Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է |armtimes.com|
12:05 - 31 հոկտեմբերի, 2020

Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է |armtimes.com|

armtimes.com: «Ի պաշտպանություն Արցախի՝ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից կազմակերպվող մոբիլիզացիոն աշխատանքները  աննախադեպ են. նրանք օգնում են հայրենիքին ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ մարդասիրական օգնությամբ, եւ կամավորներով, ե՛ւ իրենց երկրներում տարբեր քաղաքական ակտեր իրագործելով»։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ նման համախմբում, սփյուռքահայերի խոսքով, երբեւէ չի եղել։

Քաղաքական այդ ակտերը, որ դրսեւորվում են հիմնականում խաղաղ ակցիաների տեսքով, միշտ չէ, որ խաղաղ ավարտ են ունենում։ Ֆրանսիայի Վալանս, Նիցցա, Վիեն քաղաքներում, նաեւ ԱՄՆ-ում նախորդող օրերին դրանց հաջորդեցին սադրիչ գործողություններ, թուրքերի կողմից հայերի դեմ ուղղված հարձակումներ։ Նման հարձակումների, ինչպես նաեւ՝ հայերի անվտանգության հարցերի շուրջ Զարեհ Սինանյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ:

- Պարոն Սինանյան, սփյուռքահայերի խաղաղ ակցիաները  մի շարք երկրներում հանդիպում են թուրք-ադրբեջանական սադրիչ գործողությունների։ 2 օր առաջ հարձակումներ եղան Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, ԱՄՆ-ում, մարդիկ տուժեցին։ Ի՞նչ է պետք անել հայերի անվտանգությունը ապահովելու, նման սցենարներից խուսափելու համար։

- Մենք պետք է աչալուրջ լինենք եւ միշտ հիշենք, որ գործ ունենք թուրքերի հետ, որոնց լեզուն բռնությունն է՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում։ Մոտ 10 օր առաջ մենք կոչ էինք արել համայնքներին զգույշ լինել, խուսափել որեւէ առճակատումից, որովհետեւ թուրքերը եւ ադրբեջանցիները հաստատ փորձելու են սադրել մեր հայրենակիցներին եւ բախումները ռազմաճակատից տեղափոխել երրորդ երկրների տարածք, ինչպես արել են նախկինում։ Կհիշեք՝ 2020 թվականի Տավուշյան մարտերից հետո ինչպիսի կոնֆլիկտներ տեղի ունեցան Լոս Անջելեսից մինչեւ Մոսկվա, հետեւաբար, սպասելի էր այս ամենը։ Պատկերացրեք՝ երբ մենք սկսենք արդեն ռազմական հաղթանակներ տոնել, թուրքերն ինչպես են իրենց ողջ ատելությունը թափելու սփյուռքի մեր հայրենակիցների վրա։ Նախքան նման դեպքեր առաջանալը պետք է կապվել տեղի իրավապահների հետ եւ օգտագործել այդ ռեսուրսը անվտանգություն ապահովելու համար։ Դժվար է պատկերացնել՝ սրանից բացի ուրիշ ինչ քայլերի պետք է դիմել։ Բնական է՝ մենք կոչ չենք անելու ինքնապաշտպանական խմբեր կազմել, ամենակարեւորը զգուշությունն է, պետք է փորձեն որոշ ժամանակ մենակ չլինել, խմբերով շրջել եւ խուսափել ադրբեջանցիների եւ թուրքերի հետ կոնտակտի մեջ մտնելուց։

- Նախորդ օրը երեկոյան Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ տեղեկություններ են ստացել այնտեղ գտնվող հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների վերաբերյալ։ Ձեզ հայտնի՞ է՝ ինչ տեղեկությունների մասին է խոսքը, այնտեղ ի՞նչ է տեղի ունեցել։

- Կոնկրետ Նիդեռլանդների դեպք հայտնի չէ, բայց նման զգուշացումներ տարբեր համայնքներում մեր դեսպանատները անում են՝ հիմնվելով օպերատիվ տեղեկության վրա։ Եթե սոցիալական մեդիայում կամ այլ տեղերում տեսնում են, որ նման տեղեկություն է տարածվում կամ թերեւս, օրինապահ մարմիններն են հայտնում իրենց, իրենք էլ տեղեկացնում են մեր հայրենակիցներին։

- Իսկ Դուք հետեւո՞ւմ եք, թե նման սադրանքներին տեղի իրավապահների ինչ գործողություններ են հաջորդում, արդյո՞ք նրանք պատժվում են։

-Այո, հետեւում եմ, գիտեմ, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի գլխին մուրճով հարվածած անձին տասը տարվա ազատազրկում է սպառնում, քրեական գործ է  հարուցվել։ Սրանից երկու օր առաջ Ֆրեզնո քաղաքում էր մի անձ հարձակվել հայ ցուցարարների վրա, երեք հոգու դանակով վնաս էր հասցրել։ Այս դեպքով եւս քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալվել է։ Ես շատ կուզեի իմանալ՝ ինչ են արել Ֆրանսիայի իրավապահները երթի այն մասնակիցների դեմ, որոնք արշավ էին կազմակերպել եւ «ո՞ւր եք, հայեր, դուրս եկեք» վանկարկումներով, հայհոյանքներ տալով՝ հայերին էին փնտրում, որ հաշվեհարդար տեսնեին նրանց հետ։ Դրա մասին դեռ տեղեկություն չունենք։

- Հստակ գիտե՞ք, թե մուրճերով հայերի վրա հարձակված թուրքերից քանիսն են ձերբակալվել։

- Ոչ, առայժմ գիտեմ, որ քրեական գործ է հարուցվել։ Տեսանյութում երեւում է, որ փախուստի դիմողներից երկուսը գետնին ընկած են ուշաթափ վիճակում, հայ երիտասարդները նրանց պատժել էին, ուզում եմ ասել՝ ոմանց չի հաջողվել փախչել, նրանց էլ էին հիվանդանոց տարել։

- Իսկ Ֆրեզնոյում հայերի վրա հարձակված քաղաքացին ի՞նչ ազգություն ուներ։

- Նա ամերիկացի էր, ազգանունը՝ Ֆոնսեկա, դա պորտուգալական ազգանուն է, այդ կողմերում Պորտուգալիայի ծագումով շատ ամերիկացիներ են ապրում, հետեւաբար զարմանալու բան չկա։

-Կարելի՞ է ենթադրել, որ այլազգի քաղաքացիների միջոցով են թուրքերը փորձում իրենց սպառնալիքները ի կատար ածել։

- Չեմ կարծում, որ Ֆրեզնոյի դեպքը նման բան է մեզ հուշում, որովհետեւ այդ մարդը պարզապես վրդովել էր, որ հայերը ճանապարհը փակել էին, եւ ինքը չէր կարողանում ուզած տեղը հասնել։

- Առհասարակ, էթնիկ հողի վրա ատելության կոչ, սպառնալիքներ հնչեցնելու համար պատասխանատվություն սահմանված է աշխարհում, ճի՞շտ է։

- Այո, արեւմտյան աշխարհում, իհարկե, սահմանված է։ Հատկապես Ռուսաստանում շատ խիստ է, ինչը եւս բնական է. Ռուսաստանը, լինելով բազմաէթնիկ երկիր, շահագրգռված չէ իր տարածքում էթնիկ բախումներ թույլ տալու, հետեւաբար կարծում եմ, որ բոլոր տեղերում էլ մեր հայրենակիցները պաշտպանված են։ Առավել մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ստամբուլից, նաեւ՝ Միջին Արեւելքի որոշ երկրներից, Իրանից, ասում են՝ մեր հայրենակիցները շատ տեղերում ահաբեկված են, փորձում են տներից շատ դուրս չգալ: Դա, իհարկե, շատ անհանգստացնող է։ Ունենք մոտ 200 հայրենակից, որոնք լքել են Ստամբուլը եւ հիմա ՀՀ-ի ճանապարհին են. եթե չեմ սխալվում, երեկ Վրաստանում էին, ամենայն հավանականությամբ, արդեն հասած կլինեն Հայաստան։

- Զգուշավորություն դրսեւորելո՞վ են եկել թե՞ միջադեպ է եղել։

- Իմ կարծիքով՝ զգուշավորություն են դրսեւորել, բնական է, որ նման մթնոլորտում շատ ճնշող է մնալ եւ պատրանք ունենալ, թե ապահով կլինեն։ Պատերազմից առաջ մենք հետեւում էինք՝ ինչ թվով լիբանանահայեր են վերադառնում հայրենիք, սակայն պատերազմը մեր պրոֆիլը, մեղմ ասած, փոխեց, հիմա դժվար է հստակ ասել, թե քանիսն են այս ընթացքում վերադարձել։

Շարունակությունը՝ armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել