Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից |tert.am|
21:11 - 25 նոյեմբերի, 2020

Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից |tert.am|

tert.am: Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Օրեր շարունակ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության փոփոխություն էի նկատում, սակայն խոսքում արված փոփոխությունները բավարար չեն: Գործողություններ են անհրաժեշտ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ»,- ասել է ֆրանսիացի նախարարը երկրի Ազգային ժողովի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նիստում:

«Գործողություններից մեկը, որն ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրս բերումն է»,- շեշտել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ, վերջինս ընդգծել է, որ Եվրամիության գագաթնաժողովում, որը կայանալու է դեկտեմբերին, եզրակացություն կարվի Թուրքիայի հարցով՝ ելնելով արդիական իրավիճակից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել