Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը |armtimes.com|
20:53 - 01 դեկտեմբերի, 2020

Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը |armtimes.com|

armtimes.com: Հայաստանյան անշարժ գույքի շուկայում գործարքների որոշակի նվազում կա, սակայն այս պահին հստակ չէ, թե որքանով է այդ նվազումն իր վրա կրում պատերազմի ազդեցությունը։ ՀԺ-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

- Պարո՛ն Թովմասյան, կորոնավիրուսի շրջանում անշարժ գույքի շուկայի վիճակը վատթարացավ, դրան հաջորդեց պատերազմը։ Հետպատերազմական շրջանում ի՞նչ վիճակում է գտնվում շուկան։

 

- Կորոնավիրուսի սկզբնական փուլում մեր գրասենյակները փակվեցին, եւ գործարքների անկումն այդ ժամանակ ակնհայտ էր։ Օրական 3000-3200 դիմումների փոխարեն մենք այդ ժամանակ առցանց ընդունում էինք առավելագույնը մինչեւ 1000 դիմում։ Հետո մեր գրասենյակները բացեցին՝ կորոնավիրուսի առաջին ալիքը վերացավ, ակտիվությունն անհամեմատ ավելի մեծացավ եւ մինչեւ 3500 դիմում օրական ընդունում էինք։ Սա, իհարկե, չի նշանակում, որ 3500 իրավունքի գրանցում էինք կատարում, դրա մեջ իրավունքների գրանցումը մինչեւ 750-ի էր հասնում։ Ռազմական դրության ժամանակ դիմումները օրական 1600-ի չափ դարձան։ Հիմա դարձյալ դրական միտում ունի՝ էլի աճում է։ Բայց եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ դեռեւս որոշակի թվաքանակով պակաս է։ Այնպես չի, որ մենք կարող ենք գնահատական տալ, թե գործարքների քանակի այս նվազեցումը կանդրադառնա շուկայի վրա։ Պետք է ժամանակ անցնի, որ հասկանանք ինչ է տեղի ունենում։

- Անշարժ գույքի շուկայի ներկա վիճակը ինչպե՞ս եք գնահատում։

- Եթե համեմատենք անցած տարվա հետ՝ գրեթե նույնն է։ Հիմա օրական մոտավորապես մենք ունենում ենք 500-520 իրավունքի գրանցում, անցած տարի 600-620 գրանցում էր լինում։ Դա չի նշանակում, որ մենք ռազմական դրության հետեւանքով ունենք այդ նվազեցումը։ Շուկայի վրա ազդեցությունը մենք կարող ենք գնահատել գոնե 4-5 ամիս հետո։

- Գործարքների մեջ մեծ դեր ունեն նաեւ անշարժ գույքի գործակալությունները, տեղյա՞կ եք, թե նրանց գործունեությունն ինչպե՞ս է ընթանում։

- Անշարժ գույքի գործակալների առումով իրավական կարգավորում դեռ չկա եւ կոմիտեն դեռեւս իրավասություն չունի հաշվետվություն վերցնելու, թե ինչ է տեղի ունենում։ Բայց մեր 5-ամյա պլանում ունենք հատուկ գործողություն, որը միտված է անշարժ գույքի գործակալների այդ դաշտը կարգավորելուն, այն նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի անշարժ գույքի գործակալների վերաբերյալ կոմիտեն կարողանա հաշվետվություն ունենալ։

Մենք չենք կարող ասել նրանք խնդիրներ ունեն, թե ոչ, քանի որ ինֆորմացիայի չենք տիրապետում։ Բայց, եթե օրական 500-600 իրավունքի գրանցում է լինում, դա նշանակում է, որ նրանք գործ ունեն՝ աշխատում են։

- Ե՞րբ կկարգավորվի շուկան, կանխատեսումներ կա՞ն։

- Այս հարցին ես կարող եմ պատասխանել, եթե մեր տնտեսության ներդրումների վերաբերյալ որոշակի ճշգրիտ տվյալներ ունենանք։ Բայց անշարժ գույքի շուկան այսօր էլ շարունակում է աշխատել՝ առանց որեւէ խոչընդոտի։ 

Կոմիտեն կատարում է շարունակական վերլուծություններ, եւ եթե գնային փոփոխություններ են տեղի ունենում, մենք ամեն ամսվա վերջում՝ մեր հաշվետվություններում այդ բոլոր ցուցանիշները տեղադրում ենք։ Ուղղակի բոլորին կխնդրենք զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք հիմնված չեն պաշտոնական տեղեկությունների վրա, քանի որ դրանք կարող են ինչ-որ չափով խուճապ ստեղծել։ Բոլոր տեղեկությունները բաց են։ Այս պահին տվյալները վատատեսական չեն եւ մենք դրական միտում ենք արձանագրում։ Ես, իմ շրջապատը, իմ գործընկերները, որեւիցե մեկը չի պատրաստվում լքել երկիրը՝ շարունակում ենք աշխատել ու նոր բարիքներ ստեղծել մեր պետության համար:

- Պարո՛ն Թովմասյան, տեղեկություններին էին տարածվել, թե ճգնաժամով պայմանավորված բանկերն այս պահին հիպոթեքային վարկեր չեն տրամադրում, նման խնդրով կոմիտեին դիմե՞լ են։ Արդյո՞ք այս պահին ակտիվ տեմպով կառուցապատողները շարունակում են շենքեր կառուցել։

- Օրական քաղաքացիներից 2000 դիմում ենք ստանում, որից 100-200-ը դիմում-բողոքներ են։ Այդ ծավալի մեջ ռազմական դրության ժամանակահատվածում նման խնդրի վերաբերյալ դիմում չենք ստացել։ Միգուցե ռազմական դրությամբ պայմանավորված՝ մարդիկ սպասում են որոշակի ժամանակահատված՝ մտածելով, թե կարող է գնանկում տեղի ունենալ՝ հետո սկսեն ձեռք բերել։ Բայց այնպիսի տենդենց, որ կառուցապատողը բողոքի, թե բնակարան ձեռք չեն բերում, իսկ գնորդը բողոքի, որ բանկը վարկ չի տալիս՝ մենք չենք նկատել։

- Այս իրավիճակում շատերը սոցիալական խնդրի առաջ են կանգնել, բնակարանային խնդիրներ կան։ Կոմիտեն՝ Կառավարության հետ համատեղ բնակարանի ձեռքբերման ավելի հարմարավետ ծրագրեր քննարկո՞ւմ է։

- Կառավարությունը շարունակական սոցիալական ծրագրեր է իրականացնում։ Որոշ դեպքերում հատուկ գներ են սահմանվում, որպեսզի պետական ծառայողները, զինվորականները կարողանան բնակարան ձեռք բերել։ Կոմիտեի գործառույթն այստեղ այն է, որ կարողանում ենք վերլուծել շուկան եւ Կառավարությանը տալ շուկայում առկա գները։ Արդեն Կառավարության որոշումներով հաստատվում են սոցիալական բնակարանաշինական ծրագրեր։ Այդպիսի ծրագրերից է երիտասարդ գիտնականների ծրագիրը, որը շարունակական իրականացվում է։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել