Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քրգործերի էական աճ է սկսվել. ՔԿ նախագահի տեղակալ |armenpress.am|
15:30 - 04 նոյեմբերի, 2020

Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քրգործերի էական աճ է սկսվել. ՔԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին շրջանում քրեական գործերի էական աճ է արձանագրվել:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Բոլորիս հայտնի պատճառներով՝ գնալով քրեական գործերի վարույթների քանակը, նյութերի նախապատրաստումը, քրեական գործերի նախաքննության ծավալները մեծանում են, քրեական գործերի աճը տարեցտարի, նույնիսկ հաշվետու կիսամյակային շրջաններով արդեն ակնհայտ է: 2017-ին վարույթում քննվել է 20 հազար 57 գործ, 2018-ին՝ 25 հազար 675 գործ, 2019-ին՝  32 հազար 960 գործ, 2020-ի առաջին կիսամյակում եղել է 17 հազար 510 գործ: Բայց վերջին իրադարձություններով պայմանավորված՝ արդեն քրեական գործերի էական աճ է սկսվել՝ հատկապես զինվորական բնագավառում»,-ասաց Մելիքյանը:

Նա նշեց՝ չնայած նախատեսել էին, որ 2021-ին վարույթում կլինի մոտ 33 հազար գործ, բայց հաստատապես ավելի շատ կլինի: Մելիքյանը նկատեց, որ գործերի քանակի հետ կապված՝ քննիչների ծանրաբեռնվածությունն ավելի է աճելու:

Անդրադառնալով 2021-ի բյուջեին՝ նա նշեց, որ բյուջեով նախատեսվում էր 5 ծրագրով ֆինանսավորում ստանալ, սակայն 4-ն է լինելու: Քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառումը չի նախատեսվել, քանի որ վարչապետի մոտ կայացած խորհրդակցությանն առաջարկվել է միջոցառումով նախատեսված անհրաժեշտ գրասենյակային գույքի, համակարգչային տեխնիկայի և այլ սարքերի ձեռքբերման պահանջները ներկայացնել փոխվարչապետի գրասենյակ: Դա կատարվել է, և խնդիրը կարգավորվել է այդ ծրագրի շրջանակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել