Ազդարարման մեխանիզմներ, ժամանակավոր ապաստարաններ. ԱԻՆ-ն ամբողջ ուժերն ուղղում է քաղպաշտպանությանը |armenpress.am|
14:56 - 04 դեկտեմբերի, 2020

Ազդարարման մեխանիզմներ, ժամանակավոր ապաստարաններ. ԱԻՆ-ն ամբողջ ուժերն ուղղում է քաղպաշտպանությանը |armenpress.am|

armenpress.am: Հետպատերազմյան փուլում վերագնահատելով իրավիճակն ու ի հայտ եկած հարցերը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկումներ է անցկացնում մի շարք խնդիրների շուրջ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջնահերթություններից են քաղաքացիական պաշտպանության հարցերը: Դրանք վերաբերում են թե տեխնիկական հագեցվածությանը, թե ապաստարաններին, թե քաղաքացիների իրազեկվածությանը: 

«Մեր նորանշանակ նախարարն ուշադրության կենտրոնում է պահում քաղպաշտպանության հարցը: Ասեմ, որ Ստեփանակերտում, Արցախի այլ քաղաքներում բնակչությունը համեմատաբար լավ է պատրաստված քաղաքացիական պաշտպանության հարցում: Գիտեն, թե օդային տագնապի դեպքում ինչ վարքագիծ դրսևորեն: Համեմատած Արցախի հետ, Հայաստանի տարածքում այդ մասով եղել է բացթողում, և հիմա մեր ամբողջ ուժերն ուղղել ենք այդ հարցերին՝ ազդարարման մեխանիզմների ստեղծում, շչակների համալրում, ժամակավոր ապաստարանների բարելավում»,-ասաց Արմեն Փամբուխչյանը: Նրա խոսքով, ներկայում աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքներն ապահովելու ուղղությամբ: Նախատեսված են նաև իրազեկման աշխատանքներ:  

Պատերազմի օրերին բարձրահարկ շենքերում հայտարարություններ էին փակցվում այն մասին, որ տագնապի դեպքում բնակիչներն իջնեն նկուղ: Փաստն այն է, որ բարձրահարկ շենքերի նկուղների մի զգալի հատվածը նույնիսկ որպես նկուղ չի ծառայում: Հետևաբար ապաստարան լինելու մասին խոսք չկա: Արմեն Փամբուխչյանը նշեց, որ այո, այդ խնդիրը կա: Բազմաթիվ նկուղներ մասնավորեցվել են կամ ծառայում են որպես կենցաղային ապրանքների պահեստ: Նա ընդգծեց, որ այժմ փուլ առ փուլ գնում են այդ խնդրի լուծման ճանապարհով: 

«Առաջին քայլը քաղաքացու կցագրումն է, այսինքն՝ նա պետք է իմանա, թե որտեղ է իր ապաստարանը: Դրանից բացի, համայնքը պետք է իրականացնի նկուղների մաքրումը, այսինքն՝ նախապատրաստի որպես ապաստարան: ԱԻՆ-ի գործառույթը պետք է լինի ստուգող, վերահսկող, չափանիշներին գնահատական տվող: Ինչպես պատերազմի ընթացքում, այսօր էլ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք համայնքների հետ»,-հավելեց փոխնախարարը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել