Դատարանը վարչապետ Փաշինյանի որոշումն անվավեր է ճանաչել և պարտավորեցրել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին վերականգնել իր պաշտոնում |hetq.am|
09:43 - 01 դեկտեմբերի, 2020

Դատարանը վարչապետ Փաշինյանի որոշումն անվավեր է ճանաչել և պարտավորեցրել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին վերականգնել իր պաշտոնում |hetq.am|

hetq.am: Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինայնի և անվավեր ճանաչել Իգոր Սարգսյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետի որոշումը:

Դատարանը վարչապետ Փաշինյանին պարտավորեցրել է Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Իգոր Սարգսյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ վարչապետի՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը:

Տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության հիման վրա վարչական վարույթ էր իրականացվել։ Վերջինս, ինչպես պնդում էր հայցվոր Սարգսյանը, կեղծ տեղեկություններ էր ներկայացրել վարչապետի գրասենյակին՝ իր աշխատանքային ունակությունների ենթադրյալ անբավարարության վերաբերյալ, ինչի պայմաններում իրեն աշխատանքից ազատելու հարցն էր քննարկման դրվել, այնուհետև` հեռացվել: Դատարան ուղարկված պատասխանում էլ վարչապետի ներկայացուցիչը նշել էր, որ Փաշինյանի որոշումը հայեցողական է եղել:

Հունիսի 4-ին դատաքննությունը հայտարարվել էր ավարտված, և դատական ակտի հրապարակման օր նշանակվել հունիսի 24-ը: Սակայն, դատավոր Դանիելյանը որոշել էր գործի քննությունը վերսկսել: Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Գնել Հասրաթյանը և վերջինիս տեղակալ Վրեժ Գալոյանը ներգրավվել էին որպես երրորդ անձինք, չնայած պատասխաններ չէին ուղարկել դատարան:  

Դատարանը, կատարելով իրավանորմերի համակարգային վերլուծություն, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով վիճարկվող՝ վարչապետի որոշման իրավաչափությունը, արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվոր Իգոր Սարգսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվել է առանց օրենքով նախատեսված որևէ օբյեկտիվ հիմքի, որպիսի պարագայում խախտվել է վերջինիս՝ Սահմանադրությամբ և Եվրոպական սոցիալական խարտիայով երաշխավորված՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնարար իրավունքը:

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել