Հաջորդ տարվա ռազմական ծախսերի փոփոխության հարցում կաշկանդված չենք. ֆինանսների նախարար |1lurer.am|
13:27 - 09 դեկտեմբերի, 2020

Հաջորդ տարվա ռազմական ծախսերի փոփոխության հարցում կաշկանդված չենք. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» նախագծի քննարկմանն անդրադարձավ հնչող տեսակետին, թե վերջին իրադարձություններով պայմանավորված՝ այն հիմնովին պետք է փոխվի:

«Բյուջեն մի կողմից ազդեցության գործիք է, մյուս կողմից՝ հետևանք է այն ոլորտային քաղաքականության, որը մեր երկրում բխում է կարգավորումներից: Ոլորտային քաղաքականության գերակշիռ մեծամասնությունն ամրագրված է օրենքներով:

Բյուջետային ծախսերի 80 տոկոսը մեր երկրի օրենքներով ամրագրված պարտավորությունների արտացոլումն են, եկեք փոխենք, եկեք վերանայենք առաջնահերթությունները, եկեք քննարկենք դրանց հիմքում ընկած կարգավորումները և ըստ այդմ վերանայենք: Մի մասը օրենքներով վերապահված է Կառավարությանը և ակնկալվում է, որ Կառավարությունը իր որոշումներով պետք է կարգավորի այդ հարցը: Դա բյուջետային ծախսերի մոտավորապես 6 տոկոսն է»,- նշեց Ջանջուղազյանը:

Բյուջետային ընդհանուր ծախսերի հաջորդ 6 տոկոսն էլ բխում են մեր երկրի ունեցած միջազգային պարտավորություններից, որոնք բոլորը ԱԺ-ն է հավանության արժանացրել՝ ասաց նախարարը: 

«Հնարավո՞ր է սա փոխել, իհարկե հնարավոր է, բայց այդ հնարավորության իրացումը պետք է լինի արդյունք աշխատանքի: Մենք 2018-ից ներդրել ենք ծրագրային բյուջետավորման մոտեցումը՝ որպես օրենքի բաղկացուցիչ, և ենթադրվում է, որ ծրագրային բյուջետավորման տրամաբանության ներքո մենք չենք կարող խոսել միայն փողի կամ ֆինանսների մասին, մենք պետք է խոսենք դրա տակ ընկած քաղաքականության մասին, դրանից ակնկալվող ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների մասին»,- նշեց նախարարը:

Ջանջուղազյանի խոսքով՝ 1990-2000-ական թվականներին մեր երկրում եղել է իրավիճակ, երբ որ մեր բյուջետային կանխատեսումների և մեր հավակնությունների անհամապատասխանության պայմաններում ձևավորել ենք բյուջետային պարտքեր:

«Որպես ռիսկ՝ ճիշտ կլինի արձանագրել, որ որևէ դեպքում բյուջետային պարտքի ռիսկը անկայունության թելադրման կամ առաջացման լավագույն ճանապարհը կլինի: Մեզանից ոչ մեկը չի կարող պատկերացնել, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ իրավիճակ, որ օրինակ՝ բյուջեով նախատեսված այս կամ այն ծախսը հնարավոր չլինի իրականացնել միայն այն պատճառով, որ մենք բավարար չափով ողջամիտ չենք ծրագրավորել բյուջեն»,- նշեց նախարարը:

Ռազմական ծախսերի մասին խոսելով՝ Ջանջուղազյանը նշեց, որ միգուցե այն ևս պետք է փոխվի, բայց չափի մասին դատողություններ անելիս պետք է հաշվի առնել, որ այն երկու կողմ ունի, այսինքն՝ այդ չափի անընդհատ ավելացումը կամ նվազումը իր ռիսկերն ունի:

«Դրա տրամաբանությամբ է, որ ռազմական ծախսերի ընդհանուր բյուջեն նախատեսված է: Իսկ կարիք կլինի ավելացնել թե պակասեցնել, անորոշության աստիճանը թույլ չի տալիս հենց այսօր այդ փոփոխությունն անել: Հետևաբար՝ մենք ոչ մի բանով կաշկանդված չենք, որ այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե ինչ պիտի արվի ռազմական ծախսերի հետ, այդ ինչը արվի: Այսօր առկախել կամ ընդհանրապես ունենալ այդպիսի տեսակետ, որ կարելի է առկախել ռազմական բյուջեն՝ հաշվի առնելով, որ օրինակ՝ չգիտենք, թե ինչ է լինելու ռազմական ծախսերի հետ հաջորդ տարի, կարծում եմ՝ դա կլինի կոպիտ բացթողում»,- նշեց Ջանջուղազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել