ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|
17:42 - 03 դեկտեմբերի, 2020

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ արտգործնախարարի՝ Մոսկվա կատարելիք այցի և երկկողմ հարաբերությունների մասին:

«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ արտգործնախարարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: ՌԴ արտգործնախարարությունում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային հիմնախնդիրներ, երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Առանձնակի ուշադրություն կդարձվի ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում:

Նախարարները կքննարկեն մեր հարաբերություններին առնչվող թեմաների լայն շրջանակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ,  ՄԱԿ,  ԵԱՀԿ և այլ ձևաչափերով»,- հայտնել է Զախարովան:

Մարիա Զախարովան հիշեցրել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, տարբերվում են բարձր մակարդակներով ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, արդյունավետ միջխորհրդարանական շփումներով:  

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք առաջիկա բանակցությունները կնպաստեն հետագա երկկողմ դաշնակցային գործակցության զարգացմանն ու Անդրկովկասում անվտանգության ու կայունությանը ամրապնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել