Ես նշել եմ ըստ տարեթվերի, թե երբ ինչ զենք է գնվել. զենքի գնումը տեւում է պայմանագրի կնքումից մինչեւ զենքի մատակարարումը կարող է տեւել մինչեւ 2 տարի: Այս մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ վերջին 2 տարում մենք ավելի շատ զենք ենք գնել, քան նախկին 10 տարում:

«Այնպես չի, որ զենքը դրված է պահեստում կամ խանութում, գումար ունեցար, գնացիր վերցրեցիր, եկար: Ես նշել եմ, թե որ պայմանագիրը որ թվին է կնքվել: Ես այդ տարիներին որոշում կայացնողը չեմ եղել, թե ինչ գնել, որտեղից, ես ընդամենը պայմանագրերն եմ կնքել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր ասուլիսում արված հայտարարությանը, թե սպառազինության ձեռքբերման պլանը 2018-ին փոխվել է եւ հակաօդային պաշտպանության փոխարեն կործանիչ ավիացիա է գնվել, եւ արդյոք դա անդրադարձե՞լ է պատերազմի ելքի վրա, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Իմ կարծիքով ազդել է եւ շատ լուրջ է ազդել: Այդտեղ ապացուցելու, բացատրելու բան չկա: Փաստ է, որ կործանիչ ավիացիան, որ ձեռք է բերվել նաեւ որպես հակաօդային պաշտպանության միջոց որեւէ թռիչք չի կատարել որպես այդպիսին: Պատճառները բերել եմ: Որպես կործանիչ ավիացիա եւս դա չի կիրառվել»:

Ինչ վերաբերում է նրան, որ «ՍՈՒ 30» է գնվել, որի սպառազինությունը չի եղել, Մովսես Հակոբյանն ասաց, որ բարեբախտաբար «ՍՈՒ 30»-ը կարող է օգտագործել նաեւ հին սպառազինություն. «Բայց «ՍՈՒ 30»-ը չեն առնում, որ ոչ կառավարվող հրթիռ տանի ինչ-որ տեղ գցի, որի ճշգրտությունը շատ հեռու է լինելու: Այդ ինքնաթիռը ունակ է գերճշգրիտ զինատեսակ կրելու եւ դրանով խոցելու, բայց այդ սպառազինությունը ես համոզված եմ, որ չի եղել»:

Նրա խոսքով, մենք պետք է ճշտեինք, թե ինչ սպառազինություն եւ ինչ քանակի ունի հակառակորդը, եւ ըստ դրա միջոցներ ձեռք բերել եւ պաշտպանություն կազմակերպել: «Գնահատել հավանական գործողությունները որ ուղղությամբ եւ միանգամից ինչ քանակով կարող է լինել եւ պլանավորել դրա խոցումը»,-ասաց նա՝ հավելելով. «Մենք պարտվել ենք, ոչ թե ՀՕՊ-ի ձախողման համար, այլ մեր բանակը սխալ պատրաստելու հետեւանքով»: