Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել ՄԻԵԴ |hetq.am|
12:32 - 12 նոյեմբերի, 2020

Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել ՄԻԵԴ |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս պահին ավելի մեծ փաթեթ է պատրաստվում ՄԻԵԴ ուղարկելու նպատակով:

 

 

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմի սկսման հենց առաջին օրվանից շատ փաստաթղթեր են ներկայացվել ՄԻԵԴ, և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի» գործերով այդ երկրների նկատմամբ դատարանի կողմից միջանկյալ միջոց է կիրառվել:

«Դրան զուգահեռ, սեպտեմբերի 27-ից՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, օր է եղել՝ նաև երկու անգամ, հավաքագրված փաստերը, ապացույցներն ուղարկվել են ՄԻԵԴ, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հետ կապված»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Մասնավորապես, ապացույցներ են ներկայացվել, ներկայում էլ պատրաստվող փաթեթում ներառվելու են փաստեր, ապացույցներ խաղաղ բնակիչների սպանության, արգելված զենքերի, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զենքերի օգտագործման, ոչ ընտրանքային հարձակումների, Ադրբեջանի իշխանության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, մշակութային արժեքների վնասման, ոչնչացման մասերով:

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել, որով կոչ է արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով ապահովվող իրավունքների խախտմանը, այդ թվում՝ վտանգի տակ դնել նրանց կյանքն ու առողջությունը։ Նույն որոշմամբ ՄԻԵԴ-ը կոչ է արել կողմերին կատարել Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և խոշտանգումների, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի և պատժի արգելքի մասով:

Արդեն հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը, Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով, կրկին որոշել է կիրառել միջանկյալ միջոց` այս անգամ կոչ անելով հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր պետություններին, ներառյալ՝ Թուրքիային, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են քաղաքացիական անձանց՝ Կոնվենցիայով ապահովվող իրավունքների խախտմանը և հարգել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները:

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել