Ծառուկյանը խախտել է օրենքը, եզրակացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |azatutyun.am|
16:29 - 18 նոյեմբերի, 2020

Ծառուկյանը խախտել է օրենքը, եզրակացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ լինելով պատգամավոր` միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ։

Սահմանադրության 95 հոդվածի համաձայն` պատգամավորը, ի թիվս այլ արգելքների, չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ասում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը. «20 թվականին կոնկրետ 2 կազմակերպության առնչությամբ իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք ավելի շատ վերաբերելի են հենց հավատարմագրային կառավարչի լիազորություններին և արդեն պայմանագրով հանձնված են եղել կոնկրետ հավատարմագրային կառավարչի իրականացմանը, այսինքն` կոնկրետ տնօրենի նշանակում, մեկ այլ տեղ տնօրենին աշխատանքից ազատելը, կոնկրետ ընդհանուր ժողովի մասնակցությունը և նախագահումն արդեն հանդիսանում են Հանրային ծառայության մասին օրենքով անհամատեղելիությանն առաջադրված պահանջ-կանոնների խախտումներ»:

Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրել է 2003-ից պատգամավորական մանդատ ունեցող Ծառուկյանի՝ առևտրային կազմակերպություններում ունեցած մասնակցությունը, բայց գնահատել է միայն 2020 թվականին պատգամավորական մանդատի հետ զուգահեռ առևտրային կազմակերպություններում գործունեությունը։ Դա օրենքով արգելված գործողություն է, եզրահանգել է հանձնաժողովը։ Ընդ որում, ըստ հանձնաժողովի` իր բիզնեսը 2017 թվականից հավատարմագրային կառավարման հանձնած ընդդիմադիր գործիչը մեկ անգամ չէ, որ հենց հավատարմագրային կառավարչի գործն է կատարել։

«Վարույթի մասնակցի կողմից կոնկրետ փաստաբանների միջոցով ներկայացրել է բացատրություն, որ տվյալ պահին հավատարմագրային կառավարչի լիազորությունների իրականացումն անհնար է եղել, հետևաբար արդեն այդ պայմաններից ելնելով է, որ Գագիկ Ծառուկյանն է իրականացրել այդ լիազորությունը, բայց հանձնաժողովը նույն 20 թվականի տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ դա միակ դեպքը չի եղել, այլ դրան հաջորդել է նմանատիպ մեկ այլ գործողություն: Այսինքն` եթե նույնիսկ նման գործողությունը եզակի բնույթ կրեր և ներկայացված բացատրություններով արդարացված լիներ, ինչ-որ տեղ գուցե հանձնաժողովը դրան կանդրադառնար այլ կերպ, բայց այն փաստը, որ նման վարքագիծը կրկնվել է նաև հաջորդիվ, հանձնաժողովի մոտ արդեն ձևավորեց այլ մոտեցում», - ասաց Հարությունյանը:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ծառուկյանի մերձավոր, տարբեր քրեական գործերով անցնող, կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին։ Ծառուկյանը հենց նրան է հանձնել իր բիզնեսի կառավարումը։

Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմին Խաչատրյանը հանձնաժողով է ներկայացրել իրենց փաստարկները, ըստ որոնց` Առուստամյանի կողմից անհնարին է դարձել իր աշխատանքը, և Ծառուկյանը նոր գործադիր մարմնի ղեկավար է նշանակել, իսկ դա չի կարող դիտվել որպես ընկերության կառավարմանը մասնակցել, հավաստիացրել է Ծառուկանի փաստաբանը։ Բայց ըստ հանձնաժողովի` տարբեր ժամանակներում Ծառուկյանը հանդես է եկել գործարարի դիրքերից՝ նրա մասին ֆիլմ է նկարահանվել, հանդիպել է խաղողագործներին, քննարկել մթերման հետ կապված հարցերը և այլն։

2018 թվականին էլ «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարանի մասնակցի որոշմամբ փոխվել է ընկերության կանոնադրությունը, որը ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։ Դրանից հետո էլ՝ 2020-ին, կնքել է աշխատանքային պայմանագրի փոփոխություններ, այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարիչն ինքը կարող էր դա անել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել