Վիրավոր զինծառայողները Արաբկիր ԲԿ-ում վերականգնողական բուժում կստանան ժամանակակից սարքավորումներով
17:52 - 14 դեկտեմբերի, 2020

Վիրավոր զինծառայողները Արաբկիր ԲԿ-ում վերականգնողական բուժում կստանան ժամանակակից սարքավորումներով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Արաբկիր բժշկական համալիրի պրոթեզավորման և վերականգնողական կենտրոնը կհամալրվի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կօգնեն հաշմանդամություն ստացած զինծառայողներին առողջության վերականգնումից հետո լիարժեք կյանք վարել: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը։

Ըստ տարածված մամլո հաղորդագրության՝ բժշկական համալիրի ԱրԲեՍ վերականգնողական մասնաճյուղ շրջայցի ժամանակ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Արաբկիր ԲՀ կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը տեղում ծանոթացել են արդեն գործող պրոթեզների արտադրամասի աշխատանքներին և հաստատել, որ նախատեսված վերազինումը օժանդակելու է հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողների առողջության վերականգնմանը:

Այս կենտրոնն ունեցել է մանկական վերականգնողական ուղղվածություն, սակայն այժմ գործում է նաև մեծահասակների առողջության վերականգնման բաժանմունքը:

Բժշկական համալիրը դեռ մի քանի ամիս առաջ սկսել էր նոր մասնաշենքի կառուցման գործընթացը, որն ավարտին կհասցվի գարնանը:

Համահայկական հիմնադրամը, համաձայն հաղորդագրության, իր հերթին կապահովի ժամանակակից սարքավորումներ նորակառույց բաժանմունքի համար:

Հիմնադրամը դեռ պատերազմի օրերին բանակցում էր միջազգային մի շարք ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են հետպատերազմյան վերականգնողական բուժման համար հոգեբանական աջակցության տրամադրման և պրոթեզավորման/օրթեզավորման սարքավորումների արտադրության ոլորտներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել