Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տարբեր խմբեր, այդ թվում՝ նախկինում պետական կառավարման համակարգում ներկայացված կուսակցություններ, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անհապաղ հրաժարականը։ 

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը, սակայն, ի դեմս ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, հայտարարում է, որ թեեւ Փաշինյանի հրաժարականի լեգիտիմ պահանջը պետք է մնա օրակարգում, սակայն ճանապարհային քարտեզ պիտի լինի, արտահերթ ընտրությունների կոնկրետ ամսաթիվ, եւ որ դրանք պետք է կազմակերպի գործող կառավարությունը՝ Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից եւ այլ օրակարգային բարեփոխումներից հետո միայն։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանն Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց՝ արտահերթ ընտրությունների պահանջի տրամաբանությունն այն է, որ պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է 2018 թվականի դեկտեմբերին եղած իրավիճակից, երբ ձեւավորվել է ներկա քաղաքական լանդշաֆտը՝ մասնավորապես խորհրդարանի մակարդակում, դրա համար էլ հասարակության իրական տրամադրությունները հասկանալու համար անհրաժեշտ են նոր ընտրություններ։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, այս գործընթացն է համարում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ լեգիտիմ ճանապարհը․

«Կարծում ենք՝ արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են, եւ ցանկացած այլ զարգացում, օրինակ՝ վարչապետի հրաժարականը, որին կհետեւի այլ կուսակցությունից մի անձի առաջադրում, կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը այլ ձեւերի եւ չի բերի լարվածության թուլացման ու ներհասարակական կայունության ապահովման»,- ասաց Ղեւոնդյանը՝ շեշտելով, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնի հենց գործող կառավարությունը, քանի որ լեգիտիմ ձեւավերված իշխանություն է․

«Այն, որ այսօր հասարակության տրամադրությունները փոխվել են քաղաքական ուժերի նկատմամաբ, չի նշանակում, որ մենք ապրիորի կարող ենք ընդունել, որ կա մեկ այլ ուժ, որը կարող է ունենալ համարժեք լեգիտիմություն, եւ ընտրությունները այդ ուժին վստահելը որեւէ կերպ կարող է արդարացված լինել։ Արտահերթ ընտրությունները պետք է իրականացնի այն ուժը, որին ՀՀ քաղաքացին տվել է իր քվեն, սակայն ե՛ւ ես, ե՛ւ մեր քաղաքական ուժը կարծում ենք, որ ընտրությունների գնալուց առաջ անհրաժեշտ են փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, անհրաժեշտ է, որ նոր Սահմանադրության գոնե նախնական պատկեր ունենանք, որի ընդունումը կամ փոփոխությունները տեղի կունենան արդեն արտահերթ ընտրություններից հետո»։ 

Ղեւոնդյանի համոզմամբ՝ պետությունը պետք է շարունակի գործել, եւ, իր բնորոշմամբ, 2,5 տարվա ընթացքում հանցավոր անգործության պատճառով չիրականացրած, բայց ժամանակին խոստացած ծրագրերը կառավարությունն առաջիկայում շուտափույթ պետք է կատարի, որից հետո արդեն ՀՀ քաղաքացին իր քվեի միջոցով կձեւավորի նոր իշխանություն։ 

«Այս ամբողջ ժամանակահատվածում կառավարող քաղաքական ուժը դրսեւորել է հանցավոր անգործություն, այդ անգործության հետեւանքներն ենք մենք այսօր տեսնում՝ ոչ միայն Արցախի հարցում, այլ նաեւ մեր ներքաղաքական իրավիճակում։ Վեց ամսվա ընթացքում, այսպես, թե այնպես, հարկավոր է գտնել լուծումներ, որոնք կբերեն գոնե այն հիմնարար դրույթների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի արտահերթ ընտրությունները կայանան ժողովրդավարական ընթացակարգերով, կայանան այնպիսի ընտրություններ, որոնց համար 2018 թվականին քաղաքացին իր քվեն տվեց այս իշխանությանը։ Եթե փոփոխություններ չլինեն, ապա այդ ընտրությունները կարող են կասկածի տեղիք տալ, եւ մենք կընկնենք շրջապտույտի մեջ, որը կարող է ժամանակ առ ժամանակ հանգեցնել այնպիսի ներքաղական լարվածության եւ ճգնաժամերի, որոնք արգելակում են Հայաստանի զարգացումը»։ 

Ինչ վերաբերում է այս օրերին Փաշինյանի ընդդիմախոսների կազմակերպած ակցիաներին՝ Ղեւոնդյանի կարծիքով՝ դրանք հիմա ոչ կմարեն, ոչ էլ թափ կհավաքեն, այլ որոշակի ամպլիտուդով ժամանակ առ ժամանակ կլինեն․

«Մարգինալացված այդ խմբերի ռեսուրսն այնքան է, ինչքան տեսնում ենք, այդ ռեսուրսը բավարար չէ, որպեսզի ստիպի Փաշինյանին հրաժարական տալ եւ երկրում իշխանափոխություն անել, սակայն բավարար է, որպեսզի լարված մթնոլորտը պահպանվի։ Իսկ թե ինչպիսի զրագցումներ կլինեն, կախված է իշխանության քայլերից․ ինչպես նշեցի՝ մեր պատկերացմամբ՝ լարվածությունը թուլացնելու քայլը արտահերթ ընտրությունների հայտարարումն է՝ ճանապարհային քարտեզում կոնկրետ թվերի ու ժամկետների ֆիքսումով»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով՝ անպայման է, որ ընտրություններին մասնակցի նաեւ ներկա քաղաքական ուժը․ «Գուցե կստանան քաղաքացու վստահության քվեն, բայց մեծ նշանակություն կունենա՝ քանի տոկոս կլինի այն»։

Մեր դիտարկմանը, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարը՝ Արման Բաբաջանյանը, հայտարարել է նաեւ՝ վստահության այս պաշարով Փաշինյանը չի կարող ներկայացնել Հայաստանը, Ռոբերտ Ղեւոնդյանն արձագանքեց, որ հարցն այս պարագայում անձին չի վերաբերում, այլ ինստիտուտներին․

«Խնդիրն այն է, թե որ ինստիտուտը պետք է Հայաստանում ձեւավորվի քաղաքացու քվեի եւ հասարակության տրամադրությունների հիման վրա եւ գնա բանակցության։ Եթե կառավարության ղեկավարը գնա՝ վարչապետը, ապա, ըստ մեր տրամաբանության, այդ անձը պետք է ունենա վստահության այնքան մեծ պաշար, որը բավարար լինի, որպեսզի նա խոսի ՀՀ քաղաքացու անունից։ Մենք դրա համար ենք ասում, որ այսօրվա իրավիճակում պետք են արտահերթ ընտրություններ՝ հասկանալու՝ իրականում որ քաղաքական ուժը որքան աջակցություն ունի Հայաստանում, եւ որ քաղաքական ուժը կարող է ընտրել այն անհատին, որը կարող է բանակցել»։ 

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե որ կետից պետք է սկսեն Արցախի հարցով բանակցությունները, երբ բանակցային սեղանին կարծես այլեւս որեւէ փաստաթուղթ հիմնարար չէ, այդ թվում՝ Լավրովյան պլանը, քանզի ներկա իրավիճակն այդ պլանից էլ դուրս է, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել․

«Փաստացիորեն, Հայաստանը պարտվել է պատերազմում, եւ թելադրողը ադրբեջանական կողմն է։ Հայաստանի դիվանագիտությունը պետք է շատ բարդ, շատ լուրջ աշխատանք իրականացնի, որպեսզի կարողանա գոնե ֆիքսել այն կետը, որտեղից կսկսեն նոր բանակցությունները, եւ թույլ չտալ, որ Ադրբեջանը կրկին մանիպուլացնի, շահարկի այդ բանակցությունները սկսելու կետը։ Բնական է, որ Ադրբեջանն անընդահատ փորձելու է այդ կետը Հայաստանի համար ավելի վատացնել»,- ասաց Ղեւոնդյանը՝ կրկնելով, որ այս դեպքում էլ ոչինչ ապրիորի չէ, եւ այն, որ բանակցությունները տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում, համընդհանուր համաձայնության արդյունք է՝ թե՛ աշխարհաքաղաքական դերակատարների, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի․

«Այդ համաձայնությունից դուրս որեւէ այլ պայմանավորվածություն գոյություն չունի, այսինքն՝ մենք ուզենք, թե չուզենք, Մինսկի խումբը այն շրջանակն է, որտեղ տեղի է ունենում այս գործընթացը։ Պետք է մի շատ կարեւոր բան էլ հաշվի առնենք․ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես հասկանալի է նրանց հայտարարությունների վերլուծություններից, որեւէ կերպ թույլ չեն տալիս Թուրքիային, ՌԴ-ին Մինսկի խմբի ֆորմատը ենթարկել փոփոխության։ Անհրաժեշտ է Մինսկի խմբի շրջանակներում գնահատել ՀՀ շահերի սպասարկման գործընթացը, հասկանալ եւ հաշվի առնել շատ էական մի գործոն, թե Արցախի հասարակությունը, իշխանությունները, հայությունը նոր ձեւավորված պայմաններում ինչպիսի ցանկություններ եւ տեսլական ունեն Արցախի ապագայի հարցում։ Շատ աշխատանքի տեղ կա»,- եզրափակեց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռոբերտ Ղեւոնդյանը։

Հայարփի Բաղդասարյան