Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱԻՆ-ի 227 հոգանոց կամավորական խումբ․ Արմեն Փամբուկչյան |armtimes.com|
12:53 - 04 դեկտեմբերի, 2020

Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱԻՆ-ի 227 հոգանոց կամավորական խումբ․ Արմեն Փամբուկչյան |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 27-Ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների՝ փրկարար եւ հրշեջ 227 աշխատակիցներ կամավորական խմբով մեկնել են առաջնագիծ։

Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուկչյանը՝ մանրամասնելով, որ նրանք եղել են Մարտունի-Հադրութ հատվածում․ «Իրենք գտնվել են հենց առաջնագծում, պահել են հողերը, որոնք մինչ այժմ մեր վերահսկողության տակ են»։

Վերապատրաստման փուլը ներառյալ՝ ԱԻՆ աշխատակիցները առաջնագծում են եղել 20 օր։ Փամբուկչյանի խոսքով՝ բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չունեն։ ՀՀ ԱԻՆ-ը  այժմ սկսել է պատերազմին մասնակցած իր ծառայողների պարգեւատրման գործընթաց․ բոլոր կամավորներին հանձնվել կամ դեռ պիտի հանձնվեն շքանշաններ։

Խոսելով պատերազմի ընթացքում ՀՀ ԱԻՆ-ի իրականացրած գործառույթների մասին՝ նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը մանրամասնեց, որ ԱԻՆ-ը աշխատել է մի քանի պրոֆիլներով․ «ԱԻՆ աշխատանքները, սկսած սեպտեմբերի 27-ից, եղել են բավականին հագեցած, ԱԻՆ-ը բացի իր հիմնական գործառույթներից ստանձնել է հումանիտար օգնության կազմակերպումը, եւ կարծում եմ՝ թե հասարակության շրջանում, թե համակարգում բավականին դրական երանգներով է աշխատանքն ընդունվել եւ ընկալվել, ամեն ինչ փորձել ենք անել, որ ԱԻՆ-ը հասանելի եւ պիտանի լինի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում»։

Փոխնախարարի խոսքով՝ ԱԻՆ-ը իրականացրել է նաեւ քաղաքացիների կողմից հավաքագրված կամ արտերկրի մեր հայրենակիցների կողմից ուղարկված բեռների տեսակավորման, պահեստավորման գործընթաց եւ ուղարկել է դրանք Արցախ կամ Հայաստանի տարբեր քաղաքներում ու մարզերում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։

Բուժվարչության միջոցով ԱԻՆ-ը իրականացրել է նաեւ առաջին բուժօգնության ցուցաբերում, ունեցել է դաշտային հոսպիտալ։

Իրականացրել է նաեւ զոհված զինծառայողների դիերի դուրսբերման եւ տեղափոխման աշխատանքներ։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել