Այն ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ՝ մեդիաները պետք է չպատճենեն, չտարածեն․ Մարուքյան |armtimes.com|
16:32 - 14 դեկտեմբերի, 2020

Այն ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ՝ մեդիաները պետք է չպատճենեն, չտարածեն․ Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Այն ինստիտուտները, որոնք հանրային որոշակի վստահություն ունեն եւ չեն դելեգիտիմիզացվել՝ պետք է դեր ստանձնեն եւ խոսեն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան՝ անդրադառնալով մեդիատեռորին։

Խոսելով վարչապետի այսօր հայտնած՝ արտասահմանյան գործակալական ցանցի մասին Մարուքյանն ասաց, որ ոչ մի գործակալական ցանցի մասին քննարկում չի եղել, որին ինքը մասնակցել է։

Միեւնույն ժամանակ վերջինս խնդրի լուծման մասին իր տեսակետը հայտնեց. «Ես կարծում եմ, որ պետական խողովակները եւ մեր իրական մեդիաները պետք է այս խնդրի հետ կապված որոշակի գործառույթներ ունենան։ Գոնե այն ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ՝ չպատճենեն, չտարածեն։ Հիմա պատկերացրեք՝ ինչ-որ մարդիկ խոսում են Սեւանը վերցնում են, պատկերացրեք ես էլ գրեի՝ քանի որ վարչապետը չի հեռանում դրա պատճառով հիմա Սեւանն են կիսում։ Բա լավ ես պատասխանատվություն կիսո՞ւմ եմ իմ ասած խոսքի համար»։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, որ օրինակ՝ երբ ապատեղեկատվություն է տարածվում կարող են ինչ-որ նախարարներ, որոնց ոլորտի վերաբերյալ է՝ հայտարարությամբ կամ ասուլիսով հանդես գալ։

«Խոսք է գնում, որ Սյունիքը հանձնում են, հիմա եթե Սուրեն Պապիկյանը մի հատ ասուլիս աներ՝ ասեր դա հերյուրանք է, կարո՞ղ էր դա հանրային պանիկայի վրա ազդեցություն ունենալ։ Մարդիկ ասում են, որ չեն հերքում՝ ուրեմն հաստատ Սեւանը կամ Սյունիքը հանձնում են։ Դուք տեսա՞ք ՊՆ-ն երբ է հայտարարել այդ 2 գյուղերի հարձակման հետ կապված։ Ամբողջ օրը խուճապ է, հաջորդ օրը ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել»,- եզրափակեց Մարուքյանը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել