Վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ պատերազմի երրորդ օրը․ Մովսես Հակոբյան
16:36 - 19 նոյեմբերի, 2020

Վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ պատերազմի երրորդ օրը․ Մովսես Հակոբյան

«Ես մարգարե չեմ, որեւէ մեկը մարգարե չէ, որ կռահի՝ հակառակորդը այսպես է հարձակվելու, բայց բոլոր դեպքերում հաշվարկները պետք է արվեն վատագույնի դեպքում։ Պատերազմի ժամանակ եւ խաղաղ պայմաններում մեր ԶՈՒ-երի քանակը տարբեր է, մեր ԶՈՒ-երը պատերազմը վարում են ոչ միայն առկա ուժերով ու միջոցներով, այլ նաեւ լրահամալրում եւ զորահամալրում իրականացնելով։ Լրահամալրումն այսօր առկա զորամասերում թափուր պաշտոնների համալրումն է, որոնց ներդաշնակման համար ժամանակ պետք չէ,- այսօրվա ասուլիսի ընթաքցքում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ 

Հակոբյանի խոսքով՝ զորահամալրման համար ժամանակ է պետք, որ զինվորերը պատրաստվեն, ներդաշնակվեն՝ 5-7 օր։

«Մեր զորահավաքը չի կատարվել․ դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինկոմիսարիատը եւ տարածքային կառավարման նախարարը, ո՛չ ԳՇ պետը»,- ասաց նա։ 

Մովսես Հակոբյանը նշեց, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Արցախում լրահամալրման պլանն իրականացվել է 78 տոկոսով, ՀՀ-ում 52 տոկոս։ Դա պիտի իրականացվեր 40 ժամվա ընթացքում։

«Այստեղ մի հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը։ Դա շատ բարդ գործընթաց է, որի համար պետության, բոլորիս ջանքերն են պհանջվում։ Այստեղ ազնիվ պիտի լինենք, որ եթե քաղաքական իշխանությանը մեղադրում ենք, պիտի ասենք, որ զինվորականներն էլ ունեն որոշակի սխալներ՝ օբյետկիվ, սուբյետկիվ»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ օբյեկտիվն այն է, որ այնտեղ, որտեղ պիտի իրականացվեր լրահամալրում, հակառակորդը ենթարկել է լուրջ հրետակոծման, եւ ԱԹՍ-ները թույլ չեն տվել անձնակազմի ընդունման կետերը բացազատել ու լիարժեք կատարել։ Այստեղ հրամանատարները պիտի արագ որոշում կայացնեին, կետերը ու համալրման ձեւը փոխեին։

«Ինչ սխալ է եղել․ երկրի վարչապետը հրաման է արձակել՝ կանգնեցնել լրահամալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը։ Չեն կարող հերքել, որովհետեւ պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են սրա համար, այս գործառույթը չիրականացնելու համար, ձայնագրել են այդ խոսակցությունը»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝  ինքն Արցախում է եղել, տեսել, որ կամավորական ջոկատները գալիս էին այնտեղ՝ առանց որեւէ սպառազինության ու հանդերձանքի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել