Բուխարեստի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ և հոգեհանգիստ՝ ի հիշատակ Արցախում զոհվածների
23:18 - 22 նոյեմբերի, 2020

Բուխարեստի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ և հոգեհանգիստ՝ ի հիշատակ Արցախում զոհվածների

Նոյեմբերի 22-ին Բուխարեստի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ, Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ և հոգեհանգիստ՝ ի հիշատակ Արցախում անմահացած բոլոր հերոսների և նահատակների: Այս մասին հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։ 

Հիշատակի արարողությունից հետո՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակներ զետեղեցին եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկ արձանի մոտ, որ կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը:

Արարողության ընթացքում ներկաներին ուղերձով դիմեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Իր ելույթում դեսպան Մինասյանը նշեց, որ նոյեմբերի 22-ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարվում են հիշատակի արարողություններ՝ հարգելու Արցախում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռումինահայ համայնքային կառույցներին ու համայնքի ներկայացուցիչներին՝ մասնավորապես «Վարդավառ» պարախմբին, պատերազմական գործողությունների ժամանակ Հայրենիքին ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ռումինիայի այն քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանի և Արցախի համար ծանր օրերին իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին:

Ավարտելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ թեև այս պահին հաստատվել է զինադարար, սակայն հզոր Հայրենիք ունենալու համար պայքարը շարունակվում է, ինչն առավել քան երբևէ պահանջում է ազգային միասնություն ու համահայկական ներուժի համախմբում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել