Ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, առկա են նաև դրական միտումներ. ԿԲ |armenpress.am|
09:27 - 04 դեկտեմբերի, 2020

Ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, առկա են նաև դրական միտումներ. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի, այնուհետև պատերազմական, ռազմական դրության պայմաններում ավանդների նվազումը տեղի է ունեցել շատ ավելի փոքր չափով, քան ակնկալվում է նման խորությամբ ճգնաժամերի պարագայում, ավելին՝ ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, արդեն առկա են դրական միտումներ: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից՝  գրավոր հարցմանն ի պատասխան:

Պատերազմի օրերին, հոկտեմբերի 27-ին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ Հայաստանում բանկային համակարգում քաղաքացիերի, կազմակերպությունների խնայողությունները որոշակիորեն նվազել են՝ նշելով, որ սակայն դա ընդհանուր ավանդների մեջ աննշան տոկոս է կազմում: ԿԲ-ից հետաքրքրվել էինք պատերազմից հետո ավանդների հնարավոր վերականգնման միտումներով:

Գլխավոր դրամատնից նշել են, որ տնտեսությունում առկա անորոշությունները, որպես կանոն, անխուսափելիորեն իրենց անբարենպաստ ազդեցությունն են թողնում ֆինանսական համակարգի վրա՝ հավելելով, որ համավարակի ազդեցությունը դեռևս չհաղթահարած՝ երկրում ռազմական դրության հայտարարումը իր հերթին նոր մարտահրավերներ առաջ բերեց: 

Եվ առկա իրավիճակը, ստեղծված անորոշությունը, բնականաբար, ազդում են հաճախորդների վարքագծի վրա, և ավանդների ծավալի որոշակի նվազումը, ԿԲ-ում, լիովին բնական են համարել: «Այնուամենայնիվ, ավանդների նվազումը շատ ավելի փոքր է, քան ակնկալվում էր նման խորության ճգնաժամերի պարագայում: Թե՛ համավարակի տարածման սկզբնական փուլում, թե՛ պատերազմի մեկնարկից ի վեր հասարակության դրսևորած վարքագիծը լիովին վկայում է ֆինանսական համակարգի հանդեպ առկա բարձր վստահության մասին: Կարող ենք փաստել, որ ներկայումս ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, ավելին, առկա են նաև դրական միտումներ»,-հայտնել են ԿԲ-ից:

Իսկ բանկերի կապիտալի և իրացվելիության ներկա մակարդակը գլխավոր դրամատանը բավարար հիմքեր է տալիս եզրակացնելու, որ ստեղծված իրավիճակում համակարգը կշարունակի բնականոն գործունեությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել