Համայնքները ֆինանսական մուտքերն ավելացնելու նոր հնարավորություն կստանան |armenpress.am|
12:03 - 02 դեկտեմբերի, 2020

Համայնքները ֆինանսական մուտքերն ավելացնելու նոր հնարավորություն կստանան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած օրինագծին, որը հնարավորություն կտա ավելացնել համայնքների ֆինանսական մուտքերը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Փաթեթով նախատեսվում է սահմանել, որ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, այդ թվում բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների համար ներկայիս ճանապահային հարկի փոխարեն յուրաքանչյուր 1 քմ-ի համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանած կարգին և պայմաններին  համապատասխան»,-ասաց Սիմոնյանը: 

Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն ազատվում է հարկումից: Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սահմանված հարկի 25 %-ի չափով: 

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ սա նշանակում է համայնքների ֆինանսական եկամուտների ավելացում: Փոխնախարարը համաձայնեց: «Այս պահի դրությամբ այն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, որոնց վրա գովազդ է տեղադրվում, և որոնք անցնում են համայնքների բնակավայրերով, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է թույլտվություն տալիս:

Եվ ապակենտրոնացման քաղաքականությունից ելնելով՝ բնակավայրերի միջով անցնող հատվածներում գովազդային վահանակ տեղադրելու թույլտվության լիազորությունը տալիս ենք համայնքներին»,-ասաց նա ու հավելեց, որ այսպիսով համայնքները նոր լիազորություններ կստանան և նոր մուտքեր կապահովեն: 

Առաջարկվող կարգավորումն արդեն իսկ Երևանում գործում է: Նախագիծը նպատակ ունի հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել