Պարենային ապրանքների համաշխարհային գները հոկտեմբերին շարունակել են աճել |hetq.am|
11:35 - 19 նոյեմբերի, 2020

Պարենային ապրանքների համաշխարհային գները հոկտեմբերին շարունակել են աճել |hetq.am|

hetq.am: Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նոր զեկույցում, պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ շարունակում են աճել՝ պայմանավորված հացահատիկային մշակաբույսերի, շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղերի գների բարձրացմամբ:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմել է միջինը 100.9 նիշ, ինչը 3.1 տոկոսով բարձր է սեպտեմբեր ամսվա և 6.0 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ:  

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 7.2 տոկոսով և 6.5 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ: Այս աճը հիմնականում պայմանավորված է ցորենի գներով` արտահանման հնարավորությունների կրճատման, Արգենտինայում մշակության վատ պայմանների և շարունակվող չոր եղանակի պատճառով, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Սև ծովի տարածաշրջանում ցորենի ցանքերի վրա:  Եգիպտացորենի, գարու և սորգոյի գները նույնպես հոկտեմբերին աճել են, մինչդեռ բրնձի գները՝ նվազել:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 1.8 տոկոսով, դառնալով ինն ամսվա մեջ ամենաբարձրը, առաջին հերթին պայմանավորված արմավենու և սոյայի յուղի գների աճով: Հակառակ դրան, հլածուկի յուղի գինը որոշակի անկում է գրանցել՝ ողջ տարածաշրջանում COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի վերջին վատթարացումից հետո Եվրամիությունում (ԵՄ) պահանջարկի նկատմամբ ավելացած անորոշության պայմաններում:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 2.2 տոկոսով։ Ամենաշատը աճել է պանրի գինը, որին հետևում են չզտված կաթի փոշին և կարագը:  Հոկտեմբերին գների բարձրացումն արտացոլում է կարճաժամկետ առաքումների շուկայի խստացումը, որը պայմանավորված էր ասիական և միջինարևելյան շուկաներից ներմուծման բարձր պահանջարկով:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 7.6 տոկոսով, որի վրա մեծապես ազդեցություն է ունեցել աշխարհում շաքար արտադրող երկու խոշոր երկրներում՝ Բրազիլիայում և Հնդկաստանում շաքարի ցածր արտադրանքի հեռանկարները: 

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել