Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:02 - 16 նոյեմբերի, 2020

Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պետք է արձանագրենք, որ մեր պետության նկատմամբ տեղի է ունեցել դավաճանություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ես նկատի չունեմ Ձեր ստորագրած հայտարարությունը, նկատի ունեմ այն իրողությունը, որ մենք միայն պատերազմի ընթացքում արձանագրեցինք, որ ունենք տոտալ անպատրաստ վիճակ, որը վերաբերում էր ընդհանրապես անվտանգության բոլոր մարմիններին, պաշտպանական գերատեսչությանը, դիվանագիտական ամբողջ համակարգին։ Պետք է խոստովանենք, որ Դուք ու Ձեր թիմը ձախողել եք այյս բոլոր ուղղություններով, եւ ավելի մեծ դավաճանություն է, որ ցայսօր ՊՆ, ԱԳՆ ղեկավարները, ԱԽ քարտուղարը շարունակում են պաշտոնավարել։ Առնվազն Դուք նաեւ պիտի հորդորեիք նրանց ժամ առաջ հրաժարական տալ եւ դրանով ավելի հասկանալի ու ընկալելի դառնալ հասարակությանն ու դժգոհ շրջանակներին: Այս իրավիճակից ելքը բացառապես Ձեզանով եմ պայմանավորում»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը պիտի առաջարկի ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները։

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով, որ յուրաքանչյուր օղակի գործունեությունը վերլուծվում է, կարվեն հետեւություններ։

«Ինչ վերաբերում է անելիքներին՝ մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության եւ օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է։ Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետեւ մենք խնդիր ունենք ՀՀ-ում վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը, եւ ժողովրդավարական քննարկում ծավալելեու հնարավորությունը։ Կառավարության առաջին խնդիրն այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին։ Ես ասել եմ, որ մեր խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում հետագա որեւէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ասելով՝ նկատի ունի՝ բացառված է, որ ինքը որեւէ այնպիսի քայլ անի, որի արդյունքում կվտանգվի ազատ, օրինակ, արդար թափանցիկ ձեւով իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքն այդպիսի քայլ երբեք չի անի, իսկ որ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորություն պիտի ունենա եւ էդ խոսքի արտահայտման եզրահանգումը պիտի կասկած չհարուցի, աներկբա է։

«Մենք, այո, գնալու ենք այդ ճանապարհով՝ ապահովելով նախ հանրային կայունությունը, անվտանգությունը եւ համերաշխությունը։ Իսկ վերջինն ինչպե՞ս է հնարավոր ապահովել ամենահակադիր տեսակետներ ունեցող քաղուժերի միջեւ․ դրա համար կա մի պայման․ բոլոր քաղաքական ամսնակիցները եւ գործող անձինք հստակ արձանագրեն, որ դատապարտում են բռնության որեւէ դրսեւորում եւ իրենց գործիքակազմում որեւէ պարագայում չի լինելու բռնության դրսեւորում։ Մյուս կողմից, ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգն ի վիճակի է կանխել այդպիսի որեւէ դրսեւորում»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել