Ադրբեջանցիների ձեռքում հայաստանցիների կամ արցախցիների փաստաթղթերի հայտնվելը չի նշանակում, որ վերջիններս զոհված կամ գերեվարված են
16:58 - 02 նոյեմբերի, 2020

Ադրբեջանցիների ձեռքում հայաստանցիների կամ արցախցիների փաստաթղթերի հայտնվելը չի նշանակում, որ վերջիններս զոհված կամ գերեվարված են

Պատերազմի այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություններ է տարածում ոչ միայն իր քաղաքացիների մոտ իրադրության ցանկալի պատկեր ստեղծելու համար, այլ նաեւ սոցցանցերի հայաստանյան տիրույթում՝ փորձելով խուճապ առաջացնել։

Ֆեյսբուքում ադրբեջանցի մի օգտատեր, որն, ըստ ամենայնի, ադրբեջանական զինված ուժերի ծառայող է, իր էջում տեղադրել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Բաբայանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամատոմսը՝ կից ներկայացնելով, թե վերջինս զոհված է։

Нет описания.

Սա բացարձակ ապատեղեկատվություն է․ Infocom-ը կապ հաստատեց Լիլիթ Բաբայանի հետ․ նա ողջ է, առողջ, այժմ Սիսիանում է՝ հորական տանը։

Թե ինչպես է նրա կուսակցական անդամատոմսը հայտնվել ադրբեջանցիների ձեռքում՝ ավելի քան պարզ է։ 

Բաբայանը շուրջ ութ տարի ապրել է Արցախի Մատաղիսի շրջանում։ Նրա ամուսինը Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է։ Երբ վերջինս մեկնել է դիրքեր՝ ծառայության, տիկին Բաբայանը տեղափոխվել է Սիսիան՝ հորական տուն, սակայն իր հետ չի վերցրել փաստաթղթերը։ 

Եւ, ինչպես հայտնի է, արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին օրերից հակառակորդը թիրախավորել էր նաեւ Մատաղիսի ուղղությունը։ Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են Ջաբրայիլի, Ֆիզուլու, Թալիշի, Եղնիկների եւ Մատաղիսի հատվածները։ Հոկտեմբերի 4-ին էլ հայկական ԶՈՒ-երը Մատաղիս տանող ճանապարհին խոցել էին հակառակորդի ավտոշարասյունը։ Իսկ հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան վերախմբավորումներ։ 

Եւ քանի որ հակառակորդն այժմ դիվերսիոն խմբերով թափանցում է տարբեր ուղղություններով, (ինչպես այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչը), հնարավոր է, որ այդ ընթացքում Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների փաստաթղթերն ինչ-ինչ հանգամանքներում հայտնվեին նրանց ձեռքում։ Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ պատերազմի առաջին օրերին Արցախի՝ հատկապես մարտագծին մոտ գտնվող բնակավայրերից քաղաքացիները ժամանակավորապես տարհանվել են, նրանցից ոմանք գուցե չեն հասցրել իրենց հետ տանել փաստաթղթերը։

Այսպիսով, ադրբեջանական կողմի՝ հայաստանցիների կամ արցախցիների անձնական փաստաթղթերի հրապարակումը դեռեւս չի նշանակում, որ նրանք զոհված կամ գերեվարված են։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել