ԱԺ-ն քննարկում է ռազմական դրությունը վերացնելու նախագիծը
11:59 - 26 նոյեմբերի, 2020

ԱԺ-ն քննարկում է ռազմական դրությունը վերացնելու նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում մեկ հարց է՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մինչ հարցի քննարկումը քսան րոպե ընդմիջում վերցրեց՝ մեկնաբանելով, որ ձեւակերպումների որոշակի խնդիր կա։ Նշենք, որ հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունենալու նաեւ ՊՆ ներկայացուցիչը։

Խորհրդարանի ամբիոնից նախագիծը ներկայացրեց ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորիգսրյանը։ Նրա պնդմամբ՝ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման մեջ նշված հանգամանքները՝ վտանգը ՀՀ-ի վրա զինված հարձակման, սպառնալիքը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, այլեւս չկան, ուստի անհրաժեշտություն կա վերացնելու ռազմական դրությունը։

Գորգիսյանը նշեց, որ ռազմական դրության պահպանմամբ շարունակվում են սահմանափակումները՝ հավաքների ազատության, գործադուլների, եւ այլն։ Նրա խոսքով՝ սա նաեւ տնտեսական վատ ազդեցություն է ունենում։ Գորգիսյանը կոչ արեց ընդունել նախագիծը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Գորգիսյանի հետ համաձայնեց հավաքների ազատության, ազատ տեղաշարժի, երկրից դուրս գալու սահմանափակումների առումով, սակայն հարց հնչեցրեց՝ հնարավոր չէ՞ կառավարությանը ժամանակ տալ՝ չեղարկելով միայն այս ժամանակավրեպ սահմանափակումները եւ թողնել ռազմական դրության այն հատվածը, որը վերաբերում է հումանիտար օգնությանը եւ մոբիլիզացիոն գործընթացներին։

Գորգիսյանը պատասխանեց, որ ԱԺ-ն կարող էր նախաձեռնել ռազմական դրության մասնակի չեղարկման նախագիծ։ Նա նշեց, որ քանի օր է՝ իրենց այս նախագիծը շրջանառության է, սակայն իրենք որեւէ առաջարկ չեն ստացել՝ այդ թվում «Իմ քայլը» խմբակցությունից։

«Նյութական քննարկում չէր կարող լինել, քանի որ չկար կոնկրետ առաջարկ»,- հավելեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Թեւոսյանն արձագանքեց, որ թեեւ ընդունում է իր մեղքի բաժինը՝ կոնկրետ առաջարկ չանելու, սակայն հնարավո՞ր չէր ինքնուրույն նախաձեռնել միայն ռազմական դրության մասնակի վերացումը։

Գորգիսյանն էլ պնդեց, որ իրենք կարծում են՝ ռազմական դրությունն այլեւս պահելու կարիք չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել