Հրադադարից հետո անձանց առեւանգման դեպքերը ոչ թե հայտնի փաստաթղթի կետերի, այլ միջազգային կոնվենցիաների խախտումներ են. Լիպարիտ Դրմեյան
18:44 - 25 նոյեմբերի, 2020

Հրադադարից հետո անձանց առեւանգման դեպքերը ոչ թե հայտնի փաստաթղթի կետերի, այլ միջազգային կոնվենցիաների խախտումներ են. Լիպարիտ Դրմեյան

Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում եւ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորական և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը: Այս մասին հայտնում է գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Ռազմագերիների եւ առեւանգված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ կառավարությունը եւ իրավապաշտպանները դիմումներ են ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ ռազմագերիների վերաբերյալ Կառավարության ներկայացրած դիմումներից բավարարվել է 9-ը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանի եւ Սիրանուշ Սահակյանի ներկայացրած դիմումներից` 29: 

Չնայած պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ դեռ ժամկետներ չեն նշվել, հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո էլ են լինում գերեվարման դեպքեր:

Հրադադարից հետո անձանց առեւանգումների դեպքերն, ըստ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, եռակողմ հայտարարության կետերի խախտում է, ըստ այդմ՝ հայկական կողմը կարող է դիտարկել, օրինակ, Լաչինի միջանցքը չազատելու հարցը: Այս կարծիքին են նաեւ քաղաքական այլ գործիչներ։

Գերեվարված եվ առեւանգված անձանց շահերի պաշտպանության, եռակողմ հայտարարության նորմերի խախտումների ու դրա հետեւանքների մասին infocom-ը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հետ։

Վերջինիս խոսքով՝ փաստաթղթում արձանագրված է գերիների եւ առեւանգվածների փոխանակումը, այլ ոչ թե նման դեպքերի հետագա բացառումը, ուստի այդ դեպքերն արդեն դիտարկվում են որպես միջազգային բարձր փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների եվրոպական եւ Ժնեւյան կոնվենցիաներով ամրագրված պարտավորությունների  խախտումներ։

Ինչպես նկատեց Դրմեյանը՝ զինծառայողները համարվում են գերիներ, իսկ քաղաքացիական անձինք` առեւանգվածներ․ վերջիններս չունեն ռազմագերու կարգավիճակ.

«9 ռազմագերիներն Ադրբեջանում են հայտնվել մինչեւ հրադադարի մասին հայտարարությունը: Ադրբեջանում հայտնված  քաղաքացիական անձանցից դեռեւս միայն 10-ին ենք նույնականացրել, նրանց վերաբերյալ տվյալները հստակ են, մենք կապ ենք հաստատել տասը քաղաքացիների հարազատների հետ, հանդիպումներ ունեցել։ Բայց չեմ բացառում, որ այլ քաղաքացիներ էլ լինեն: Մնացած անձանց վերաբերյալ, որոնց մասնակցությամբ լուսանկարներ կամ տեսանյութեր կան, կատարվում են նույնականացման աշխատանքներ, քանի որ ՄԻԵԴ դիմելուց առաջ պետք է հստակ ֆիքսել անձի ինքնությունը»,-  ասաց Դրմեյանը` կարեւոր հանգամանք համարելով այն, որ առեւանգվածների մասին տարածվող տեսանյութերն ու նկարները կարող են արված լինել ավելի վաղ` մինչեւ հրադադարը, սակայն ի հայտ գան միայն հիմա: 

ՀՀ կառավարությունը տասը քաղաքացիական անձանց վերաբերյալ նույնպես դիմել է ՄԻԵԴ` ճշտելու նրանց գտնվելու վայրը, որպիսությունը, եւ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի ապահովվի նրանց կյանքն ու առողջությունը: Ադրբեջանին մինչեւ նոյեմբերի 27-ը եւ 30-ը ժամանակ է տրվել` ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց մասին տեղեկություններ հայտնելու համար:

Ինչ վերաբերում է գերիների ու առեւանգվածների փոխանակմանը՝ Դրմեյանն ասաց, որ այդ գործընթացը կարող է բավականին երկար տեւել. 

«Ճիշտ է` պարտավորություններ են դրվում Ադրբեջանի վրա, բայց ժամկետներ են նշվում, եւ Ադրբեջանն էլ իր հերթին պարտավոր է պատասխան ներկայացնել Դատարանին, թե ինչ քայլեր է ձեռնարկել այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Այստեղ կարեւոր աշխատանք ունի կատարելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը համագործակցում է ԿԽՄԿ-ի՝ Բաքվի իր գործընկերների հետ, քանի որ փաստացի փոխանակման գործընթացը տեղի է ունենալու այդ կազմակերպության օգնությամբ»:

Անդրադառնալով Ադրբեջանում հայտնված այն անձանց վերաբերյալ դիմումներին, որոնց արդեն սպանել են, Դրմեյանը նշեց, որ մարդկանց կյանքի իրավունքից զրկելու կամ մահացած անձանց դիակների հանդեպ ոտնձգությունները ներառվում են միջպետական գանգատի մեջ կամ ներկայացվում են անհատական գանգատների ձեւով:

Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ Եվրոպական դատարանը նոյեմբերի 3-ին որոշում էր կայացրել, որ Ադրբեջանի նկատմամբ դեռեւս սեպտեմբերի 29-ին իր կիրառած միջոցները, որոնք բացառապես քաղաքացիական անձանց էին վերաբերում, տարածվում են նաեւ բոլոր ռազմագերիների եւ Ադրբեջանի տարածքում հայտնված ցանկացած անձի վրա, սակայն, այս պետությունը չի էլ ցանկանում պահպանել այդ որոշման պայմանները, որը, Դրմեյանի համոզմամբ, իրավական հետեւանք ունենալու է Ադրբեջանի համար:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ընդգծեց, որ գերիների ու առեւանգվածների վերաբերյալ անխտիր բոլոր ապացույցներն ուղարկվում են Դատարան, եւ ոչ միայն միջպետական գանգատի տեսքով են ներկայացվելու, այլ նաեւ անհատական գանգատների՝ ըստ անհրաժեշտության:

Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանը Արդրբեջանի, ապա Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու հրատապ քայլեր ձեռնարկելուն պարտավորեցնելու դիմում է ներկայացրել Եվրոպական դատարան, 2 դիմումներն էլ բավարարվել են: Լիպարիտ Դրմեյանի պնդմամբ՝ կարեւոր է, որ Դատարանի՝ ուժի մեջ գտնվող այդ որոշումներ արձանագրվեն միջազգային հնարավոր բոլոր հարթակներում, եւ այստեղ անելիք ունեն նաեւ իշխանության մյուս ճյուղերը։ 

Լուսանկարը` Հետք

Զարա Խաչարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել