Վարչապետը հերքեց, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին ավելի նպաստավոր պայմաններում
13:12 - 16 նոյեմբերի, 2020

Վարչապետը հերքեց, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին ավելի նպաստավոր պայմաններում

ՀՀ վարչապետն  այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր նրան, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին, ինչպես պնդում են՝ ավելի նպաստավոր պայմաններում։ Հարց է հնչել, որ եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ չի ստորագրվել, եթե ոչ, ապա ինչպես կպարզաբանի վարչապետը հանգամանքը, որ խաղաղապահները Շուշիի ընկելուց առաջ արդեն տեղափոխվում էին Հայաստան։

«Վերջին փաստը բացարձակապես անհիմն տեղեկություն է, այդպիսի բան չկա, խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո։ Տարբեր փաստաթղթեր նույնպես չեն եղել, եղել են առաջարկներ, ինչպես պատերազմից առաջ, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Արդբեջանին՝ այդ թվում Շուշին, եւ առանց կարգավիճակի»,- ասել է վարչապետը։

Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց կա, վերջինս պատասխանել է, որ իր օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն եւ անվտանգություն ապահովելը։

«Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն պնդմանը, թե արդյոք հանրային վստահությունը վարչապետի նկատմամբ բավարար է, որ նա մասնակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին Ադրբեջանի հետ, Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը պետք է բանակցի այդ բանակցություններին։

«Բայց հիմա տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձեւավորման գործընթաց, եւ եթե պարզվի, որ հանրային վստահությունը բավարար չէ, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին, եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է»,- հավելել է Փաշինյանը։

Վարչապետտի խոսքով՝ Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի, որովհետեւ Արցախի ՊԲ-ն Արցախի ՊԲ-ն է։

«Երբ ես խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, նրանց մի հսկայական մասը հենց Արցախի ՊԲ-ի զինվոր է։ Սա նշանակում է, որ Արցախի ՊԲ-ն կա եւ շարունակելու է գոյություն ունենալ, պետք է զարգանա եւ երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակ է ունենալու Արցախի ՊԲ-ն ռուս խաղաղապահների մուտքից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել