azatutyun.am։ Պատմական քվեարկություն`պատմական արդյունքներով. Եղեռնից ավելի քան մեկ դար անց`այսօր, ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով:

Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

«Սա մի քվեարկություն է, որին տասնյակ հազարավոր ամերիկահայեր տասնամյակներով են սպասել»,֊ քննարկմանը հայտարարեց Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը: Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականը,որ ավելի քան տասը տարի է`փորձում էր Ներկայացուցիչների տան օրակարգ բերել այս հարցը, ելույթի ընթացքում չկարողացավ հուզմունքը զսպել.- «Մենք չենք կարող ընտրողաբար որոշել, թե մարդկության դեմ ո՛ր հանցագործություններն են քննարկման համար նպատակահարմար, որոնք` ոչ:

Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանությունը քողարկել մեղմասացության տակ, և չպետք է լռենք`օտար պետության վախից»,֊հայտարարեց նա, հավելելով, - «1915֊ը վերապրածների և նրանց սերունդների համար «ցեղասպանություն» բառը սուրբ է, քանի որ նշանակում է`աշխարհը չի մոռացել և չի մոռանա: Ցեղասպանության ժխտումը, մյուս կողմից սրբապղծություն է, ինչպես Էլի Վիզելն էր ասել` կրկնակի սպանություն»:

Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթների ընթացքում կոնգրեսականներից որևէ մեկը, ըստ էության, ցեղասպանության փաստը կասկածի տակ չդրեց: Հանրապետական Մայքլ Բերջեսը միայն հարց բարձրացրեց` ինչու է Ներկայացուցիչների տունը ժամանակ ծախսում մեկ դար առաջ տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ բանաձևի վրա, այն դեպքում, երբ տարեվերջին հաշվված օրեր են մնացել, և բազմաթիվ չլուծված հարցեր մնում են օդում կախված: «Անհասկանալի է` ինչու ենք մենք հրատապությամբ քննարկում օրենքի ուժ չունեցող այս բանաձևը», - տարակուսում էր Տեքսասից ընտրված կոնգրեսականը:

Վերջինիս կուսակից Գաս Բիլիրակիսի արձագանքը չուշացավ. «Ցեղասպանությունը` երբ և որտեղ էլ այն պատահի, չի կարող անտեսվել», - հայտարարեց հանրապետականը, ընդգծելով, - «այսօր մենք վերջ ենք դնում հարյուրամյա լռությանը, որպեսզի զանգվածային կոտորածների և սպանությունների նկատմամբ միջազգային անտարբերության ևս մեկ շրջափուլ չսկսվի»:

«Երբ ասում եք «այլևս երբեք», պետք է գիտակցեք, թե ինչ է դա նշանակում»,-հավելեց Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ունեցող դեմոկրատների առաջնորդ Սթենի Հոյերը, արձանագրելով`հայերի հետ տեղի ունեցած ոճրագործությունից ավելի քան հարյուր տարի անց`այսօր էլ քրդերն են Սիրիայի հյուսիսում հարկադրված թողնում սեփական բնակավայրերը`թուրքական հարձակումից պաշտպանվելու համար:

«Թուրքիային սիրաշահելու ժամանակներն այլևս ավարտվել են», - իր հերթին փաստեց դեմոկրատ Բրեդ Շերմանը, արձանագրելով` Ամերիկան վաղուց պետք է ճանաչած լիներ Հայոց Ցեղասպանությունը, սակայն շատերն էին հորդորում խուսափել այդ քայլից`Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու համար:

«Մեր զորքը ետ քաշվեց Սիրիայից, մենք լքեցինք այդ տարածքը թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սա է իրական դաշնակցային հարաբերությունը»,-հայտարարեց Շերմանը, ով բանաձևի ընդունումից հետո Թվիթերում շնորհակալություն էր հայտնել ոչ միայն փաստաթղթի հեղինակներին, այլև`Թուրքիայի նախագահին: «Առանց ձեզ, պրն. Էրդողան, մենք այս հանգրվանին չէինք հասնի», - գրել էր Շերմանը:

Թուրքիայի քաղաքականությունը դատապարտելուց բացի կոնգրեսականները նաև սեփական կառավարությանն էին դիմում` կոչ անելով հետևել իրենց օրինակին և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ամեն տարի մենք հավաքվում ենք `սգալու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր, սակայն, մենք կարող ենք ուժ և համարձակություն գտնել`դատապարտելու ատելությունը, բռնությունը, անհանդուրժողականությունը , այսօր մենք կարող ենք հավատով, հույսով ու խաղաղությամբ լի ապագա կառուցել մարդկության համար: Չէ որ հենց այդ ենք մենք`ամերիկացիներս»,֊հայտարարեց Ներկայացուցիչների տան խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին:

«Մենք պարտավոր ենք, հարգելով պատմությունը, անկեղծորեն հայտարարել, որ 1.5 միլիոն հայերի սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,֊պնդեց հայկական հանձնախմբի համանախագահ, բանաձևի համահեղինակ Ֆրանկ Փալոնը, ընդունելով`փաստաթուղթը չի կարող մեղմել այն սարսափը,որ ապրել են ցեղասպանության ականատեսները, չի կարող մոռացնել այն ցավը, որ կրում են նրանց սերունդները, բայց կարող է հավատ ներշնչել ապագայի հանդեպ:

«Միացյալ Նահանգները մշտապես պետք է դատապարտի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, և պետք է անի ամեն հնարավորը՝ կանխելու և դադարեցնելու վայրագությունները»,֊հայտարարեց նա:

Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ օրենքի պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը միաժամանակ խորհրդանշական մեծ նշանակություն ունի և կարող է է՛լ ավելի սրել թուրք֊ամերիկյան`առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ավելի քան երեք տասնամյակ առաջ`1984-ին էր ընդունել. նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը: