lragir.am: «Իմ քայլը խմբակցությունը, որը պատսպարված էր տարատեսակ գրասենյակների նկուղներում, ապաստարաններում, հանդես եկավ մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը։ Ընդունում են Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ որոշման պատասխանատվությունը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով՝ մինչև երեկ հույս կար, որ «Իմ քայլը» խմբակցությունը տեղյակ չի եղել ստորագրված պայմանագրի բովանդակությանը։

««Իմ քայլը» խմբակցության այն անդամները, ովքեր համարձակություն կունենան հայտարարելու, որ իրենք ստորագրում են այս հայտարարության տակ, հավասարապես կիսում են պատասխանատվությունը ստորագրված դավաճանական հայտարարության ու որոշման մասով։ Ես այս պահին արեն իսկ ունեմ տեղեկատվություն, փաստերը ձեռիքս տակ առկա են, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով Իմ քայլը խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն իսկ նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել և բնականաբար պատասխանատվություն չեն կրում։

Ես հիմա ակնկալում եմ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներից, որպեսզի անվանական բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հաղորդագրության տակ, որպեսզի մենք հասկանանք, թե ովքեր են ԱԺ այն պատգամավորները, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավասարապես կիսում են Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը։ Ազգը պետք է անուն առ անուն իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ»,- ասաց Իվետո Տոնոյանը։

Նա կոչ արեց «Իմ քայլի» պատգամավորներին դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնեն հնարավորություն, որպեսզի կարողանան նրանց փրկել ժողովրդի ցասումից։