2300 հեկտար նռան այգուց տարածքների կորստի հետեւանքով մնացել է 500-ը. Արցախի գյուղատնտեսության նախարար
 |armtimes.com|
21:00 - 03 դեկտեմբերի, 2020

2300 հեկտար նռան այգուց տարածքների կորստի հետեւանքով մնացել է 500-ը. Արցախի գյուղատնտեսության նախարար |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի բնակչությունը հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում։ Դրա հետեւանքով մի շարք խնդիրներ են առաջացել։ Բացի այն, որ աշխատատեղերի խնդիր է առաջանում, վերջին օրերին տնտեսագետներն ահազանգում են մեկ այլ չափազանց լուրջ խնդրի՝ պարենային անվտանգության մասին։ Արցախը հատկապես հայտնի է հացահատիկային մշակաբույսերով եւ նռան առատությամբ։

Թեմայի վերաբերյալ հարցերին է պատասխանել Արցախի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։

- Պարոն Բախշիյան, վերջին օրերին տեսակետներ են հնչում, որ տարածքների կորուստը հանգեցրել է նաեւ պարենային խնդիրների: Որքանո՞վ են այս տեսակետները ճիշտ, եւ ի՞նչ պարենային ապրանքների մասին է խոսքը:

- Տեղի ունեցածը չէր կարող բացասաբար չանդրադառնալ երկրի պարենային անվտանգության խնդիրների վրա: Վերջին տարիներին Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության վարելահողերը շուրջ 140 հազար հեկտար էր, որից յուրաքանչյուր տարի 100 հազար հեկտարի վրա իրականացվում էր աշնանացան եւ գարնանացան մշակաբույսերի ցանքս, այդ թվում՝ հասկավոր հացահատիկային, հատիկաընդեղենային եւ յուղատու կուլտուրաների: Հացահատիկային մշակաբույսերի մասով Արցախն ամբողջությամբ ինքնաբավ էր, ավելին՝ այստեղ ստացված բերքը 25%-ով բավարարում էր նաեւ ՀՀ ցորենի պահանջարկը: Ելնելով ներկա իրողություններից՝ անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերանայել գյուղոլորտում տարվող քաղաքականությունը, գտնել նոր լուծումներ, որոնք հնարավորություն կընձեռեն լիարժեք ապահովել երկրի պարենային անվտանգությունը: Մեծ են նաեւ պտղատու այգիների բերքի կորուստները: 2020 թ. բերքի տակ նախատեսված գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից բերքահավաքի աշխատանքներ չեն իրականացվել հիմնականում պտղատու այգիներում: Ինչպես գիտենք, Արցախի այգեգործության բնագավառում մեծ տեղ էր զբաղեցնում նռան մշակությունը: Հետեւաբար, հիմնական կորուստները եղել են նռան հետ կապված, այնուհետեւ արեւելյան խուրմայի, խաղողի եւ այլ պտղատեսակների:

- Արցախի բնակչության քանի՞ տոկոսն էր զբաղվում գյուղատնտեսությամբ եւ հիմա որքանո՞վ է կրճատվելու այդ թիվը:

- Արցախի Հանրապետության բոլոր շրջանների, բացառությամբ մայրաքաղաքի, բնակչության շուրջ 90% զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Ինչ վերաբերում է այդ թվի կրճատմանը. պայմանավորված մի քանի գործոններով, ինչպես, օրինակ, արցախցիների վերադարձի գործընթացի շարունակությունը, վերջիններիս այլ բնակավայրերում վերաբնակեցման խնդրի առկայությունը եւ այլն, վաղ է հստակ պատասխանել Արցախի բնակչության՝ ներկայումս գյուղատնտեսության ոլորտում զբաղվածությանը վերաբերող հարցին:

- Այն տարածքներում, որը մնալու է Արցախին, գյուղատնտեսական ի՞նչ գործունեություն են ծավալում արցախցիները:

- Արցախում առկա վարելահողերի գերակշիռ մասը նախատեսված է զբաղեցնել աշնանացան եւ գարնանացան հասկավոր հացահատիկային, հատիկաընդեղենային եւ յուղատու կուլտուրաների մշակությամբ: Արցախում հրադադարի ռեժիմի հաստատմանը հաջորդել է աշնանացանի աշխատանքների մեկնարկը, որպեսզի սեղմ ժամանակներում դրանք ավարտին հասցվեն: Հարկ է նշել, որ պետության կողմից արցախցի հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է աշնանացան ցորենի, գարու, տրիտիկալեի համապատասխան քանակի բարձրորակ սերմացու, ինչպես նաեւ դիզվառելիք:

- Արցախը միշտ աչքի է ընկել նռան առատությամբ: Որքանո՞վ է հաջողվել նռան պաշարները պահպանել:

- Նախապատերազմյան ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում առկա էր 2300 հա նռան այգի: Տարածքների կորստի հետեւանքով մեզ են մնացել շուրջ 500 հա նորատունկ եւ բերքատու նռան այգիներ:

- Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կամ անցնող տարածքներից գյուղացիները կարողացե՞լ են հավաքել իրենց գյուղմթերքը եւ վաճառել:

- Մեր տվյալներով, այդ տարածքներում բերքահավաքի աշխատանքներ, ցավոք, չեն իրականացվել:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել