Հայաստանը նոր մեծ վերականգնողական կենտրոնի նախագիծ է մշակում. մանարմասնում է նախարար Թորոսյանը |armenpress.am|
09:22 - 19 նոյեմբերի, 2020

Հայաստանը նոր մեծ վերականգնողական կենտրոնի նախագիծ է մշակում. մանարմասնում է նախարար Թորոսյանը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի առողջապահական համակարգը պատվով է դուրս գալիս երկու մարտահրավերներից՝ կորոնավիրուս և պատերազմ: Այն դրսևորվել է լավագույն ձևով՝ շնորհիվ բուժաշխատողների, բուժքույրերի, մայրապետերի: Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառանալով առողջապահական համակարգի ներկայիս վիճակին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին: 

-Պարոն Թորոսյան, վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանը հումանիտար աղետի առաջ է կանգնած, առողջապահական համակարգը ճգնաժամի շեմին է: Ինչպես կգնահատեք ներկայում համակարգի վիճակը՝ հաշվի առնելով մի կողմից պատերազմը, մյուս կողմից կորոնավիրուսը:

-Իհարկե, ասել, որ աղետի մեջ ենք կամ ճգնաժամի շեմին ենք մի քիչ դժվար է, որովհետև այդ անցումը որևէ տեղ սահմանված չէ, թե որն է մինչ ճգնաժամի շեմը և որը դրանից հետո: Ամեն դեպքում իրավիճակը շարունակում է բարդ մնալ շատ վաղուց: Եթե հիշենք կորոնավիրուսի հետ կապված ամառային փոքրիկ բարելավումը, միևնույն է, այդ ժամանակ ևս առողջապահական համակարագի վիճակը բարդ էր:

Դրա հետ մեկտեղ, եթե անդրադառնանք կոնկրետ բուժօգնություն ստացող քաղաքացիներին՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին, պատերազմի հետևանքով վիրավորվածներին, ապա մենք մինչ օրս էլ կարողացել ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Վիրավորների մասով դա 100 տոկոսով է արվում, իսկ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների հետ կապված, գիտենք, որ ունենք հերթեր, երբ մարդիկ սպասում են հոսպիտալացման: Այստեղ էլ փորձում ենք, այնպես անել, որ ամենածանր վիճակում գտնվողները շատ արագ հոսպիտալացվեն:

Ամեն դեպքում մի բան ակնհայտ է` առողջապահական համակարգն աշխատում է սահմանային վիճակում: Այսինքն՝ սրանից ավելի ռեսուրս՝ լինի մարդկային, մահճակալային, սարքավորումային, ինչու ոչ ֆինանսական, հնարավոր չէ գործնականում ավելացնել: Մեր խնդիրն այն է` այնպես անել, որ այդ ծառայության կարիք ունեցող քաղաքացինրի թիվը քչանա, վարակի տարածվածությունը նվազի, որովհետև այլ տեղ չկա հնարավորությունները մեծացնելու: Եվ դա օբյեկտիվ է, պայմանավորված չէ որևէ մեկի կամքով:

Ամեն դեպքում ես կարծում եմ, որ առողջապահական համակարգը պատվով է դուրս գալիս այս երկու մարտահրավերներից: Դրա վառ ապացույցն է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող մեր քաղաքացիների թվում մահացության տոկոսը, որը 1.5 է: Աշխարհի շատ երկրների համեմատ սա բավական լավ ցուցանիշ է: Կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է մինչև 4, 5, 6 նույնիսկ 10 տոկոսի: 

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում վիրավորվածների ընդհանուր թվում մահացության տոկոսին, ապա այն մոտ է 1-ին: Նրանք, այն քաղաքացիներն են, որոնք վիրավորվել են, տեղափոխվել են հոսպիտալային օղակ ու դրանից հետո չի հաջողվել նրանց կյանքը փրկել: 

Ուժերի հնարավոր մոբիլիզացիայով, կազմակերպված ու համակարգված առողջապահության համակարգն աշխատել է: Կարծում եմ՝ ականատեսները նույնպես կվկայեն, որ Գորիսի, Վարդենիսի բժշկական կենտրոնները, որտեղ հիմնական հոսքն էր գնում, ինչ արագ էին աշխատանքները կազմակերպում, քանի շտապօգնության մեքենաներ էին ներգրավում:

Սանիտարական ավիացիայի մասին չեմ խոսում, երբ այս ընթացքում 82 թռիչք է կատարվել: Օր է եղել ավիացիայի միջոցով 10 հոգու տեղափոխություն է կատարվել, և դա արվել է բավական բարդ պայմաններում: Առողջապահական համակարգը դրսևորել է իրեն լավագույն ձևով՝ շնորհիվ բուժաշխատողների, բուժքույրերի, մայրապետերի, ինչու ոչ նաև Առողջապահության նախարարության:

-Հետպատերազմյան շրջանում իրավիճակը գնահատելով՝ ինչպիսի հնարավորություններ ունի առողջապահական համակարգը պատերազմի հետևանքով վիրավորվածների պատշաճ բուժօգնության, վերականգնողական աշխատանքների համար:  Եվ եթե կարելի է նշեք, թե վիրավորվածների շրջանում ծայրահեղ ծանր, ծանր վիճակում գտնվողները տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն են կազմում: 

-Մոտավոր թիվ պետք է ասեմ: Վիրավորվածների թվում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողները մոտ 15 տոկոս են կազմում: Բուն բժշկական առումով մեր մոբիլիզացված հնարավորություններն այնպիսին են, որ բոլորն անխտիր ստացել են որակյալ բուժօգնություն և դեռ կարող են ստանալ: Մոբիլիզացված է եղել 36 բժշկական կենտրոն միայն վիրավորներին բուժելու համար, մի մասը մասամբ հատուկ մահճակալային ֆոնդով, որոշներն՝ ամբողջությամբ: Եվ այդ ամենը կազմակերպվել է ռազմաբժշկության սկզբունքներին համապատասխան: Հիմա էլ նույն սկզբունքներով բուժհաստատությունները գործում են, անկախ նրանից, որ պատերազմական բուն գործողություններն ավարտվել են: 

Գալիս է հաջորդ ուղղությունը՝ վերականգնողական ծառայությունը: Բազմաթիվ վիրավորվածներ հիվանդանոցային բուժմամբ չեն սահմանափակվելու, նրանք այս ծառայության կարիքն են ունենալու: Հաշմանդամություն ստացած զինծառայողներն են՝ տարբեր անդամահատումներով: Այստեղ մի քանի բան պետք է արվի: Առաջինը եղած ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործելն է: Դրանք կան, սակայն մեր գնահատմամբ բավարար չեն: Խոսքը զուտ մահճակալային ֆոնդի մասին է: Արդեն ոլորտի հաստատությունների հետ քննարկել և մեխանիզմներ ենք մշակել, որ բոլորը հնարավորինս աշխատեն իրենց ռեսուրսների շրջանակում:

Հաջորդը նոր ռեսուրսների ձևավորումն է, օրինակ, նոր մեծ վերականգնողական կենտրոնի ստեղծումը, հավանաբար նոր շենքում: Մենք արդեն մոտ 250 մահճակալով կենտրոնի  նախագծի կոնցեպտն ունենք: Դրա համար մի քանի ուղղություններով պետք է ֆինանսավորում գտնենք՝ բյուջետային, ինչու ոչ աջակցություն սփյուռքահայ հանրույթից, որը հետաքրքրված է զինվորների վերականգնողական հարցերով, դրանից բացի, դոնոր կազմակերպություններ:

Երրորդ ուղղությունն այդ ամենի շարունակական ֆինանսավորման ապահովումն է: Ընթացիկ ծախսերը պետք է ֆինանսավորվեն, պետությունն ունի պարտավորություն մեր քաղաքացիների նկատմամբ: Կան մոտավոր հաշվարկներ, որ մեզ դրա համար տարեկան հավանաբար պետք կլինի 2- 2.5 մլրդ դրամ: Դա այս պահին բյուջեում ներառված չէ, որովհետև այն գրվել է ամռանը: Երբ հաշվարկները վերջնական արվեն, կառաջարկվի փոփոխություն, որ մեր գծագրած մեխանիզմը ֆինանսավորվի: 

Նաև կցանկանայի պրոթեզավորման կենտրոնների մասին խոսել: Այդ ուղղությունը մեր ուշադրության կենտրոնում է, գիտեք, որ վիրավոր զինվորներից շատերին պրոթեզ է պետք լինելու: Ասեմ, որ նոր կենտրոն է բացվելու, ներկայում կառուցման փուլում է: Պետք է փորձենք այնպես անել, որ պրոթեզների արտադրությունը հնարավորինս լինի տեղում, հատկապես բարդ պրոթեզների: Որքան տեղում կարողանանք դրանք ունենալ, այնքան հեշտ կլինի մեր վիրավոր զինծառայողների համար:

-Դուք օրերս հանդիպել էիք բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստան ժամանած հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ՝ ընդգծելով փորձի փոխանակում ծավալելու հնարավորությունը: Հետպատերազմյան փուլում թե զինծառայողների, թե կորոնավիրուսով հիվանդների բուժման կազմակերպման հարցում դրսից մասնագիտական խմբեր հրավիրելու կարիք տեսնո՞ւմ եք:

-Տեսել ենք և տեսնում ենք: Մենք բազմիցս դրա մասին խոսել ենք: Կորոնավիրուսի ամենածանր փուլում մենք բազմաթիվ մասնագիտական խմբերի այց ունեցանք, անհատներ նույնպես եկան աշխարհի տարբեր երկրներից: Նույնը մի քիչ այլ կերպ ունեցանք նաև պատերազմի ժամանակ: Հետխորհրդային շրջանի երկրներից շատ բժիշկներ, բուժաշխատողներ եկան մեզ օգնելու: ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից մասնագետներ ևս եկան: Բոլորը շատ մեծ գործ արեցին Հայաստանում աշխատող իրենց կոլեգաների հետ: Նրանք թե նորագույն մոտեցումներ են փոխանցել, թե ֆիզիկապես են օգնել: Նրանցից շատերը դեռ Հայաստանում են: 

Մասնագետների կարիքի հարցը դեռ ուժի մեջ է՝ կապված թե վիրավորների, թե կորոնավիրուսով վարակվածների բուժման հետ: Երեկ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք Առողջապահության համաշխարհային կազմակերության հետ, որ Հայաստան կրկին կայցելի բժիշկների թիմ՝ օգնելու մեզ կորոնավիրուսի հետ կապված: Դա շատ կարևոր է, որովհետև չգիտենք սա որքան կտևի, հիմա էլ խոսվում է երրորդ ալիքի մասին: Այնպես որ մասնագետների կարիքի հարցն ուժի մեջ է, պատկերացրեք, թե որքան հյուծված են մեր բժիշկներն՝ 8 ամիս անընդմեջ նույն ծանր աշխատանքը կատարելով: 

Շարուանկությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել