ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչը բիզնեսին տրվող պետական աջակցության թիրախը փոխելու կարիք է տեսնում |armenpress.am|
17:31 - 02 դեկտեմբերի, 2020

ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչը բիզնեսին տրվող պետական աջակցության թիրախը փոխելու կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը կարծում է, որ պետք է փոխել բիզնեսին պետական աջակցության տրամադրման թիրախը՝ աջակցելով գրագետ, շահութաբեր բիզնեսին: Օսիպյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Կանխատեսումներ կան, որ ընդհանուր տնտեսական իրավիճակը վատթարանալու է: Աշխատանքային ռեսուրսների, աշխատակիցների խնդիր կա: Նաև մոտիվացիայի խնդիր ենք տեսնում»,-ասաց Օսիպյանը:  

Նրա կարծիքով՝ պետք է իրավիճակին սթափ նայել: «Ասոցիացիայի դիրքորոշումը հետևյալն է՝ հիմա մեղավոր փնտրելով՝ ամեն մեկս մեր վրայից կարծես խնդիրը բարդում ենք ուրիշի վրա: Բոլոր միություններում, օղակներում թերացումներ եղել են, և պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում անել»,-ասաց նա:

Օսիպյանը նկատեց, որ նախկինում տարածված էր տեսակետ, թե պետք է պետական  աջակցություն ապահովել մի կերպ գոյատևող բիզնեսներին, որ դուրս չգան շուկայից: Նրա կարծիքով՝ հիմա պետք է թիրախը փոխվի: «Պետք է աջակցել արդյունավետ, գրագետ, շահութաբեր բիզնեսներին, արտահանման միտված բիզնեսներին, որ նրանք շուկայում իրավիճակը փոխեն և դառնան մոդել՝ մյուս բիզնեսների համար»,-ասաց Օսիպյանը:

Նրա կարծիքով՝ թե նախկինում, թե հիմա Հայաստանը հնարավորությունների երկիր է, շատ բան դեռ արված չէ, պետք է հետևել միջազգային հաջողված փորձերին: «Եթե նախկինում որոշ մարդկանց համար կարող էր ընդունելի լինել աշխատակցին չգրանցելը, աշխատավարձի չափը լրիվ չգրանցելը, հարկերից խուսափելը, հիմա դա պետք է դառնա անընդունելի»,-ասաց նա ու հավելեց, որ ցանկացած նման առաջարկ ստացող քաղաքացի պետք  դիմի աշխատանքի տեսչական մարմին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել