Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կտրամադրվի անապահով ընտանիքներին․ ավագանին հաստատեց |armtimes.com|
13:51 - 24 նոյեմբերի, 2020

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կտրամադրվի անապահով ընտանիքներին․ ավագանին հաստատեց |armtimes.com|

armtimes.com: Համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից եւ չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը, որպես ձմեռային վառելափայտ, անվճար կհատկացվի սոցիալապես անապահով ընտանիքներին։

Անապահով ընտանիքներին փայտանյութի տրամադրման կարգը կհստակեցվի առաջիկա 10 օրերի ընթացքում, իսկ էտման գործընթացը կտեւի մինչեւ տարվա վերջ։

Սույն որոշման նախագծի մանրամասները Երեւանի ավագանու այսօրվա նիստին զեկուցեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը։

Ավագանու որոշման այս նախագծով նախատեսված է սոցիալապես անապահով այդ ընտանիքների ցանկը, նրանց ընտրության չափորոշիչները, հատկացվելիք փայտանյութի չափաքանակը եւ հատկացման կարգը կսահմանվի Երեւանի քաղաքապետի որոշմամբ:

Հիշեցնենք՝ համաձայն Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ստացված գրությունների՝ Երեւան քաղաքում բնակվող սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ դիմել էին վարչական շրջանների ղեկավարներին հնարավորության դեպքում նրանց անվճար ձմեռվա վառելափայտ տրամադրելու խնդրանքով:

Մայրաքաղաքում ծառերի էտման եւ չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով առաջարկվում է կուտակված փայտանյութը օգնության կարգով անվճար տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները:

Ավագանու որոշման նախագծում նաեւ նշվում է, որ Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարման 2020 թվականի ծրագրի վերաբերյալ» N178-Ն որոշմամբ ներառված չէ չորացած ծառերի հատումից եւ սանիտարական էտումներից գոյացած փայտի տնօրինման հարաբերությունների կարգավորումը: Մինչդեռ, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ կետի, համայնքային հողամասերի վրա գտնվող ծառերը համայնքային գույք են: Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան՝ Երեւանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ որոշումն ընդունվում է Երեւանի ավագանու կողմից: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել