ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան] |news.am|

 

16։38- 2020թ․ նոյեմբերի 4-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը կանխամտածված գրոհների թիրախ է դարձրել ՀՀ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը։ Մասնավորապես՝ ոտնձգելով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ Ադրբեջանի ԶՈՒ-երը ԱԹՍ-ներ են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիկ և Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել և ոչնչացվել են ՀՀ ԶՈՒ-ի կողմից: Հարուցվել է քրեական գործ։ [ՀՀ Գլխավոր դատախազություն]

 

16:28- Հայաստանը պատերազմական իրավիճակում կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքները եվրասիական տնտեսական, ռազմաքաղաքական կառույցների, նաև հաևան Վրաստանի և Իրանի հետ: Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, նրանք դրա մասին բացահայտ խոսում են և ստիպված որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարում: Նրանք այդ ահաբեկիչների դեմ կռվում էին Մերձավոր Արևելքում, հիմա հայտնվել են իրենց հարևանությամբ: Այդ վտանգը հստակ զգում է նաև ՌԴ-ն, քանի որ այդ վտանգը փաստացի մոտենում է Հյուսիսային Կովկասին և ընդհանուր առմամբ ամբողջ ԱՊՀ տարածքին, այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան: Այնպես որ, ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ։ [ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան] |armenpress.am|

 

 

16:00- Շնորհակալություն ենք հայտնում Դրենա համայնքին և Բլեջջո Սուպերիորե համայնքին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու համար։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]

 

15:37- Միջազգային հանրությունը բաց է թողել Թուրքիայի շատ ագրեսիվ նկրտումները, որոնք կան վերջին տասնամյակում: Միջազգային հանրությունը ձախողել է՝ թույլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կա այսօր: Նրանց չկանգնեցրին Սիրիայում, Իրաքում, այժմ արդեն՝ Լիբանանի հյուսիսում: Նրանց չկանգնեցրին Միջերկրական ծովի արևելքում, չկանգնեցրին, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով դրա կեսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ եկել ու խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Շվեդիայի հանրային ռադիոյին

 

15:20- Սոլովյովի պնդումը, թե «Փաշինյանը ներողություն է խնդրել Իսրայելից՝ Վիեաննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձկումից հետո՝ The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար», իրականության հետ աղերս չունի։ Հարցազրույցի նույն օրը հայտնի դարձավ, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին հարող տարածքում տեղի է ունեցել ահաբեկչություն։ Այս դեպքից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան եւ թվիթերյան իր էջերում գրեց՝ ցավում է, որ հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով։ Կարդալ ավելին

 

15:31- Ինչու նրանք, ովքեր համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, չեն խոսում միջնորդի, Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Մենք ունենք ապացույցներ, մենք Ռուսաստանի պաշտոնյաներին տեղեկություններ ենք տրամադրել այն մասին, թե այս 40 օրվա ընթացքում Հայաստանն ինչ գումարով է ապահովված եղել զենքով։ Ինչու ոչ ոք չի խոսում այդ մասին։ Եկեք խոսենք այդ մասին, եկեք արդար լինենք։ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև] Կարդալ ավելին 

 

15:16- Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի: Անհրաժեշտ է պահպանել մարդկանց կյանքերը, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ, և միմյանց դեմ զենք են օգտագործում՝ այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր դիտարկմամբ, հնարավոր է հասնել խաղաղ բանակցային գործընթացի շնորհիվ։ Ռուսաստանն ամեն դեպքում կապի մեջ է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] 

 

15:06- Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս տարի չմասնակցել Եվրոպայի հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին: 

 

15։03- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ՝ սեպտեմբերի 27֊ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար: Պարգևներ են շնորհվել Գագիկ Պետրոսյանին, Գարիկ Դոլուխանյանին, Արսեն Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Գևորգ Կիրակոսյանին, Բենիկ Համբարձումյանին, Հրայր Դանիելյանին, Արեն Ասրյանին, Շիրակ Համբարձումյանին, Իգոր Պողոսյանին:

 

14։32 - Կառավարության որոշման համաձայն՝ մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք: [ՀՀ ԱՆ]

 

13։08 - Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

12։33- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: |armenpress.am|

 

12։30- Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո: [ՊՆ խոսնակ]

 

12։04- Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

10։14 - Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը դատապարտում Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի հայերին տալ անջատվելու իրավունք Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով: [Կանադայի Հայ դատի հանձնախումբ] |armtimes.com|

 

09։00 - Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է  Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ [ԱՀ ԱՒՊԾ]

 

00։22 - Արցախի պաշտպանության նախկին նախարար, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Իմ անձնական ճշտված տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը: Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի։ [Արծրուն Հովհաննիսյան] |1lurer.am|

 

04․11․2020

 

23:56 - Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն. խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում: [ՊՆ խոսնակ]

 

23։27 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել  է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը:  [Կրեմլի մամուլի ծառայություն] |armenpress.am|

 

23։25 - ՄԻԵԴ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության ընթացքում գերևարված անձանց նկատմամբ վերաբերմունքում հետևել միջազգային նորմերին: Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ժամանակ գերևարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյության մասին և կոչ է անում կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերի: Դատարանը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը, ներառյալ Թուրքիան, պետք է հրաժարվեն գործողություններից։ Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները և հիմք չի տեսնում նոր միջանկյալ միջոցների համար։

 

21։52 - Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն: [ՊՆ խոսնակ]

 

20։51 - Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ: [ՊՆ խոսնակ]

 

20։25 - Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ:
[Շուշան Ստեփանյան]

 

18։39 - Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։ Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։[ԱՀ ԱԻՊԾ]

 

17։32 - Իտալիայի Կամպոբասսոյի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]

 

16։41 - Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ընդունվեց բանաձև՝ ԼՂ հակամարտության հետ կապված, որտեղ վերահաստատվում են ՄԽ համանախագահների դիրքորոշումները առ այն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, վերահաստատում են երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը և ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող հայերի և Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում: [Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Համազասպ Դանիելյան]

 

16։21 - Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են: [ՊԲ]

 

16։05 - Հունաստանի քաղաքներից Լարիսայի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն, ընդգծում, որ ԼՂ լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային փխրուն կայունության համար, կոչ անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից:

 

14:25- Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ․ Լաքոտը խստորեն դատապարտեց ազգությամբ հայերի դեմ վանդալիզմի և հարձակման դեպքերը և տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրելու կոչեր անելու համար։ [ՀՀ ՄԻՊ]

 

14:15- Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվամիջոցի լրագրողին տեղեկացրել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են 82 տարեկան Միշա Ստեփանյանին, գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի: Որոշ տեղեկություններ ունենք, բայց բոլոր հանգամանքերը դեռևս չենք պարզել, և չկան այս դեպքերը վիճակագրության մեջ։ [ԱՀ ՄԻՊ] 

 

14:05- Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը: Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը: [ՊԲ]

 

14:03- Այժմ սա պատերազմ է ոչ միայն մեր ժառանգության, մշակույթի, գոյատևման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ ԼՂ հայերն ինչ-որ առումով կռվում են նաև Եվրոպայի անվտանգության համար: Եթե մենք այսօր չդադարեցնենք Թուրքիայի հավակնությունները Ադրբեջանում, և Թուրքիան կառավարի Ադրբեջանը, մենք կունենանք մի իրավիճակ, երբ Եվրոպան ևս կտուժի: [Արմեն Սարգսյանը՝  սփյուռքահայ և օտարերկրացի գործիչների ու լրագրողների հետ հանդիպմավ ընթացքում] Կարդալ ավելին 

 

13:48- Ադրբեջանական տարածքները, որոնք «օկուպացրել է» Հայաստանը, պետք է ազատվեն և վերադարձվեն Ադրբեջանին: Իհարկե, այդ հողերում բնակվող հայերի անվտանգությունը պետք է ապահովվի: Ահաբեկիչները չպետք է մոտենան Իրանի սահմաններին, որովհետև եթե նրանք անեն դա, խիստ պատասխան կստանան: [Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ ԼՂ հակամարտության մասին]

 

12:53- Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ։ [Շուշան Ստեփանյան]

 

12:44- Պետությունները, որոնք ներգրավված կլինեն ահաբեկչության ֆինանսավորմանը, պարտականություններ ունեն ֆինանսական թափանցիկության, նման երևույթների բացահայտման, հետաքննության, հաշիվների սառեցման շրջանակում: Եթե ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու պարտականություն ունեցող պետությունն ինքն է ֆինսանսավորել ահաբեկչությանը կամ զինել վարձկաններին և տեղափոխել հակամարտության գոտի, դա բավականին լուրջ հետևանքներ կարող է առաջացնել բազմաթիվ կոնվենցիաների շրջանակում: Կարող են լինել սանկցիոն միջամտություններ, իրավունքի խախտման ճանաչում հեղինակավոր դատական ատյանների կողմից։ [Արդարադատության նախարար] |tert.am| Կարդալ ավելին 

 

10:34- ԱՄՆ-ում հայերը բողոքի ցույց են անցկացրել «BGR Group» լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ, բողոքելով Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու համար: Հավաքվածները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված են եղել՝ «BGR-ը ֆինանսավորում է պատերազմական հանցագործությունները», «Կանգնեցրեք Ալիևի ռեժիմին», ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները: «BGR Group»- ը Վաշինգտոնում ներկայացնում է Ադրբեջանը ՝ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ Ալիևի ռազմական հանցագործությունները կոծկելու նպատակով տարածելով կեղծիքներ:

 

09:50- Կեսգիշերից հետո թշնամական կողմը, ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

09:24- Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները: [ՊԲ]

 

08։42- Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ: [Շուշան Ստեփանյան]

 

00:56- «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։

 

00:49- Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով։ Միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ [ՀՀ Քննչական կոմիտե]

 

00:15- Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին: Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք: [ԱԳՆ խոսնակ] Կարդալ ավելին 

 

00:01- Լոմբարդիան Իտալիայի առաջին ռեգիոնն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]

 

03.11.2020

 

23:52- Սահմանադրական դատարան ՄԻՊ-ի ներկայացրած դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանավություն սահմանող դրույթները չեղարկելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը: Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, առանձին լրագրողների ու քաղաքացիների համար պետք է հստակ ամրագրված լինի, թե կոնկրետ որ դեպքում իրենց քննադատությունը կհակասի ռազմական դրության ընթացքում գործող սահմանափակումներին։[ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան] Կարդալ ավելին 

 

22:30- Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել:  Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: 
Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:  Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: [ԱՀ ԱԻՊԾ]

 

22:16- Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։ Այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է ։ [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

 

22:15- Այո, կան հակասություններ (Իլհամ Ալիևի հայտարարությունների մեջ - խմբ․), և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»։ [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

 

22:10- Կեսօրին մոտ Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով  դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։  [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

 

22:05- Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամուշ ուժերի ոչնչացումը։ [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

 

22:03- Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈՒ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

 

21:51- Այսօր ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում: Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ: Այս տեղեկությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

21:33- Ադրբեջանաթուրքական ուժերը《Սմերչ》 կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ 
Թշնամին  կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու  ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող  բնակելի տներին։ 《Սմերչ》-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

21:26- Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է։ [ՊԲ]

 

21:21- Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից շարունակաբար Հայաստան է հասնում հումանիտար մեծաթիվ օգնություն: Մինչ օրս համայնքի ջանքերով և մեր գրասենյակի համակարգմամբ հայրենիք է ուղարկվել 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար աջակցություն: Օգնության այս խմբաքանակը Երևան է հասել ցամաքային ճանապարհով: [Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ]

 

21:16- ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

 

21:09- Բանակցային ձևաչափի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ կան, այդ թվում՝ դրա ընդլայնման, փոփոխության և այլն: Այդ կապակցությամբ Մոսկվայում ադրբեջանցի և հայ գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը: Այնուամենայնիվ, մենք հանդես ենք հօգուտ բոլոր գործընկերների, այդ թվում՝ կողմերի հարևանների հետ աշխատելու, որոնք հնարավորություն ունեն ազդելու պրոտագոնիստների վրա։ [Սերգեյ Լավրովը ՝  Էրդողանի և Ալիևի Ղարաբաղյան կարգավորման նոր ձևաչափ ստեղծելու առաջարկի վերաբերյալ] Կարդալ ավելին

 

20:20- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռ․ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Է․ Վերդիյանը և Ս․ Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Ա․ Սողոմոնյանը: Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ ԿԸՀ անդամ Ե․ Արզումանյանի լիազորությունները: ԱՀ նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Ա․ Սողոմոնյանն ազատվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալի,  Դ․ Ավանեսյանը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի, Է․ Գրիգորյանը՝ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի  նախարարության աշխատակազմի ղեկավարի, Գ․ Հայրապետյանը՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի և Ա․ Առստամյանը՝ ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականի պաշտոններից:

 

19:51- Կադաստրային քարտեզներում տեղ գտած թերություննների ուղղման համար նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանումը և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանումը, որոնք կօգտագործվեն կադաստրային քարտեզների ուղղման գործընթացներում։[Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան] 

 

19:46- Ռուս-թուրքական հարաբերությունները և Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա կարող են շատ դրական դեր ունենալ Ղարաբաղում այս ռազմական իրավիճակի լուծման համար, ուստի ասել, թե ես ինչ-որ առումով անհանգիստ եմ, որ գործընթացներ են տեղի ունենում, այդպես չէ։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում՝ որպես նորմալ երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև: [Արմեն Սարգսյանի հարցազրույցը PБK-ին] Կարդալ ավելին

 

19:24- Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ միմյանց հետ համագործակցել ռազմավարական տեսլականով: Ռուս եւ թուրք դիվանագետների, զինվորականների եւ հատուկ ծառայությունների գործնական եւ առարկայական փոխգործակցության  ակնառու օրինակներ են Սիրիան և Լիբիան:  Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է։ Երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին, ձգտում ենք մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը։ [Սերգեյ Լավրով] 

 

19:12- Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ  զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր աջակցությունն ենք հայտնում Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին: Հայ ժողովուրդը, որն այս օրերին ԼՂ-ում պայքարում է վարձ­կան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները: [Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլերին]

 

19:06- Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը:  Երեկ Վիեննայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչությունը։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ։ [Զոհրաբ Մնացականյան]

 

19:03- Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է: Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը սատարողներին, ֆինանսավորողներին և իրականացնողներին, ինչպես նաև ատելության հողի վրա բռնություն հրահրողներին արդարացնելու ցանկացած գործողություն պետք է վճռական կերպով դատապարտվի: [Արայիկ Հարությունյան]

 

18:48- Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա: [ՊԲ]

 

17։32 - Մարտական գործողություններին զուգահեռ՝ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

17։31 - ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020թ․ հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

 

16։29 - Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել են Իրանի տարածք: [ՊՆ խոսնակ]

 

16։26 - Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:
Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]

 

14։15 - Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները: [ՊԲ]

 

12։53 - Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել: [ՊՆ խոսնակ]

 

12։48 - Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։11 - Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է՝ մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

10։50 - Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են։ [Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակի մասին] |armenpress.am|

 

09։57 - Մի երկրի մարդասիրական օգնություն, որը զենք է վաճառում վարձկաններին, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համա՞ր: Ես առաջարկում եմ Իսրայելին ուղարկել այս օգնությունը վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն։ Իսրայելը պետք է իրեն հարց տա. արդյո՞ք նա վարձկանների հետ միասին չի պայքարում ԼՂ- դեմ: Որքանո՞վ է նման հարեւանությունը հարմարավետ իր համար: Եթե հարմարավետ է, Աստված նրա հետ: Բայց ես կարծում եմ, որ լինելու են կոնկրետ հետեւանքներ, որոնց դուք ստիպված կլինեք բախվել։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ The Jerusalem Post-ին տված հարցազրույցում] |mediamax.am|

 

09։20 -  Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։ Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

 

09։05 - Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Սակայն լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

00:25- ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի ադրբեջանական «Քարաբախ» ակումբի՝ սոցցանցերի պաշտոնական էջերի հրապարակումները: Հետաքննությունը կանցկացվի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն: ՈՒԵՖԱ-ն կպարզի՝ «Քարաբախի» հրապարակումները որքանով են համապատասխանում ատելության կոչն արգելող կանոններին:

 

00:16- Խաղաղ բնակավայրերում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

00:02- ԱՄՆ օրակարգում դեռ կա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը՝ պայմանավորված վերջինս կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: Այս մասին ասել է ԱՄՆ Պետական քարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը: Նրա խոսքով՝ չկա որևէ նախօրոք ծրագրված ժամանակահատված այդ հարցի քննարկման և պատժամիջոցների կիրառման համար։ 

 

02.11.2020

 

23:49- Ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում: ԱՀ  բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ: Բացի դրանից՝ ադրբեջանական զինված ուժերը նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը: [ԱՀ ՄԻՊ]

 

23:32- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույցներ է ունեցել համապատասխանաբար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրակրկիտ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները:

 

22:58- Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեղադրել է Մինսկի խմբին անարդյունավետության մեջ ու նշել, թե «ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է եղել դիվանագիտական փակուղու հասնելու հանգամանքով»: Նախարարը ռազմական գործողությունների դադարեցման համար միայն մեկ նախապայման է առանձնացել. «Բոլորը պետք է հասկանան, որ մինչև Հայաստանը դուրս չգա «օկուպացված» (խմբ.) տարածքներից, գործողությունները չեն դադարի և հրադադար չի կնքվի»: 

 

22։42- Պատերազմը շարունակվում է, հակառակորդը ամեն կերպ ամեն ուղղությունից փորձում է նոր հարձակողական գործողություններ ձեռնարկել՝ փոքր, միջին, մեծ ուժերով։ Ակտիվորեն փորձում է կիրառել իր կրակային ներգործության որոշակի առավելությունը՝ հրետանի, հրթիռային միջոցներ, ավիացիա, ԱԹՍ-ներ և այլն։ Մենք մեր պաշտպանական խնդիրները շատ գրագետ լուծում ենք, հիմնականում մեծ կորուստներ պատճառելով՝ հետ ենք շպրտում հակառակորդին։ Պատերազմն ունի իր բարդությունները, դժվարությունները, բայց ես վստահ եմ՝ մեր զորքերը տիրապետում են իրավիճակին, օր օրի ձեռք են բերում ավելի մեծ փորձ, ավելի լավ են ճանաչում թշնամուն, ավելի լավ են հասկանում նրա մտահղացումները, ավելի լավ են պատկերացնում ու կարողանում գտնել այն հակաթույները, որոնք նա օգտագործում է որպես բարձր տեխնոլոգիական միջոցներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22։23- Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:17- Նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ին, Երուսաղեմում տեղի ունեցավ բողոքի քայլերթ, որի ընթացքում հայերը պահանջեցին Իսրայելի կառավարությունից դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: Քայլերթը սկսվեց վանքի դռնից, ապա անցավ գլխավոր թիվ 1 ճանապարհով, որից հետո մոտեցավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուիի կեցավայրին և «Մամիլա» առևտրի կենտոնի փողոցով հասավ Հոպպեի դարպասի հրապարակ: Այնտեղ ելութներ հնչեցին հայերենով, անգլերենով և եբրայերենով, որի ավարտին երթը շարունակվեց դեպի վանք։ |armenpress.am|


20:35-
Հ. Բ.-ն 2020թ․ հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել և ստացել է 100 հզր դրամ, այնուհետև, նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայող Հ. Մ.-ն գերության մեջ Ադրբեջանի Գաբալա քաղաքում է, և պատրաստվում են վերջինիս տեղափոխել Բաքու: Դա կանխելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է 3 հզր ԱՄՆ դոլար, սակայն նույն օրը Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում Ա. Մ.-ի կողմից 1.000 դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից։


20:28-
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի՝ ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը՝ զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին։ [ԱՀ ԱԻՊԾ]


20:20-
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը։ [ԱՀ ՄԻՊ]


19:55-
Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը: |armenpress.am|


19:40-
Այսօր՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: [ՊՆ խոսնակ]


19:30- Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ: Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ԶՈՒ-երը կիրառել են հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր։ Օդային կրակահերթը՝ հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ, տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին։


19:12- Լիոնում թուրքերը  վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Աչրեն Վերդիանը: Պատին հակահայկական գրառման մեջ նրանք հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ |armenpress.am|


19:05- Նորվեգիայի կառավարությունը որոշել է 17 միլիոն նորվեգական կրոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին: Այս մասին հայտնում են երկրի ԱԳՆ-ից։ 1.5 միլիոն եվրոն Նորվեգիան ԼՂ քաղաքացիական բնակչությանը փոխանցելու է մարդասիրական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջոցով: Նորվեգիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ կողմերը կապահովեն մարդասիրական օգնություն հասցնող կազմակերպությունների անվտանգությունը և ապահով մուտքը հակամարտության գոտի: |azatutyun.am|


17:55- Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը: Ըստ այս փոփոխությունների՝ ՏԻՄ-երի ղեկավարները կունենան տեղակալներ, որոնք կներգրավվեն աշխարհազորում որպես հրամանատար: Ավելացվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը` երեքից դառնալով չորս, որպեսզի քաղաքապետի չորրորդ տեղակալը լինի աշխարհազորային զորամիավորման հրամանատար: |hetq.am|


17:38- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հերթական խաղաղ ցույցն անցկացրին ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցի կանայք: Ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը նշեց, որ իրենք 10 օր առաջ նամակ են հղել դեսպանատանը, սակայն պատասխան չեն ստացել, իսկ այժմ հանդիպում են պահանջում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ «Մեր օրակարգը նույնն է` ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, պետք է հրադադար պարտադրի Ադրբեջանին, սանձի Թուրքիային` Ադրբեջանին աջակցելու համար, և պետք է ՆԱՏՕ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիային սանձելու համար»,- ասաց Ադամյանը: |armenpress.am|


17:35- Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ կազմակերպեցին լուռ հավաքներ: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջեցին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույն ընթացքում տարբեր համայնքներից համաժամանակյա թվիթ-արշավ սկսվեց: [Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ]


17։20 - 
Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է։  [Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում] |armenpress.am|

 

16։56 - Վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար բուժծառայության մայորներ Հովհաննես Ռոբերտի Հովհաննիսյանը, Իշխան Հմայակի Նավասարդյանը և ծառայող Անյուտա Նիկոլայի Թադևոսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների: Իսկ բուժծառայության մայորներ Արմեն Արամայիսի Սարգսյանը, Շալիկո Սամվելի Վարդանյանը, Միքայել Հրանտի Հայրիյանը, Նելլի Սլավայի Մանգասարյանը, Կարեն Պետրոսի Ղուկասյանը, Ռուբեն Վլադիկի Խաչատրյանը, ենթասպա Անուշ Միրիկի Հարությունյանը, կապիտան Ռուբեն Ստեփանի Խաչատրյանը, լեյտենանտ Հայկ Ռաֆիկի Սարգսյանը, ծառայող Նարինե Նիկոլայի Սարգսյանը և Ռիմմա Նիկոլայի Բեգլարյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով: [ՊԲ]

 

16։59 - ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։

 

16։17 - Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում  են  համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք:  Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։ [Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավար] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

15։47 - Գրոհներ ձեռնարկելով պաշտպանության բանակի դիրքերի որոշ հատվածներում՝ հակառակորդը կատարել է նաև առաջխաղացման փորձեր: Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են. հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյունները և խոցվել: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում: Հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում, բայց այդ սարքերը ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են։ [ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյան] |armenpress.am|

 

15:25 - Նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Շուտափույթ ապաքինում: [Շուշան Ստեփանյան]

 

15։00 - ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական Դատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ, որպես Կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմ, կիրառել հետևյալ միջոցները՝ ձեռնպահ մնալ այ զինվորների դիակները խեղելուց, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաև այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

 

14։48 - Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ անհանգիստ է: Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է: [ԱՀ ԱԻՊԾ]

 

14։47 - Որպես կամավոր առաջնագիծ մեկնելու համար Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներն արդեն երրորդ ջոկատն են հավաքագրում: Կռվողների տրամադրվածությունը մարտական է: Եզդիական ջոկատը շատ գրագետ է գործում՝ չլքելով իրեն վստահված դիրքերը։ Եզդի կռվողների մարտական ոգին բարձր է։ [Ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյան]

 

14։35 - Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում: ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]

 

14։25 - Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք: Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա: [Նիկոլ Փաշինյան]

 

12։48- Հանդիպել եմ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

12։21- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել: [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

12։11- Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը հիմնված է իրատեսության, տարածաշրջանային մոտեցման ու տարածաշրջանի ազդեցիկ պետությունների միջնորդական մասնակցության վրա։ «Իրանի նախաձեռնած կարգավորումը հիմնված է տարածաշրջանային համագործակցության վրա ու միտված է օգնել հակամարտող կողմերին՝ հասնել իրենց պահանջներին»,- ասել է նա։ |factor.am|

 

 

11։49- Որոշում է կայացվել Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 2020 թվականի նոյեմբերի 2-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ [ՔԿ]

 

10:39-Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո: [ՊԲ]

 

01.11.2020

23։46- Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը: Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից» օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների տարածաշրջան տեղափոխման մասին: Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ։ [ՀՀ ԱԳՆ]

 

23։34- ԱՄՆ Օհայո նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրենսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպես նաև Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, բանաձեւի վերաբերյալ Օհայո նահանգի Օրենսդիր ժողովի քվեարկությունը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 14-ին: |armenpress.am|

 

23։32- Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։ Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

23։27- Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք միջազգային իրավունքով արգելված պատերազմի վարման մեթոդների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից: Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել ԱՀ բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից: ԱՀ փաստացի անկախության միջազգային ճանաչումը համաշխարհային հանրության արդիական և հասունացած միջոց է` իրականացնելու մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համընդհանուր ընդունված պարտավորությունները: [ԱՀ ԱԳՆ]

 

23։01- ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: ՄԻՊ-ը նշել է, որ չնայած տեղում զգալի աշխատանք է տարվում հումանիտար աղետի վերաբերյալ փաստերի հավաքագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, շատ կարևոր է միջազգային գործընկերների, խորհրդարանական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու համար: [ԱՀ ՄԻՊ-ի աշխատակազմ]

 

22։32- Այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից հիացմունքով նշվող Ադրբեջանի ռազմական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները և տեխնիկական, նորարարական բաղադրիչը ոչ մի կապ չունեին Ադրբեջանի հետ․ դա ավելի շատ թուրքական է, իսրայելական է և հիմնականում թուրքական ԶՈՒ-ի կառավարման ներքո է, որը հիմնականում ամառվա խայտառակությունից սկսեց ակտիվանալ Թուրքիայի շնորհիվ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22։16- Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տալիս, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

20։38- Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի Աղաբեկյանը, Ջուլիետա Ալբերտի Բաբայանը, Զինաիդա Միքայելի Կոստանդյանը և Սվետլանա Էդուարդի Աբրահամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: [ՊԲ]

 

20։09- Ադրբեջանում մահացած հայ գերու՝ 84-ամյա Միշա Մելքումյանի դին այսօր փոխանցվել է հայկական կողմին Վրաստանի տարածքով ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, փոխանցեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին: Տղամարդը մահացել էր հինգշաբթի գիշերը: Նրան այցելել էր ԿԽՄԿ բժիշկը: Տեղի առողջապահական մասնագետների և ԿԽՄԿ բժշկի գնահատականներով` նրա առողջական վիճակը բավարար չէր եղել Հայաստան տեղափոխելու համար հոկտեմբերի 29-ին: |azatutyun.am|

 

18։53- Ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումների հետ կապված հայտնում ենք, որ դրանք  չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին։ [ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն] |armenpress.am|

 

 

 

18։42- Հենց նոր ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր: [ՊԲ]

 

18։21- Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը: [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

 

16։12-Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը: Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան: Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին: Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար աննձնակազմը չի տուժել: Պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են: [ԱՀ ԱԻՊԾ]

 

16։57- Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Հայաստանում: Նա «Թվիթեր»-ում տեսանյութ է հրապարակել և նշել, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ |armenpress.am|

 

16։33- Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կժամանի Բաքու։ Մենք նախագահի հանձնարարություն ունենք՝ Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: [Մևլութ Չավուշօղլու] |civilnet.am|

 

16։27- Բոլոր սրբերի տոնի այս օրը եկեք չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Տները, ենթակառուցվածքները և աղոթատեղիները գնալով ավերվում են։ Ռազմական գործողությունները ավելի շատ ազդում են քաղաքացիական բնակչության վրա։ Սա ողբերգություն է։ [Հռոմի պապ

 

16։22-Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ։ [Ալիևը՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո] |azatutyun.am|

 

15։39- Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրադի և սմերչի կայանքներից հարվածի հետևանքով վնասվել է Շուշիի «Գոհար Աղա» իրանական մզկիթի պատը: Թեև հարվածը թիրախավորված է եղել, սակայն շատ լուրջ վնաս չի հաջողվել հասցնել, այն ընկել է մզկիթի պատի կողքին, վնասվել է պատի մի հատվածը: [ԱՀ ԱԻՊԾ

 

15։33- Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:[ՊԲ]

 

15։15- Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական 《Գոհար աղա》մզկիթը։Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

15։11- Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով։ Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն և ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա։  Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որևէ փաստաթուղթ չեն ունեցել: [ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան] |armenpress.am|

 

14։10- ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:

Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար: [Շուշան Ստեփանյան]

 

13։46 - Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով ավերվել է ավելի քան 70 ուսումնական հաստատություն:
 «61 ավերակված դպրոց, 10 մանկապարտեզ և միջազգային հանրության հանցավոր անտարբերություն»,-  հայտնել ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

 

13:21- Արցախի Մարտունի շրջկենտրոնում և հարակից բնակավայրերում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Մարտունիում ջրի մատակարարումը իրականացվում է նորմալ, գազը՝ մասնակի, մոտ 30 տոկոսով, իսկ հոսանք չկա: [Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Վադիմ Դանիելյան]

 

13:15- Նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: [ԿԳՄՍՆ]

 

13:02- Բանակցություններում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դժկամությունն է լինել հանձնառու կայուն և վերահսկելի հրադադարին։ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռնելու իր վաղեմի դիրքորոշումը։  [Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին]

12:58- Ղարաբաղում ճգնաժամի սկսվելուց ի վեր մենք խորհրդակցել ենք տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Վստահ ենք՝ այս պատերազմից ամենաշատ վնասները կրում են տարածաշրջանային երկրները և հենց այդ երկրները կարող են ամենաշատ ազդեցությունն ունենալ պատերազմին վերջ տալու համար: Այս համատեքստում առանց ջանալու մրցակցել առկա մեխանիզմների հետ, ինչպիսին է Մինսկի խումբը, այդ խորհրդակցություններն առաջ տարանք։  [Իրանի ԱԳ նախարար]

 

12:56- Ահաբեկիչների վերաբերյալ մենք գրեթե վստահ ենք, որ նրանք մասնակցել են բախումներին: Մենք ընդգծել ենք, որ այդ քայլը ոչ մեկի օգտին չէ: Բանակցությունների ընթացքում և դրանցից առաջ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաներին, ինչպես նաև Ռուսաստանին ու Թուրքիային հայտնել ենք, որ Իրանը նման բան չի հանդուրժելու: Այժմ այդ ահաբեկիչները մեր սահմանների մոտ չեն, սակայն հավանական է, որ մեր սահմաններից որոշակի հեռավորության վրա են, և մենք կողմերին լրջորեն հայտնել ենք մեր մտահոգության մասին: [Իրանի ԱԳ նախարար]

 

12:47- ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի: Մանրամասները` առաջիկայում: [Շուշան Ստեփանյան]

 

12:45- Ոչ մեկը, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝  Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի: [Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին] Կարդալ ավելին

 

12:37- Հիմա արդեն առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ: [Նիկոլ Փաշինյան]

 

12:36- ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի։

 

12:23- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնել է Ադրբեջան՝ քննարկելու իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:
«Մենք կրկին Բաքվում ենք ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները և վերահաստատելու մեր աջակցությունը Ադրբեջանին», - գրել է Չավուշօղլուն։

 

12:20- Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնած կրակոցներից տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

12:04- Ամերիկահայերը Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի դիմաց Հայաստանի և Արցախի դրոշներով և ցուցապաստառներով հերթական ցույցն են անցկացրել։ Նպատակն է եղել բարձրաձայնել Արցախում ադրբեջանաթուրքական տանդեմի և ահաբեկիչների կողմից հայերի դեմ իրականացվող պատերազմի հանցագործությունները։ 

 

11:16- [ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ] «Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում».-ժողովուրդ ջան, խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրահատեխնիկայի: [ՊՆ խոսնակ]

 

11:06- Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։ Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10:31- Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ: [ՊԲ]

 

10:04- Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ 
Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ 
Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել  Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

09:49- Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտյան ժամը 08:10-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը (49.32%): Երկրորդ տեղում` 25.94%  ձայներով, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է: Այս պահի դրությամբ՝ 3847 ընտրատեղամասից հաշվարկվել են 2252 ընտրատեղամասի տվյալները, հետևաբար արդեն հայտնի են 58,54 տոկոսի տվյալները: 

 

09:36- ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին բարեխղճորեն և հրատապ կերպով կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որոնց մասին նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել համանախագահների հովանու ներքո, ինչպես նաև՝ իրագործել ավելի վաղ ստանձնած պատրավորությունները: Գուտերեշը կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսակությունն ու ակտիվացնել ջանքերը ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հասնելու ուղղությամբ։

31.10.2020

 

21։45- Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն: [ՊԲ]

 

21։15- Աշխա՛րհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ։ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

19։35- Ես կույր եմ, բայց ես գործում եմ: Իսկ միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում: Ահա թե ինչու են Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում իրականացնել այպիսի հանցագործություններ: Ես՝ որպես կույր և որպես Արցախի Հանրապետության ՄԻՊ, միջազգային հանրությանը կոչ եմ անում դադարել խոսել և սկսել գործել: Կույր մի՛ եղեք: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կոչը՝ միջազգային հանրությանը]

 

19։30- Ընդհանուր առմամբ, այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյան] |armenpress.am|

 

19։20- ԲԿ-ների հարգելի՛ բժիշկներ, ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։ Տվյալ հիվանդանոցի տնօրենության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի պահեստում՝ տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։ Մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը, և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով։ [ԱՆ]

 

 

18։25- Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է։ [Զոհրաբ Մնացականյանը՝ իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում] |armenpress.am|

 

18։03- Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել  մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար: Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով: [ՊԲ]

 

17։12- Եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Սա վերաբերում է բոլոր ուղղություններին: Եթե այս իրավիճակը պատշաճ գնահատականի չարժանանա միջազգային հանրության կողմից, մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտություն: Հիմա տեսնում ենք Հարավային Կովկասում, ապա կտեսնենք դրանից դեպի հյուսիս, արևելք, հարավ-արևելք և հարավ: Այնպես որ, սա մի մեծ իրավիճակ է, որի խորքում իրականում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները և մղումները: [Նիկոլ Փաշինյանը՝ Al Arabia-յի հետ զրույցում]

 

16:50- Այսօր հրետակոծության է ենթարկվել Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը: [ԱՀ ՄԻՊ]

 

16:44- 2020թ. հոկտեմբերի 29-ին Արցախում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից  Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված և վերը նկարագրված գործողություններին անմիջականորեն մասնակցություն ունեցած, Աբու Համշեին խմբավորման Աբու Հուսեին 23 ջոկատի անդամ վարձկան 1975թ. ծնված Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը: Մի շարք հանցանքներ կատարելու կասկածանքով Մըհըրաբ նա ձերբակալվել է։ [ՀՀ Գլխավոր դատախազություն]

 

16:30- Մենք միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և փոխզիջումների: Պրոբլեմն ուրիշ բանում է՝ այն պահին, երբ Հայաստանի համար որևէ փոխզիջում դառնում է ընդունելի, Ադրբեջանի համար այդ փոխզիջումն անմիջապես դառնում է անընդունելի: Ես Ձեզ կարող եմ բերել 2011 թվականի Կազանի օրինակը: Գիտեք, հայկական կողմի համար կարևորագույն խնդիր է ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը: Բայց 2011-ին հայկական կողմը համաձայնել էր Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հետ: Այսինքն՝ իր նախնական նշաձողից հետքայլ էր կատարել՝ կոմպրոմիսի հասնելու տրամաբանությամբ: Բայց վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել այդ կոմպրոմիսը և ավելի խիստ պայմաններ առաջադրեց հայկական կողմին: Այս պրոցեսն է, որ միչև օրս թույլ չի տալիս հասնել դիվանագիտական լուծման: [Նիկոլ Փաշինյանի հարցազրույց՝ Al Arabiya հեռուստաալիքին]

 

15:49- Մենք որևէ երկրի միջամտության հնարավորություն չենք տեսնում, որովհետև մեր շուրջը գտնվող երկրները մեր գործընկերներն ու բարեկամներն են: Սա պայքար է մեր և Հայաստանի միջև, և մնացած բոլորը պետք է ձեռնպահ մնան դրանից: Մենք  պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով, սակայն տարածաշրջանում մարտերի տևողությունը կախված է միայն Հայաստանից: Այն, որ մենք երեք անգամ համաձայնել ենք հրադադարին, ցույց է տալիս ռազմական առճակատումը դադարեցնելու և այդ խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մեր պատրաստակամությունը բանակցությունների սեղանի շուրջ։ [Իլհամ Ալիևը՝ գերմանական ARD-ին]

 

15:20- Հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր: Նշում եմ առնվազն, քանի որ հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ են կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր: Սակայն այս պահին դեռևս ճշգրտված վերջնական տեղեկություններ չունենք, չենք կարողանում ապացուցված կերպով ներկայացնել: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |azatutyun.am|

 

14:55- Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին մեկնել է Թուրքիա, որտեղ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը: Բանագնացն Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ: Երկու կողմերը քննարկել են Հարավային Կովկասում, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտում լարվածության սրացման հարցը, որի հետևանքով մահացել են հարյուրավոր մարդիկ: Իրանի փոխարտգործնախարարը մինչ այս եղել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում: |1lurer.am|

 

14:44- Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

14:27- Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին՝ անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: [ՊՆ խոսնակ]

 

12:40- Ադրբեջանական կողմը կիրառել է ֆոսֆորային զինատեսակներ։ Նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություն է։ [ՊԲ]

 

12:35- Հաստատում ենք ՌԴ հավատարմությունը ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանը անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք: [ՌԴ ԱԳՆ-ն՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի նամակի]

 

11:22- Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում ԼՂ հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին: Հազարավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթից կստանան բժշկական պարագաներ, սնունդ և կունենան ավելի ապահով կացարաններ: Մարտական գործողություններին մոտ գտնվող խոցելի համայնքներին կտրամադրվեն նաև ծածկոցներ, սննդամթերքի ծանրոցներ, հիգիենայի պարագաներ: Աջակցությունը կօգնի բարելավել նաև ապաստարանները՝ տեղադրելով կամ բարելավելով ջրի բաքերը, սանհանգույցները: |armenpress.am|

 

10:53- Նյու Ջերսի նահանգի սենատ է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ օրինագիծ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակից։ Նշվում է, որ օրինագիծը ներկայացվել է նահանգային սենատոր Ջոզեֆ Լագանայի ջանքերով։ |shantnews.am|

 

10:50- Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: [ՊԲ]

 

10:05- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ-ի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Նամակում ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս ԼՂ-ի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:  Հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել ՀՀ-ին՝ իր անվտանգության ապահովման համար։ [ՀՀ ԱԳՆ]

 

09:48- Երեկ՝ հոկտեմբերի 30-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից: [ԱՀ ԱԻՊԾ]

 

09:46- Այսօր՝ առավոտյան ժամը 7:08-ին, Ստեփանակերտում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ քաղաքի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը: [ԱՀ ԱԻՊԾ]

 

09:41- Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո է: [ՊԲ]

 

09:40- Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: [ՊԲ]

 

09:30- Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Նախարար Մնացականյանը ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում: ՀՀ ԱԳՆ ղեկավարն շեշտեց նաև Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման անթույլատրելիությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։ [ՀՀ ԱԳՆ]

 

00։17- Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, Հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ։ Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը] |Aysor.am|

 

                                                            30.10.2020

 

23։50- Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: ՀՀ ՄԻՊ  հրատապ քննության արդյունքներով, ԱՀ ՄԻՊ փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է: [ՀՀ ՄԻՊ]

 

 

23։41- Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը  շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ: Ջասթին Թրյուդոն նաև անդրադարձել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու որոշմանը: Նշել է, որ Կանադան կասեցրել է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային այն հաղորդումներից հետո, որ դրանք օգտագործվել են Ադրբեջանի կողմից: |armenpress.am|

 

23։35- Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել։[ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |Արցախի Տեղեկատվական շտաբ|

 

23։15- Ադրբեջանն օգտագործում է նավթային գումարները` զինտեխնիկա գնելու համար: Նա ստանում է տեխնիկական աջակցություն Թուրքիայից: Չնայած թուրքական ժխտումներին, կան բազմաթիվ հաղորդումներ, լրատվամիջոցների բաց աղբյուրներում տեղեկություններ, որ Թուրքիան հակամարտության մեջ է ներգրավում սիրիացի վարձկանների։ [Ռոբերտ Օ՛Բրայենը՝ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը] |armenpress.am|

 

23։05- ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր: Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները։

 

22։53- Վերջին օրերին սոցիալական ցանցերում կոչեր են տարածում գնալ և  Մոսկվայում մասնակցել  տարբեր ակցիաների: Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և ծայրաստիճան ուշադիր լինելով իրավիճակի նկատմամբ ՝ մենք ձեզ հորդորում ենք զերծ մնալ նման նախաձեռնություններից և սոցիալական ցանցերում կոչեր չտարածելուց ՝ չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես նախկինում, ենթրակվել  Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

 

22։45- Երկու կողմերը պետք է հրադադարը պահպանեն, բայց սա հատկապես վերաբերում է Ադրբեջանին, որն այսօր բավականին վարանում է առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը համաձայնվել։ [Ռոբերտ Օ՛Բրայենը՝ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը] |armenpress.am|

 

22։34- Թուրքական ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ դեր մատնված է անհաջողության ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար։ Հավատում ենք, որ երկու երկրները պետք է համաձայնվեն սկանդինավյան խաղաղապահներին, մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ խաղաղապահ ուժ հավաքելու համար, որը կարող է տեղակայվել տարածաշրջանում հրադադարը պահպանելու համար։ [Ռոբերտ Օ՛Բրայենը Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը] |lragir.am|

 

21։22- Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ակնաղբյուրում զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը։ Եվս 6 խաղաղ բնակիչ վիրավորվել են։ [Արտակ Բեգլարյան]

 

20։05- ԼՂ հակամարտության լուծումը պետք է փաթեթային լինի։ [ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայան] |Արցախի տեղեկատվական շտաբ|

 

 

19։20- Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Հանդիպման առանցքում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: ԱԳ նախարարը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: [ՀՀ ԱԳՆ]

 

18։40- Արարատի քաղաքապետարանը տեղադրել է տագնապի ազդանշանի նոր շչակ: Տագնապի շչակի փորձարկումը նախատեսված է իրականացնել ս/թ նոյեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, 2 րոպե տևողությամբ: Անհրաժեշտության դեպքում զանգահարել 060-88-55-55։ [Արարատի քաղաքապետարան]

 

18։16- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարի բացակայության պայմաններում հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ վերոնշյալ դադարը հնարավոր է միայն տեղում դրա պահպանման վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում: [ՊՆ]

 

18։07- 17։34-ի  դրությամբ՝ ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը։ [ԱՀ ԱԻՊԾ] |armenpress.am|

 

17։07- Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: [ԱԳՆ խոսնակ]

 

17։05- Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ: Այն, ինչ ես ասում եմ, ԵՄ-ն մեզ համար պետք է չանի, ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրինք: Այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եթե այնտեղ հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: [Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ զրույցում] Կարդալ ավելին

 

16։44- Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, Մեղրին ու Հայաստանի մի մասն էլ հետը, ինչպես իրենց օպերատիվ պլաններում հավանաբար դրված է եղել, ինքը պատերազմը, իմ կարծիքով, չէր սկսի։ Միանշանակ, իր ԶՈՒ-ն, վստահ եմ նաև Թուրքիայի ԶՈՒ-երը, ունեցել են շատ «վարդագույն» պատկերացումներ իրենց մասին և շատ «մատների արանքով» պատկերացումներ՝ մեր մասին։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ Factor.am-ին տված հարցազրույցում]

 

16։05- Բազաներ ստեղծելու նպատակը հարձակումն ավելի մեծացնելն է։ Եթե դու դիվերսանտներով գալիս ես, մի տեղ ամրանում ես արդեն, այդ տարածքը դառնում է քոնը, ուժերդ սկսում ես մեծացնել, որ հարձակողական պոտենցիալդ ավելի մեծ լինի և զուտ դիվերսիոն չլինի։ Իրենք (Ադրբեջանական կողմը - խմբ․) այդ հարցն էին ուզում լուծել, որը տապալեցինք գիշերը։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ Factor.am-ին տված հարցազրույցում]

 

15։49 - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այս մասին հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ «խորհրդակցության մասնակիցները եւս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով»: Բացի այդ, Պեսկովի խոսքով, քննարկվել է Անդրկովկասում իրավիճակը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա։ |civilnet.am|

 

14։35 - Կրեմլում ընդգծում են, որ խաղաղապահները կարող են Ղարաբաղում տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: |armenpress.am|

 

14։28 - Այսօր՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ եւ նախապես հայցում բնակչության ներողամտությունը։

 

14։26 - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Գրիգորյանը նրա ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ ԱԽ քարտուղարը ընգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով։ Ֆեյզին կարևորել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

 

13։45 - Նիդերլանդները ճանապարհորդողներին նախզգուշացրել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ահաբեկչության վտանգի մասին։ Մասնավորապես, նշվում է ԼՂ-ում և հարակից տարածքներում ռմբակոծությունների մասին: Շեշտվում է, որ  Բաքվում հնարավոր ահաբեկչության վտանգ կա: Նախազգուշացմամբ Նիդերլանդները հորդորում է նաև չայցելել Ադրբեջանի Բարդա, Թարթառ, Եվլախ, Մինգեչաուր, Գերանբոյ, Գյանջա, Գոյգոլ, Աղստաֆա և մի շարք այլ շրջաններ, բնակավայրեր: |armenpress.am|

 

12։15 - Իրանը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, որպես տարածաշրջանային պետություն, ևս շահագրգռված է խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ Այս պատճառով էլ Իրանը ևս իրավունք ունի մասնակցելու Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ապահովման գործընթացին։ Միգուցե ապագայում կլինեն ինչ-որ մեխանիզմներ, կոնտակտային խմբեր այս գործընթացի շրջանակում։ Իրանը կարող է իր ներդրումն ունենալ հակամարտության կարգավորման հարցում։ [Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիև] |factor.am|

 

12։09 - Ադրբեջանը, որը դրոնների գերակա սպառազինություն ունի և վայելում է Թուրքիայի աջակցությունը, արդեն իսկ գրավել է հայկական վերահսկողության տակ գտնվող մեծ տարածքներ և կարծես թե հավակնում է գրավել ամբողջ տարածքը։ Ես կողմնակից եմ ռուսական խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում։ Սակայն, խնդիրն այն է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ Daily Telegraph թերթի հետ զրույցում] |civilnet.am|

 

11:50 - Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

11։05 - Այսօր ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ ԱԻՊԾն տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Այսօր էլ ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթները։ Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում:

 

10։57 - Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ՝ դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

10։32 - Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասն ասել է, որ Թուրքիան պետք է գործի ԵԱՀԿ Մինսկի խմբին իր անդամությանը համապատասխան եւ նպաստ բերի խաղաղ կարգավորմանը: Նախարարն ասել է, որ պատերազմի այս փուլում Գերմանիան հետամուտ է երկու առաջնահերթ նպատակի՝ հումանիտար օգնություն ապահովել պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը եւ հասնել անհապաղ, առանց նախապայմանների հումանիտար հրադադարի: Նա նաև  ասել է, ոչ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է գիտակցեն, որ այսքան երկար տեւող այս հակամարտության որեւէ ռազմական լուծում միջազգային հանրության կողմից չի ընդունվելու: |mediamax.am|

 

09։58- Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ: Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: [ՀՀ ՄԻՊ]

 

09:34- Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավարևելյան ուղղությամբ, որը կասեցվել է: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: [ՊԲ]

 

02:17- Զորհաբ Մնացականյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին: Երկուստեք անհանգստություն է  արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ` դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար: Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում: Արաղչին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն: [ՀՀ ԱԳՆ]

 

01։11 - Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի  հետ: Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության ենթակառուցվածքների, այդ թվում, առողջապահական հաստատությունների հրթիռակոծմամբ՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում, նախարար Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից բնաջնջելու ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ցեղասպան ձեռագիրը: Զրույցի առանցքային թեմաներից էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն անմիջական սպառնալիք հանդիսացող Թուրքիայի բացասական դերակատարության աճը: [ԱԳՆ]

 

01։08 - Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են: Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է: [ՊԲ]

 

00:27- Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից եւ միանալ Միացյալ Նահանգներին՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ։ [ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը` Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում] 

 

29.10.2020

 

23:50- Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է հրապարակումներն այն մասին, թե իբր հայկական կողմը կասետային ռումբ է կիրառել Բարդա քաղաքի ուղղությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:
«Նման զենք մենք չենք կիրառել Բարդայի ուղղությամբ: Պաշտպանության բանակն այլ զինատեսակներ է կիրառում՝ խոշոր քաղաքների ուղղությամբ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները, որոնց ցանկը ՊԲ-ն հրապարակել է»,- ասաց Պողոսյանը: 

 

23:48- Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից: Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։ Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈւՄԸ։ [ԱՀ նախագահի խոսնակ]

 

23:17- Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին (լուսանկարում ինձնից աջ) կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին (լուսանկարում ինձնից ձախ) և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ: Սուրեն Բարսեղյանն աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական դիրքերում է: Երևանում կազմավորված ջոկատը հրամանատարի գլխավորությամբ հերոսական բազմաթիվ ռազմագործողությունների հեղինակ է դարձել` հետ մղելով թշնամուն և պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ: Տղաներից շատերը ևս ներկայացված են պարգևատրման: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

23:13- Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանը շարունակաբար թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Մայրաքաղաքին հասցված հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի: Ավերվել կամ վնասվել են բնակելի տներ և մեքենաներ, ինչպես նաև կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքներ: Շուշի քաղաքի հրթիռակոծության հետևանքով քաղաքի բնակելի հատվածներին և քաղաքացիական օբյեկտներին հասցվել է նյութական մեծ վնաս: Սղնախ գյուղում երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: [ԱՀ ՄԻՊ] Կարդալ ավելին 

 

22:54- Արցախի նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է: Նման իրավիճակում երկրի ռազմաքաղաքական ղեկավարները, ԶՈՒ հրամանատարները, որպես կանոն, ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողություններն ընթանում են, շարունակվում է պատերազմը: Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում հակառակորդի դիվերսիոն գործողությունների, նրանց փորձերի և տապալման մասին, չի նշանակում, որ ուրիշ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է շատ կարևոր, բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:45- Իրանը Հայաստանի հարևան երկիրն է, և Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկիչների տարածաշրջան ներմուծմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիան, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների թուրքական ազդեցության գոտի և ահաբեկչության կենտրոն դառնալու որոշումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի երկրների համար, և այդ առումով Իրանը նույնպես բացառություն չէ: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

22:42- Կարևոր ենք համարում, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին. նախևառաջ պետք է դադարեցնել Ադրբեջանին զինումը և նրա ռազմական կարողությունների ամրապնդումը: Մենք ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն վերապրած պետությունը աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող և ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետություններին: [Աննա Նաղդալյանն՝ ի պատասխան հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ Իսրայելը Հայաստանին հումանիտար օգնություն է առաջարկել]

 

22:36- Ինչպես Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունները, այնպես էլ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի հայ բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

22:36- Այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ և արտահայտվել է ոչ թե մեկ-երկու երկրների նկատմամբ, այլ սկզբունքային դիրքորոշում է, որ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

22:30- Ժնևի վաղվա հանդիպումը միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին ես այս պահին տեղեկություն ունեմ: Օրվա փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով: Ինչ վերաբերում է օրակարգին, մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին: Եվ մեզ համար առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմամբ: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

22:20- Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Իսկ այս պահին, քանի դեռ անցնում է մեր ճեպազրույցը, տեղի է ունենում ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հետ: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

22:16- Այսօր արդեն մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ թիրախավորվում են Արցախի բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքները: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

22:15- Օրեր առաջ, երբ ԱԳ նախարարն իրականացնում էր իր պաշտոնական այցն ԱՄՆ, ձեռք էր բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ կրակի դադարեցման վերաբերյալ, սա հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ արդեն երրորդ պայմանավորվածությունն է: Ինչպես նախորդ երկու դեպքերում, Ադրբեջանն այս անգամ նույնպես ի զորու չգտնվեց կամ չկարողացավ կատարել հրադադարի ռեժիմի իր ստանձնած պարտավորությունը և շարունակեց ագրեսիան: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

22:10- Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:09- Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:07- Բացի դրանից, ինչպես նախորդիվ նշել էինք, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:03- Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել: [Արծրուն Հովհաննիսյան]

 

22:00- Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: [Արծրուն Հովհաննիսյան]

 

21:59- Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԼՂ հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում, և վերիֆիկացման որևէ մեխանիզմ չի փոխարինի հակամարտության հաստատուն կարգավորմանը։ Անդրադառնալով Լավրովի՝ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ԼՂ հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդների տեղակայելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, Բայրամովն ասել է, որ այս հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել հենց Ադրբեջանի հետ։ Կարդալ ավելին 

 

21:11- ԱՄՆ պետքարտուղարի  ռազմական և քաղաքական հարցերով օգնական Ռենե Կլարկ Կուպերը, Վաշինգտոնում լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով S-400-ների թեմային, նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն ադրեն սեղանին է։  Նա S-400-ների հարցում Թուրքիայի դիրքորոշումը սադրիչ է որակել։
Կուպերը նաև նշել է, որ ԱՄՆ-ի «կարմիր գծերը» կհատվեն այն ժամանակ, երբ Թուրքիան ակտիվացնի S-400 համակարգերը։  Կարդալ ավելին

 

21:10- Այսօր հայտնի դարձավ, որ մարտական ուղի անցած, բայց անազատության մեջ գտնվող երկու անձի խափանման միջոց փոփոխվել է՝ ռազմաճակատ մեկնելու հիմքով։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանն ասաց, որ երկու մեղադրյալներն էլ այս պահին ռազմաճակատում բավականին պիտանի մարդիկ էին։ Անձանցից մեկը մեղադրվում է սպանության մեջ, իսկ մյուս անձը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ Կարդալ ավելին

 

20:46- Ինչպես 1992 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորվածխ է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: Եվ թշնամու գերնպատակն  է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Եվ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, և ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը] Կարդալ ավելին

 

20:28-  Սոցցանցերում ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկություն հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից: ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: [ԱԱԾ]

 

20:25- ՀՀ ՄԻՊ-ն իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի մեթոդների համեմատական ուսումնասիրություն՝ վեր հանելու համար նմանություններն այն մեթոդների հետ, որոնք կիրառում են ահաբեկչական խմբավորումները: Վեր հանված նմանություններն ակնհայտ են:  Իրականացվում է զոհի կամ տուժողի մարմնի մասերի խեղում կամ խոշտանգում կամ նվաստացում, ինչն այնուհետև լուսանկարվում կամ տեսագրվում է ու հրապարակվում: [ՀՀ ՄԻՊ] Կարդալ ավելին 

 

20:17- Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե Հայաստանի ԶՈւ-ի երկու Սու-25 է ոչնչացրել։ Տեղեկությունը հերքեց Շուշան Ստեփանյանը։ Ադրբեջանական կողմը, սակայն, սոցցանցերում տարածեց իբրև հայկական խոցված ինքնաթիռի լուսանկարներ։ Լուսանկարն արվել է Սիրիայում։ Պատկերվածն իրականում թուրքական ԱԹՍ է, իսկ լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է դեռևս 2020 թ․ մարտի 1-ին։ Կարդալ ավելին

20:14- Իրանը շատ կարեւոր երկիր է մեր տարածաշրջանում, և, ի տարբերություն Թուրքիայի, նա պատասխանատու և կառուցողական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության մասին է: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են, ում դերը վերահաստատվել էր հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և հոկտեմբերի 17-ի ու 25-ի հետագա հայտարարություններում։ [Զոհրաբ Մնացականյան] 

 

20:10- Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Էրդողանը վստահեցրել է Ալիևին, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի կողքին։

 

19:58- Երեւանն աջակցում է ԼՂ-ում դիտորդների տեղակայմանը: Այդ մասին ասել է Զոհրաբ Մնացականյանը։ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Երևանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկման գաղափարին։ Ինչ վերաբերում է խաղաղապահների ներգրավմանը, նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր մեխանիզմում կարող են ներառվել միայն նրանք, ովքեր չեզոք դիրք են զբաղեցնում: Կարդալ ավելին 

 

19:55- Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և մեքենաներում հայտնաբերել են ընդհանուր գործարանային համարով 11 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 հրացան, շուրջ մեկ տասնյակ նռնակ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի և հրազենների 800-ից ավելի փամփուշտ, զրահաբաճկոններ, գլխարկներ, սվին-դանակ և այլ զինամթերք։ Այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շարունակում են շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի տեղափոխելու արատավոր երևույթի դեմ։ [Ոստիկանություն]

 

19:47- ՄԻԵԴ-ը ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երևացող 3 հայ ռազմագերիների գործով մինչև նոյեմբերի 3-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություններ է պահանջել նրանց  գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Հոկտեմբերի 29-ին արդեն իսկ լրանում է տեսանյութում երևացող մյուս 5 ռազմագերիների գործով Ադրբեջանից տեղեկություններ ստանալու ժամկետը: Այսօր Ադրբեջանը պետք է ՄԻԵԴ պատասխան ներկայացնի: Եթե նրանք այսօր ներկայացնեն պատասխանները, ենթադրում եմ, վաղը դատարանը մեզ կփոխանցի այն։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

 

19:36 - Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում: Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ [Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին]

 

19:35- ԼՂ հակամարտությունը սկսվել է էթնիկական բախումներից։ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը ոչ մի արդյունավետ միջոց չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Հայերն իրենք են զենք վերցրել և արել դա։ Դա հանգեցրել է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի յոթ այլ շրջաններ հայտնվել են Հայաստանի վերահսկողության ներքո։ Այժմ Ադրբեջանը պնդում է էթնիկ հակամարտության հետ կապ չունեցող յոթ շրջանները վերադարձնելու իրավունքի մասին։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին]
Մենք ի սկզբանե ելնում էինք նրանից, որ պետք է խոսել 5+2 շրջաններն Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտում որոշակի ռեժիմ ապահովելով․ Վլադիմիր Պուտին Կարդալ ավելին

 

18:56- Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը  ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են, և հորդորել չճանապարհորդել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիների զգուշություն ցուցաբերել նաև Հայաստանում ճանապարհորդելիս: Կարդալ ավելին

 

18:48- Թշնամական ուժերի առաջխաղացման փորձերը կասեցնելու և վերջինիս մեծ չափերի կորուստներ հասցնելու համար փոխգնդապետ Սեյրան Վալերիի Հակոբյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Յուրային հրետանու հստակ ու պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար գնդապետ Արամ Այվարի Խաչատրյանը կներկայացվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Կարդալ ավելին

 

18:30- ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 47 զինծառայողների անունները:

 

18:28- Պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ: [Սիրանուշ Սահակյան, Արտակ Զեյնալյան]

 

18:23- Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է բարդ: Իրավիճակի շուտափույթ ապաէսկալացման և բանակցային գործընթացի վերսկսման նպատակով շարունակում ենք ջանքեր ներդնել, ինչպես ազգային մակարդակով,  այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով: Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա]

 

18:15- Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն։ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԼՂ հակամարտության մասին]

 

18:09- Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարեւան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հենց Թուրքիան մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից հայտարարված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչը, մինչև Ադրբեջանն այդ կապակցությամբ կարծիք կարտահայտեր։ [Զոհրաբ Մնացականյանը՝  «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում] Կարդալ ավելին 

 

18։03 - Ռազմական ավիացիա է կիրառվել նաև Ասկերան և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

17։41 - Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է։ Մինչև կեսօր իրավիճակը բնակավայրերում լարված էր: Արցախի տարբեր քաղաքներում օդային տագնապներ են եղել, նաև մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն էին աշխատում: Ստեփանակերտը հակառակորդը մի քանի անգամ հրթիռակոծել է, բայց ավերածություններ և մարդկային կորուստներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյան] |armenpress.am|

 

17։36 - ԵԱՀԿ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ, որում նաև ընդգծվում է որ հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները ԱՀ խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են: Նշվում է, որ Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը, ըստ էության, դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին։ [Արցախի ԱԳՆ]

 

15։48 - Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է։ [Նիկոլ Փաշինյանը՝ Թվիթերի իր էջում] |armenpress.am|

 

14։58 - Իրանը հանդես է եկել ԼՂ-ում իրավիճակի կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը ստանձնելու են տարածաշրջանի երկրները: Երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արագչիի խոսքով՝ առաջին փուլում Իրանի ծրագիրը «տարածաշրջանի երկրների կողմից գործնականորեն հետևելն է մի շարք սկզբունքների, ինչպիսիք են օկուպացիայի ավարտը, տարածքային ամբողջականության հարգումը, ինքնիշխանության հարգումը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, հումանիտար իրավունքների և փոքրամասնությունների իրավունքների հարգումը, քաղաքացիական անձանց և տարածքների վրա հարձակումների կանխումը»։ |tass.ru|

 

14։53 - ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է։ [ՊՆ խոսնակ]

 

14։52 - Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույց ունեցավ, որի ընթացքում նախարարը տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ: Նա նաև ընդգծեց, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում Ստեփանակերտը և Շուշին, հատուկ թիրախավորվել է նաև Ստեփանակերտի բուժհաստատությունը:

 

14։15 - [Թարմացում] Հայկական կողմին է փոխանցվել ռազմական  գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները: Հոկտեմբերի 29-ին ՌԴ բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները: Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ: [ՊՆ խոսնակ]

 

12։50 - Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։ Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման։ [ՀՀ ԱԳՆ] Կարդալ ավելին

 

12։05 - Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։
Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

11։56 - Օդային տագնապ է Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում։ [ԱՀ ԱԻՊԾ]

 

11։32 - Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ: Հայտնում են նաև, որ թուրքերը Վիեննայում հարձակվել են հայերի վրա: Վերջին օրվա ընթացքում սա նմանատիպ 4-րդ դեպքն է: [Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարրի գրասենյակը]

 

11։21 - «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը: [ՊԲ]

 

11։09 - ԼՂ-ում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Նա ասել է, որ խստորեն դատապարտում են բոլոր հարձակումները խաղաղ բնակավայրերի վրա, այդ թվում՝ Ստեփանակերտի և ԼՂ- այլ բնակավայրերի գնդակոծումը: Նրա խոսքով՝ նման հարձակումների համար ոչ մի արդարացում չի կարող լինել: |azatutyun.am|

 

10։31 - ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։

 

09։53 - ԼՂ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Այս մասին են ազդարարում վերջին իրադարձությունները։ Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Վերջիններս մահանում են տագնապալի ցուցանիշներով: Այս մասին գրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան միկրոբլոգում։ «Կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների մասին: Սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել: Խստորեն դատապարտում ենք  բռնությունների վերջին ալիքը»,- նշված է հաղորդագրության մեջ։ |shantnews.am|

 

09։31 - ԵՄ-ն անընդունելի է համարում, որ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնություններից հետո ԼՂ-ում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը։ ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորության մասին՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։ Նաև կողմերին կոչ է անում անհապաղ սկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առարկայական բանակցությունները, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել է Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին։ |armenpress.am|

 

09։21 - Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: [ԱՀ ԱԻՊԾ]

 

09։11- Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։ [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

09։03- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է ԱՀ խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Քիչ առաջ ՊԲ-ի ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները: [ՊԲ]

 

03:04 - Ստեփանակերտում րոպեներ առաջ ավարտվեց տագնապի ազդանշանը։  Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ արձակեց։ Նախնական տվյալներով տուժածներ ու ավերածություններ չկան։
[ԱՀ ԱԻՊԾ]

 

02։30 - Նախնական տվյալներով՝ վերջին րոպեներին Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվեց։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

01:53 - Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:  [Իտալիայում ՀՀ դեսպանություն]

 

00։55 - Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ: Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԳՆ]

 

00։47 - Քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ Մարտունիի, Մարտակերտի և Ստեփանակերտի բժշկական հաստատությունների, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա կանխամտածված հարձակումները, ինչպես նաև հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման՝ ապագայում դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով: [Արցախի ԱԳՆ]

 

00։06 - Հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել:Ադրբեջանը երրորդ անգամ անկարող է գտնվել հարգելու իր սեփական պարտավորվածությունները: Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է։ [Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը] |tert.am|

 

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ (10.10.2020-28.10.2020)

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (27.09.2020-09.10.2020)

Լուսանկարը՝ Պաշտպանության բանակի 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել