Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|
13:09 - 09 դեկտեմբերի, 2020

Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին:

Նախարարը նշեց, որ ստեղծման օրվանից (1992 թվական) հիմնադրամը նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Պետբյուջեին նվիրաբերությունները կատարվել են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ձևակերպվել հետևյալ տրամաբանությամբ, որ պետության կողմից ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերություն ստացողը պարտավորվում է օգտագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանի խոսքով՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ստացված միջոցների հավաստման և դրանց օգտագործման վերաբերյալ: Հաշվետվություն ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է:

«Նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցները օրենսդրության սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ:

Ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են Կառավարության համապատասխան որոշումներով: Դրանց, ինչպես նաև պետական այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեի կատարման հաշվետվությունների շրջանակում»,-ընդգծեց Ջանջուղազյանը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել