Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար
15:46 - 24 նոյեմբերի, 2020

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող է ճանաչվել։

Գեղարքունիքի մարզի Արտանիշի միջնակարգ դպրոց
Սյունիքի մարզի Մուցքի հիմնական դպրոց
Տավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոց
Տավուշի մարզի Մովսես գեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոց
Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց
Տավուշի մարզի Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց
Տավուշի մարզի Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոց
Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոց
Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակում հաստատությունները սահմանված ժամկետներում կիրականացնեն աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց կստանա առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։

«Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվանից. 2019 թվականին հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական  միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։

2020 թվականի ՀՀ պետական բյուջեով նույն նպատակի համար նախատեսվել է ավելի քան 23 մլն դրամ /նախնական ծրագրով դրամաշնորհ պետք է ստանար 10 դպրոց, սակայն մրցույթի պայմանները բավարարել է 9-ը/։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։

«Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով հանրակրթական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման  պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու  բարելավմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել