Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը
19:48 - 16 նոյեմբերի, 2020

Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտություն: Այս մասին ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ընթացքում՝ իրենց հետագա քայլերը ներկայացնելիս, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր, սակայն ամեն ինչ ավարտված չէ. անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի: Պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումն Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախության»,- ասաց Ւշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով՝ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է բանակցող, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այնուհետև նա ներկայացրեց այն սահմանադրական ճանապարհը, որով պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարակին․

«Կա երկու ճանապարհ։ Առաջինը, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հասկանար, հրաժարական տար: Այդ ճանապարհից ինքը հրաժարվել է: Երկրորդ օրինական ճանապարհը հետևյալն է. անհապաղ Ազգային ժողովը պետք է հրավիրի արտահերթ նիստ երկու օրակարգով՝ ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն: Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է  ընտրի վարչապետ, ժողովորդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է երեք խնդիր. 

1. հնարավորինս վերատեսչության ենթարկի զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնի մեր կորուստները,

2. արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, 

3. սեղմ ժամկետներում կազմակերպի ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը և կձևավորի նոր իշխանություն:

Պետք է հասարակական ճնշման տակ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը գնա այս քայլերին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել