Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից․ Մովսես Հակոբյան
16:09 - 19 նոյեմբերի, 2020

Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից․ Մովսես Հակոբյան

Պարտությունը կործանում չէ, այն նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է։ Պետք է գնահատես ու ճիշտ հետեւություններ անես։ Մեր պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է։ Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Երբ ես ազատվել եմ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ես այդ պաշտոնից հեշտությամբ չեմ ազատվել, որովհետեւ վարչապետն իրավասու չէ ինձ այդ պաշտոնից ազատել, եւ ասել եմ, եթե հրամանը գրեք, ես բողոքարկելու եմ, պիտի հիմնավորեք՝ ինչու եք ինձ հանել, որովհետեւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու հիմքերը պիտի լինեն, նա նախարար չէ, վարչապետ չէ, ԳՇ պետի պաշտոնն ավելի լուրջ է։ Հիմնավորում եմ պահանջել վարչապետից, հինգ օր անընդհատ պահանջել եմ, եթե չկա՝ ապա ազատման դիմում չեմ գրելու, եւ չեմ գրել։ Հիմնավորումը բերել է, ես այն չեմ հնչեցնի, այն ինձ բավարարել է, ասել եմ՝ չեմ բողոքարկելու, նաեւ առաջարկել եմ պաշտոնյա, որը կարող է ինձ փոխարինել, եւ պատրաստ եմ եղել այդ պաշտոնյայի կողքին կանգնել»,- ասա նա։

Հակոբյանի խոսքով՝ ինքը չի ակնկալել, որ վարչապետն իր հետ պիտի խորհրդակցի, բայց վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ իրեն ազատել է, նշանակել այլ պաշտոնի, նոր ԳՇ պետին կնշանակի իր հետ քննարկմամբ, բայց այդպիսի զրույց չի եղել։

«Ես հասկացել եմ, որ վարչապետը հասկացել է ինձ։ Այդ օրը երեկոյան խնդիր կար 5-րդ բանակային կորպուսում, նախիջեւանյան ուղղություն եմ գնացել՝ պարզաբանելու, մինչ վերադառնալս իմացա, որ ԳՇ պետ է նշանակվել, իսկ ես ժամը 7-ին պիտի զեկուցեի իրավիճակի մասին։ Երբ իմացա՝ ով է նշանակվել, այսպիսի արտահայտություն եմ արել, որն ինքը չի կարող հերքել․ «Դուք ԳՇ պետ եք նշանակել ամենից անպատրաստ գեներալին»։ Խոսքն Արտակ Դավթյանի մասին է»- ասաց նա։

Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը։

«Սա դավաճանություն չէ, սա անգրագիտություն է, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետել է։ Այսօր բոլորը, որոնք կռվել են, տեսել են պրոբլեմները որտեղ են։ Ես վարչապետի սեղանին դրած փաստաթուղթ ունեմ, որտեղ գրված են բոլոր պրոբլեմները»,- նշեց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել