Կադրային փոփոխությունը չպետք է ինքնանպատակ լինի. նախարարը վճռական է հնարավորինս արագ լուծումներ տալ տուժածների խնդիրներին |armenpress.am|
09:36 - 25 նոյեմբերի, 2020

Կադրային փոփոխությունը չպետք է ինքնանպատակ լինի. նախարարը վճռական է հնարավորինս արագ լուծումներ տալ տուժածների խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակավայրերում հակառակորդի թիրախավորման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմից տուժած արցախցիների, հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման, ինչպես նաև նախարարի պաշտոնում իր առաջնահերթությունների վերաբերյալ: 

- Պարոն Առաքելյան, Աշխատաքի և սոցիալական հարցերի նախարար եք նշանակվել հետպատերազմական դժվարին իրավիճակում, երբ մասնավորապես ձեր ղեկավարած նախարարության առջև առկա են մեծաթիվ խնդիրներ: Կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախցիներին միանվագ 68 հազար դրամի չափով օգնություն է ցույց տալու: Կարծիք կա, որ այս գումարը բավական փոքր է: Արդյոք այն հետագայում աճելու միտում ունի՞:

- Հետպատերազմական վիճակում նախարարության և՛ առաջնահերթությունները, և՛ գործառույթները, ցավոք, էականորեն փոխվում են առնվազն առաջիկա ժամանակահատվածի համար: Մասնավորապես, այո, Արցախի մեր հայրենակիցների զգալի հատվածը դեռ Հայաստանի Հանրապետությունում է, որոնց մի հատվածը կորցրել է նաև իրենց բնակավայրերը պատերազմի հետևանքով: Մնացած հատվածի մասով ջանքեր են գործադրվում առավելագույնս արդյունավետ կերպով ապահովել նրանց վերադարձն Արցախի Հանրապետություն:

Առաջին միջոցառման շրջանակներում է ընդամենը 68 հազար դրամ տրամադրվելու: Իհարկե, մեծ գումար չէ, սակայն մենք արդեն ունենք երկրորդ միջոցառումը հաստատված, որն առաջիկա օրերին կգործարկվի: Մանսավորապես, Արցախի մեր այն հայրենակիցներին, որոնք բնակվել են այն բնակավայրերում, որ այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս, կտրվի միանվագ օգնություն՝ 300-հազարական դրամի չափով, ընդ որում ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին:

- Ի՞նչ հավելյալ քայլեր է պատրաստվում ձեռնարկել նախարարությունն արցախցի այն քաղաքացիների կարիքների ապահովման համար, որոնք կորցրել են իրենց տները և ցանկանում են մնալ ու ապրել Հայաստանում:

- Առաջիկայում ունենք նաև այլ միջոցառումներ, սկսած կացարանների ապահովումից, որովհետև իրատեսական ենք գնահատում իրավիճակը, որ առնվանզ այն քաղաքացիների համար, որոնք կորցրել են իրենց բնակավայրերը, առաջիկա ամիսներին Արցախում նոր բնակավայր ունենալու հարցը շուտ չի կարգավորվի: Հետևաբար, Հայաստանում նրանց պատշաճ կեցությունն ապահովելու համար նույնպես կունենանք աջակցություն:

Միջոցառումները լինելու են բազմաբնույթ, որոնց գերնպատակն, ի վերջո, երկարաժամկետ հատվածում առավելագույնս մեծ թվով քաղաքացիների վերաբնակեցումն է Արցախում՝ ստեղծելով կյանքի համար բավարար նվազագույն պայմաններ, և կարճաժամկետ հատվածում նրանց համար ապահովել Հայաստանում կեցավայրեր ու նորմալ կենսագործունեության պայմաններ:

- Մեծ թիվ են կազմում նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները: Ինչպե՞ս են կազմակերպվելու նրանց հաշմանդամության կարգի որոշման և սոցիալական երաշխիքների ապահովման աշխատանքները: 

- Հաշմանդամություն ունեցող զինծառայողների հետ կապված աշխատանքները նույնպես մեր կարևորագույն առաջնահերթություններն են: Այս մասով ևս մենք ունենք բավական մեծ անելիքներ, քանի որ նախարարության կողմից հաշմանդամության խմբի հաստատումը ի վերջո հիմք է հանդիսանում այդ զինծառայողների համար՝ որոշակի արտոնություններից օգտվելու:

Այդ գործընթացը մենք առաջիկա օրերին կսկսենք ավելի արդյունավետ իրականացնել: Նախարարության աշխատակիցների հետ ունեցել եմ խորհրդակցություն, նաև այն աշխատակիցների հետ, որոնք անձամբ զբաղվելու են այդ գործընթացով: Մենք ֆիքսել ենք, որ հաշմանդամության կարգի որոշման գործընթացում արդյունավետության և որակի կողքին դնելու ենք արագությունն ու հարմարավետությունը:

Ողջ գործընթացն իրականացնելու ենք բուժհաստատություններում, արդեն իրենց տներում գտնվող ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների տուն ենք այցելելու՝ իրենց հետ պայմանավորվածություն ձեռք բերելով, որպեսզի տեղում իրականացնենք այդ գործընթացը: Նաև հետագա փաստաթղթաշրջանառությունը առավելագույնս կկազմակերպենք մենք ինքներս՝ պետական կառույցների միջոցով: 

- Պատերազմի առաջնագիծ մեկնած ՀՀ քաղաքացիների մեջ կան այնպիսիք, որոնք տվյալ ժամանակահատվածում կորցրել են իրենց եկամտի աղբյուրները: Նախարարությունն ունի՞ նրանց աջակցություն ցուցաբերելու ծրագիր:

- Մենք հասկանում ենք, որ մի զգալի մարդկանց հատված կա, որոնք իրենց եկամուտը վաստակում են ոչ թե գործատուի մոտ գրանցված վիճակով, այլ սեփական որևէ նախաձեռնությամբ: Գիտակցում ենք, որ առնվազն ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում նրանք հնարավորություն չեն ունեցել իրենց եկամուտն ապահովելու: Քննարկումներ կան, որ որոշ ձևով այդ անձանց նույնպես աջակցենք: Ընդ որում, ոչ միայն սոցիալական աջակցության մասին է խոսքը, այլ մեր նպատակը նաև այն է, որ խրախուսենք այդ անձանց աշխատել և սեփական աշխատանքի միջոցով եկամուտ վաստակել: Աշխատունակ անձանց աշխատանքով ապահովելը մեզ համար ավելի ճիշտ գործառույթ է, քան ուղղակի դրամական աջակցությունը:

- Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում զոհեր ու վիրավորներ են եղել նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի թիրախավորման արդյունքում, արձանագրվել են և ավերածություններ: Նշված դեպքերի հետևանքով տուժած քաղաքացիները ևս կօգտվե՞ն աջակցության ծրագրերից:

- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերում ունեցանք քաղաքացիական անձանց շրջանում զոհեր, վիրավորներ և ավերածություններ: Այդ մասով նույնպես կառավարությունն առաջիկայում միջոցառում կիրականացնի այդ մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջիկայում կլինի սոցիալական աջակցության փաթեթ:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել