ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ
17:12 - 28 հոկտեմբերի, 2020

ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները: 

«Պետությանն աջակցողներին կօգնի նաև պետությունը: Պատերազմի օրերին մեկ նպատակի` հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: Պետությունը կազատի նրանց այդ հոգսից: Հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին:

Ըստ օրենքի, նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչություններից որևէ մեկին` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ առողջապահության նախարարությանը: Ի դեպ, սա վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումներին: Երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանը ընթացակարգի դեպքում:

Որպեսզի արտոնությունը կիրառվի, ԵԱՏՄ միասնական օրենսդրության պահանջով պետք է, այնուամենայնիվ, ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերը վճարված լինելու վերաբերյալ հայտարարություն: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է նաև հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեն ստացող նախարարություններին, որոնք էլ պետք է վավերացնեն փաստաթուղթը:

Ֆիզիական անձանց դեպքում արտոնությունից օգտվելու կարգն այլ է: Եթե ռազմական դրության օրերին անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան և նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել:

Ռազմա­կան դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ են նախատեսված նաև երրորդ երկրներից ներմուծումների և տեղական արտադրողների համար:

Հարկային արտոնության մյուս խումբը վերաբերում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներին: Օրինակ` շշալցված և հանքային ջրերը կամ այլ ապրանքատեսակներ այս օրերին հնարավոր է պետությանն անհատույց օտարել` առանց պիտակավորման:

Թե որ ապրանքները պետությանն անհատույց տրամադրելիս հարկեր չեն գանձվի, հնարավոր կլինի իմանալ Կառավարության սահմանած ցանկով: Մինչ այդ հարկային արտոնությունը գործում է սեպտեմբերի 27-ից հետո պետությանը նվիրաբերված բոլոր ապրանքների դեպքում:

Տնտեսվարողները, ովքեր սեպտեմբերի վերջին օրերին ներմուծած և մինչև այս օրենքի ընդունվելը պետությանն անհատույց տրամադրած ապրանքների համար արդեն կատարել են հարկային պարտավորությունները, պետք է գործարքը ճշգրտեն` էլեկտրոնային եղանակով հայտարարագիր ներկայացնելով: Էլեկտրոնային այս ընթացակարգերին տնտեսվարողները քաջատեղյակ են: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները պատրաստ են մանրամասն տեղեկատվություն տրամադրել նաև ֆիզիկական անձանց:

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007»:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել