Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|
15:09 - 08 դեկտեմբերի, 2020

Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմության սկսած անհնազանդության գործողություններին։ «Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին»։

Սիմոնյանի խոսքով՝ այդ ուժերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից վերցնում են ընտրելու իրավունքը։ «Դա թերևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը, որովհետև բնական է, որ հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ (նախապես ասում եմ, որ, բնականաբար, դա չի վերաբերում այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին) կորցրել են իրենց հնարավորությունները, իրենց աշխատելու, գումար աշխատելու, ինչ-որ կոչումներ ստանալու հնարավորությունը և այսօր տեսնելով, որ իրավիճակը բարդ է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն լինի, բայց զավեշտը կրկին նրանում է, որ չեն ուզում ընտրություններ»։

Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը առաջարկում է ընտրություններ կազմակերպել 1 տարուց, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Ինչո՞ւ 1 տարուց, եկեք հիմա անենք»։

Ազգային ժողովի փոխխոսնակը նաև չբացառեց արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, սակայն, որ դա իր անձնական տեսակետն է, նման որոշում չկա։ «Կարող են լինել արտահերթ ընտրություններ, երբ մենք հասկանանք, որ իրոք արդեն բոլոր պրոցեսները ավարտված են, որ ռազմագերիների հարցը, որը ամենակարևոր խնդիրն է, լուծված է ինչ-որ ձևով և վտանգի չի դնի, երբ մարդկանց մոտ այդ հուզմունքը կվերածվի սառը դատողության։ Ես խոսում եմ իմ անունից, սա որոշում չէ։ Ես չեմ բացառում, որ կլինի, որովհետև մեծ հավանականությամբ համարում եմ, որ հիմա էլ եթե ընտրություն լինի, իշխող խմբակցությունը նորից կհաղթի: Ես դրա մեջ համոզված եմ»։

Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունը 2 անգամ արդար ընտրություններ է իրականացրել։ «Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությանը կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել, բայց իշխանությունը եզակի իշխանություն է, որը այնպիսի երկու ընտրություն է իրականացրել, որը որևիցե մեկի մոտ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, կասկած չի առաջացրել։ Իսկ ո՞վ որոշեց, որ պետք է, օրինակ, Վազգեն Մանուկյանը լինի։ Կարող է դուք ուզում եք, որ լինի Էդմոն Մարուքյանը կամ ինչ-որ մեկը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել