Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին են զինում համանախագահ երկրները |fip.am|
21:41 - 03 նոյեմբերի, 2020

Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին են զինում համանախագահ երկրները |fip.am|

fip.am: Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտառոց հայտարարություն էր արել. նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին մեղադրել էր Հայաստան զենք մատակարարելու մեջ՝ հայտարարելով, որ այդ երեք երկրները Հայաստանին ամեն տեսակի զենք են տրամադրում։

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, ուսումնասիրել է, թե ինչքանով է իրականում Էրդողանի պնդումը համապատասխանում իրականությանը։

Ռուսաստան

Ռուսաստանը բազմապիսի զինատեսակներ է մատակարարում արցախյան հակամարտության երկու կողմերին էլ։ Հենց Ռուսաստանն է մատակարարել Հայաստանի և Ադրբեջանի զինանոցի մեծ մասը։ Հայաստանի դեպքում Ռուսաստանից ներկրված զենքերի կշիռը, իհարկե, ավելի մեծ է։ Այսպես, ըստ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI)՝ 2007-11 թթ. Հայաստան ներմուծված զենքերի 96 տոկոսը եկել է Ռուսաստանից, իսկ 2015-19 թթ.՝ 94 տոկոսը։ Դեռ 1993-94 թթ. Ռուսաստանը Հայաստան է մատակարարել զգալի չափով զենք, այդ թվում՝ մի քանի տասնյակ տանկ, հարյուրավոր հակատանկային և զենիթահրթիռային համալիրներ։

Ադրբեջանի զինանոցում ևս ռուսական զենքի կշիռը բավական մեծ է։ Դեռ 2013 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանից գնել են 4 մլդ դոլարի զենք։ Ըստ SIPRI-ի՝ 2009-13 թթ. Ադրբեջանի ներկրած զենքի 80 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Հենց այս տարիներին էր Ադրբեջանը սկսել իր զինանոցը հարստացնել։ Հաջորդող տարիներին Ռուսաստանի կշիռը զգալիորեն ընկավ, քանի որ Ադրբեջանը զենքի նոր մատակարարներ էր գտել (Թուրքիա և Իսրայել)։   2015-19 թվականներին, ամեն դեպքում, Ռուսաստանից զգալի քանակի զենք է ներկրվել։ Ըստ SIPRI-ի՝ այդ տարիներին Ադրբեջանի գնած զենքի 30 տոկոսն է եկել Ռուսաստանից։

Ֆրանսիա

Ֆրանսիան, ինչպես Fip.am-ն արդեն գրել է՝ հիմնվելով պաշտոնական աղբյուրների վրա, մոտ 150 մլն եվրոյի զենք է վաճառել Ադրբեջանին, որի ճնշող մասը՝ 2015 թվականին։ Հայաստանին Ֆրանսիան, ըստ ԵՄ կողմից հրապարակված պաշտոնական տվյալների, 2013-2019 թթ. ընթացքում վաճառել է միայն 4 հազար եվրո արժողությամբ զենք կամ՝ Ադրբեջանին վաճառված զենքից մի քանի տասնյակ անգամ քիչ։

ԱՄՆ

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն ուղղակիորեն զենք չի մատակարարել ո՛չ Հայաստան, ո՛չ էլ Ադրբեջան։ Ըստ SIPRI-ի տվյալների բազայի՝ ԱՄՆ-ն զենք չի վաճառել Հայաստանին, իսկ Ադրբեջան մատակարարել է միայն զրահամեքենաների 140 դիզելային շարժիչներ։

Միացյալ Նահանգները, սակայն, և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին երկար տարիներ տրամադրում է ուղիղ ֆինանսական աջակցություն՝ անվտանգության, այդ թվում՝ ռազմական ոլորտում (security assistance)։ ԱՄՆ-ն վերջին 20 տարում այս ոլորտի աջակցման համար Ադրբեջանին տրամադրել է երկու անգամ ավելի շատ գումար, քան Հայաստանին։

Այսպիսով, ըստ Միջազգային քաղաքականության կենտրոնի (Center for International Policy) կողմից գործարկվող Security Assistance Monitor կայքի, 2000—2020 թվականներին, ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել գրեթե 210 մլն դոլարի օգնություն անվտանգության ոլորտում, իսկ Ադրբեջանին՝ ավելի քան 418 մլն դոլարի։

 

Ավելին, Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում՝ 2017-2020 թթ., Հայաստանը ստացել է ընդամենը 16 մլն դոլար, իսկ Ադրբեջանը՝ գրեթե 106 մլն դոլար։ Մինչդեռ  նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը (2009-2016 թթ.) հավասարաչափ գումար է տրամադրել երկու երկրներին։ Հայաստանը նրա նախագահության շրջանում ստացել է 117 մլն դոլարի աջակցություն, իսկ Ադրբեջանը՝ 114 մլն դոլարի։

Իսկ Ջորջ Բուշի նախագահության շրջանում (2001-2008 թթ.) Ադրբեջանին տրամադրվել է երկուսուկես անգամ ավելի (196 մլն դոլար), քան Հայաստանին (76.5 մլն դոլար)։

Հայաստանը և Ադրբեջանը նաև անվտանգության ոլորտի օգնություն են ստացել Բիլլ Քլինթոնի նախագահության վերջին տարում՝ 2000 թվականին, երբ Հայաստանին բաժին էր հասել 542 հազար դոլար, իսկ Ադրբեջանին՝ 1․9 մլն դոլար։ 

2000-2020 թթ. ԱՄՆ կողմից Հայաստանին տրված մոտ 210 մլն դոլարի աջակցության մոտ 85 տոկոսը (177 մլն) հատկացվել է հինգ ծրագրի շրջանակում՝

  • 70.8 մլն դոլար (34%)՝ նախկին Խորհրդային Միության զանգվածային ոչնչացման զենքերի և կապակցված ենթակառուցվաքների ոչնչացման համար
  • 51.3 մլն դոլար (24%)՝ ուղղակի ֆինանսավորում՝ ԱՄՆ-ից ռազմական ոլորտի ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման համար 
  • 19.2 մլն դոլար (9%)՝ սարքավորումներ և վարժանքներ թմրամիջոցների տարածման և այլ հանցագործությունների դեմ պայքարի համար
  • 19.1 մլն դոլար (9%) ՝ Ազատության աջակցման ակտի (FREEDOM Support Act) շրջանակում
  • 16.1 մլն դոլար (8%)՝ հակաահաբեկչական, ականազերծման և կապակցված ծրագրերի համար

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2000-2020 թթ. Ադրբեջանին ցույց տրված 418 մլն դոլարի աջակցության ավելի քան 80 տոկոսը (338.5 մլն դոլար) տրվել է չորս ծրագրերի շրջանակում՝ 

  • 146 մլն դոլար (35%) նախկին Խորհրդային Միության զանգվածային ոչնչացման զենքերի և կապակցված ենթակառուցվաքների ոչնչացման համար
  • 101.5 մլն դոլար (24%) գործընկերների կարողությունները զարգացնելու նպատակով, հատկապես հակաահաբեկչական գործողությունների, թմրանույթների կանխարգելման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ջրային և ցամաքային սահմանների անվտանգության, ռազմական հետախուզության գործողությունների նպատակով
  • 51.3 մլն դոլար (12%) ուղղակի ֆինանսավորում՝ ԱՄՆ-ից ռազմական ոլորտի ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման համար 
  • 39.7 մլն դոլար (10%) հակաահաբեկչական, ականազերծման և կապակցված ծրագրերի համար։ 

Կարդալ ավելին՝ fip.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել