Խաղաղ բնակիչներից անհաջողությունների վրեժը չենք լուծելու, կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի հետ․ Արծրուն Հովհաննիսյան
22:38 - 28 հոկտեմբերի, 2020

Խաղաղ բնակիչներից անհաջողությունների վրեժը չենք լուծելու, կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի հետ․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրումը իրականացվել է մեր կողմից, որից հետո շարունակվում են այլ բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն, շարունակվում են։ Հեշտ չէ միանգամից չեզոքացնել բարդ լեռնաանտառատեղանքում բավական մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ իրենք այստեղ մեծ հաջողություններ ունեն, որովհետև, ինչպես ասում ենք, մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք միանաշանակ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Վերջինս հայտնեց, որ որոշ ուղղություններով, կարծես թե, Ադրբեջանը լրիվ վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին, և այս կապակցությամբ հայկական կողմը հրավիրում է ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ ու հետևանքներ են լինելու, այլև ողջ տարածաշրջանի պետությունների ուշադրությունը։ 

«Մենք նշել ենք, որ մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես իրականացնում է Ադրբեջանի ԶՈՒ-ն և ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու հետ՝ լինի դա Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչ, Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչ կամ մեկ այլ պետության թե՛ ահաբեկիչ, թե՛ հրոսակ։ Իրենք դժոխքում են լինելու։ Հյուսիսային ուղղությամբ դիրքային բարելավման մասին նշեցի, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղ տար, որովհետև պատերազմ է, և ընթացքում լինում են և՛ նահանջներ, և՛ առաջխաղացումներ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել