Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Ղարաբաղում |azatutyun.am|
23:39 - 20 նոյեմբերի, 2020

Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Ղարաբաղում, պնդելով, թե նրանց շնորհիվ հաջողվել է կայունացնել իրավիճակը։ «Ուզում եմ նշել ռուս խաղաղապահների հստակ, սահուն աշխատանքը․ օպերատիվ կերպով իրականացված ականազերծումը թույլ տվեց լավ ու կայուն կապ ապահովել տարածաշրջանում, իսկ մեր խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավորություն ընձեռեց կանգնեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից։

Մեր զինվորականները արդյունավետ վերահսկում են հրադադարի ռեժիմը, որին հետևում են հակամարտության երկու կողմերն էլ։ Իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայունացել է»,- հայտարարել է Պուտինը՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը նվիրված նիստում։

Դիմելով խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին` Պուտինը նշել է, որ Աղդամից ու Լաչինից հայկական ուժերի դուրսբերումից հետո տեղում մնում են որոշ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ հայեր։ «Անհրաժեշտ է կապ հաստատել երկու կողմի, այս դեպքում՝ ադրբեջանցիների հետ, որպեսզի ազատագրվող տարածքներում իրավիճակը լինի կայուն և այնպիսի, որը պայմաններ կստեղծի երկու ազգերի համատեղ կյանքի համար՝ առանց կենցաղային հողի վրա հնարավոր բախումների»,- ասել է Պուտինը։

Հեռավար զրույց անցկացնելով խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովի հետ՝ Պուտինը պնդել է՝ հակամարտությունն այլևս ավարտված է․ «Ի վերջո, տեղում քաղաքակիրթ մարդիկ են, և ես գիտեմ, որ նրանք ընդհանուր առմամբ, բարյացակամ են տրամադրված»։

«Ես ծանոթ եմ Ադրբեջանի նախագահի տրամադրվածությանը, նա հենց այդ կերպ և այդ ելակետերից է մոտենում առաջիկա աշխատանքների կազմակերպմանը»,- ասել է Պուտինը, պնդելով, թե Իլհամ Ալիևը պատրաստ է հասանելի դարձնել Ղարաբաղի կրոնական կառույցները թե հայերի, թե ադրբեջանցիների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել