ՇՄ նախարարի տեղակալը Սյունիք այցը արդյունավետ է գնահատել
18:44 - 13 դեկտեմբերի, 2020

ՇՄ նախարարի տեղակալը Սյունիք այցը արդյունավետ է գնահատել

Եզրափակելով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի աշխատանքային խումբն այցելել են Կապան, Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված սպորտհրապարակներ: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ֆինանսավորմամբ «Նյու պլանետ» բնապահպանական ՀԿ-ի կողմից. տեղադրվել են մարզասարքեր: Ծրագրի նպատակը համայնքների բնակիչների ակտիվ հանգիստն ապահովելն է: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը։
 
Ագարակ քաղաքում նախարարի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է «Արևիք» Ազգային Պարկի նոր վարչական շենքի կառուցման համար նախատեսված տարածք։ Աննա Մազմանյանը տեղում դիտարկել է տարածքը, ծանոթացել դրա ընդձեռած ֆունկցիոնալ հնարավորություններին: «Արևիք» Ազգային Պարկի նոր վարչական շենքի կառուցման համար նախագծային աշխատանքները այժմ ընթացքի մեջ են:
 
Ագարակ քաղաքում նախարարի տեղակալը եղել է նաև Ագարակի միջնակարգ դպրոցում, որտեղ «Նյու պլանետ» բնապահպանական ՀԿ-ի կողմից իրականացվել է դպրոցի ջեռուցման համակարգի վերազինում` արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմամբ:
 
Մեղրի քաղաքում Աննա Մազմանյանը ծանոթացել է թարմ և չոր մրգերի մթերման կենտրոնի աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում հարակից գյուղերի բնակչությունը մթերման կետին է հանձնում իր մթերքը։ Ծրագիրն իրականացվել է «Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծության զարգացում» ՀԿ-ի կողմից։

Այցի վերջնակետը «Կայուն գյուղատնտեսությունը որպես տնտեսական զարգացման հնարավորություն՝ Ջերմոցների կառուցում» ծրագրի շրջանակներում Տաթև համայնքում հիմնված ջերմոցային տնտեսությունն էր: Այն գյուղին ապահովել է աշխատատեղերով։ Ծրագիրն իրականացվել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից։
 
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հագեցած աշխատանքային օրակարգով այցը բավականին արդյունավետ է գնահատել: Կատարված աշխատանքը տպավորիչ է տարածաշրջանի և դրա բնակիչների կյանքի վրա ազդեցությամբ: Ծրագրերն իրականացված են գրագետ և թիրախային՝ իրենց արդյունքով նպաստելով բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկացվածության և ավելի հոգատար ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը, միևնույն ժամանակ՝ համայնքների բնակիչներին հենց իրենց բնակավայրերում զբաղվածությամբ ու աշխատատեղերով ապահովելով:
 
Շնորհակալություն հայտնելով արված հսկայածավալ աշխատանքի համար՝ նախարարի տեղակալը վստահեցրել է, որ այսուհետ ևս Շրջակա միջավայրի նախարարությունը կանի առավելագույնը՝ գերատեսչության և միջազգային կազմակերպության միջև արդյունավետ փոխգործակցության շարունակության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել