Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ
22:12 - 21 նոյեմբերի, 2020

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սատարելու և Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է դեսպանությունը, Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլը, որը ներառում է Էքս-ան-Պրովանս և Մարսել քաղաքները, Ֆրանսիայի ամենամեծ տարածք ունեցող մետրոպոլն է և ունի 1,87 միլիոն բնակչություն։
 
«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994 թ. ի վեր անկայուն հրադադարով սառեցված Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով Արցախի ինքնորոշված հանրապետության դեմ: 44 օր տևած մահացու մարտերից հետո՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիր՝ ամրագրելով հակամարտության կողմերի դիրքերը։
 
Համախմբելով միջազգային հանրային իրավունքով ամրագրված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանություն, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն այսուհետ պետք է համարվի որպես այդպիսին. այսինքն՝ իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը՝ Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:

Այս համատեքստում Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը ցանկանում է վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնադիր նորմերում տեղ գտած ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին ու գաղափարներին։ Արցախի ժողովրդի բացառումն ու մեկուսացումը վնասում են նրա հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ ազատության, հավասարության և համագործակցության ոգուն։
 
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը ցանկանում է, որ, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ որպես նրա բնակիչների անվտանգությունը երաշխավորելու միակ արդյունավետ միջոց։
 
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը նման կոչ է անում ֆրանսիական կառավարությանը, ՄԱԿ-ի և ԵՄ երկրներին, որ վերջիններս ձեռնարկեն ցանկացած կոնկրետ միջոց՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը։
 
Սրանք են այն պատճառները, որոնք մեզ մղում են առաջարկել Մետրոպոլի Խորհրդին ընդունել հաջորդիվ բանաձևը.
 
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի Խորհուրդը, hաշվի առնելով, որ

  • Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կոչված է նպաստելու Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը,
  • Մետրոպոլը իր անվերապահ աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի՝ խաղաղության ու ազատության ձգտող ժողովրդին,

Ցանկանում է,
 

  • որ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը,
  • որ ֆրանսիական կառավարությունը ձեռնարկի յուրաքանչյուր կոնկրետ քայլ՝ ժողովուրդների պաշտպանությունն ապահովելու և արդարացի, երկարաժամկետ, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղարար գործընթացին աջակցելու համար՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու տրամաբանական և արդյունավետ փուլ,
  • որ ՄԱԿ-ի և ԵՄ անդամ բոլոր երկրները լրջորեն հանձն առնեն տևական խաղաղություն փնտրել Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար»,- ասված է բանաձևում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել