Գյումրիի ավիամոդելային խմբակում ԱԹՍ-ների կառավարման արագացված դասընթացներ են կազմակերպվել |shantnews.am|
20:49 - 06 նոյեմբերի, 2020

Գյումրիի ավիամոդելային խմբակում ԱԹՍ-ների կառավարման արագացված դասընթացներ են կազմակերպվել |shantnews.am|

shantnews.am: Գյումրիի ավիամոդելային խմբակը սկսել է անօդաչու թռչող սարքերի կառավարման արագացված դասընթացներ:Դրանք նախատեսված են 20-ից 35 տարեկանների համար։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները հասցնում են ծանոթանալ անօդաչու թռչող սարքերի տեսակներին, կառուցվածքին, դրանցից պաշտպանվելու կանոններին և ձեռք բերել կառավարելու հմտություններ: Արագացված դասընթացներին մասնակցելու և ռազմաճակատին օգնելու ցանկություն ամբողջ Հանրապետությունում հայտնել են մոտ 2000 կամավորներ:

Գյումրիի ավիամոդելային խմբակը սկսեց գործել 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո: 4 տարիների ընթացքում թռչող սարքերի մոդելավորում և կառավարում այստեղ սովորում էին միայն պատանիները: Հիմա արդեն խմբակի լսարանում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքը ժամանակավորապես մի կողմ են թողել ու թռչող սարքերի կառավարում են սովորում։ Բանասերը, տնտեսագետն ու ուսուցիչը միասին հիմա ուսումնասիրում են թռչող սարքերի կառուցվածքը:

Առայժմ թռչող սարքերը վիրտուալ են կառավարում: Հատուկ համակարգչային ծրագիրը թույլ է տալիս որոշակի հմտություններ ձեռք բերել դաշտային նաև լեռնային պայմաններում թռչող սարքերը գործարկելու համար:

Արագացված դասընթացներ կազմակերպելու միտքը Գյումրիի ավիամոդելային խմբակում ծնվել է պատերազմի առաջին օրերին: Ընդամենը մի քանի օրում կամավորների թիվը մոտ 2000-ի է հասել, և դասընթացների անցկացումը Գյումրիի ավիամոդելային խմբակի սահմաններից դուրս է եկել:

«Դասընթացների անցկացման մասին հայտարարություն տարածեցինք: 1-2 օրվա ընթացքում 100 հոգի անդամագրվեց: Հետո մեր հայտարարությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածեց ու դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվը  հիմա 1800-ից ավելին է:Պատերազմում լայնորեն կիրառվում են ԱԹՍ-ներ և որոշեցինք մեր ուժերի չափով օգնենք նրանց, որոնք կամավորագրվել են: Գոնե օդային տագնապի ժամանակ կիմանան, թե ինչպես ճիշտ վարվել և ԱԹՍ-ի ձայնից հասկանալ, թե որ կողմից է մոտենում»,-shantnews-ին ասել է Գյումրիի ավիամոդելային խմբակի կամավոր Տարոն Ասատրյանը:

Դասընթացների մասնակիցների համար անօդաչու թռչող սարքերի տասնյակ ուսումնական մոդելներ են պատրաստել: Երբ գործնական պարապմունքների թույլտվություն ստանան, դրանք դաշտային պայմաններում կփորձարկեն: Խմբակի սաների նախագծած ու ստեղծած թռչող սարքերը նախատեսված են դաշտային պայմաններում 1-1,5 կմ թռիչք իրականացնելու համար: Ուսումնական մոդելները ռազմականի վերածել տեսականորեն հնարավոր է:

Գյումրիի ավիամոդելային խմբակը նաև դրամահավաք է սկսել: Գյումրիի խմբակը Հանրապետությունում միակն է և դրամահավաքի նպատակը  գործունեության ընդլայնումն է: Լոռիում և Տավուշում ավիամոդելային խմբակներ բացելու նախնական պայմանավորվածություններ կան: Դրանք ռազմարդյունաբերությունում ինժեներական մտքի զարգացման , հետագայում նաև զինված ուժերում առանձին ստորաբաժանումների ստեղծման հիմք կարող են դառնալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել