Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման
12:32 - 01 դեկտեմբերի, 2020

Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) իրազեկում է, որ
 
Կառավարության 2020թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ Կառավարության 2008թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է։ Վերջինով սահմանված՝ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ լրացվելով։ Հավելվածում ներառվել են բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ, որոնք եւս այսուհետ ենթակա են լիցենզավորման, մասնավորապես,

- նմուշառում,
- շարժական նմուշառում,
- շարժական ռենտգենաբանական,
- շարժական ֆլյուորոգրաֆիկ,
- շարժական մամոգրաֆիկ,
- շարժական ուլտրաձայնային,
- շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ,
- շարժական ակնաբանական,
- շարժական ստոմատոլոգիական,
- շարժական պալիատիվ,
- խորհրդատվական։
 
Ըստ նոր կարգավորման՝
  • բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել ՄԻԱՅՆ բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում։
Այսինքն, օրինակ, տնային պայմաններում բուժօգնության այս տեսակներն առանց լիցենզիայի մատուցելը նոր կարգավորմամբ արդեն խախտում է դիտարկվում։
  • Կառավարության այս որոշմամբ, մասնավորապես, կարգավորվում է նաեւ տնային պայմաններում Covid-թեստավորման կամ բիոլոգիական նմուշների այլ նմուշառումների գործընթացը․ սա կարող են իրականացնել բացառապես շարժական նմուշառման հավելյալ լիցենզավորում ունեցող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունները։
  • Միաժամանակ, կառավարության 1711-Ն որոշմամբ՝ բժշկական օգնության և սպասարկման «խորհրդատվական» տեսակով կարող են լիցենզավորվել միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող լիցենզավորված անձինք:
Այսինքն՝ սկսած նոյեմբերի 20-ից (երբ ուժի մեջ է մտել որոշումը) անհրաժեշտ է դադարեցնել արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը։ Այլապես դա կդիտարկվի որպես չլիցենզավորված գործունեություն, ինչը ենթադրում է վարչական պատասխանատվություն։
  • Կառավարության նույն որոշմամբ՝ երեխաների բուժօգնության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը: Այսպիսով՝ 0-18 տարեկան երեխաներին բուժօգնության եւ սպասարկման ցուցաբերումը եւս ենթադրում է լիցենզիայի պարտադիր առկայություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել