ՇՄ նախարարն ու Լիտվայի դեսպանը քննարկել են հետպատերազմյան ժամանակում շրջակա միջավայրի ոլորտի նախաձեռնությունները
19:41 - 14 դեկտեմբերի, 2020

ՇՄ նախարարն ու Լիտվայի դեսպանը քննարկել են հետպատերազմյան ժամանակում շրջակա միջավայրի ոլորտի նախաձեռնությունները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև 10 մլն ծառ նախաձեռնությանն արձագանքի համար, ապա վերահաստատել հանձնառությունը և պատրաստակամությունը ամենաբարձր մակարդակում սերտ համագործակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության և Լիտվիայի Հանրապետության միջև՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն զարգացման և կառավարման։
 
Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար ոչ հեշտ հետպատերազմական ժամանակներում շրջակա միջավայրի ոլորտին ուղղված նախաձեռնությունների շարունակական և անխափան ընթացքն ապահովելու համար։ Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտել է, որ հեղափոխությունից ի վեր արձանագրված գործընթացներից ելնելով՝ իրենք նոր համագործակցությունների հեռանկարներ են տեսնում երկու երկրների միջև։
 
Հանդիպմանը քննարկվել են անտառային քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր։
Լիտվայի Հանրապետությունը հանդիսանում է առաջին երկրներից մեկը, որ պատրաստակամություն է հայտնել տրամադրել 10000 հատ կեչու տնկի՝ ՀՀ Կառավարության 10 մլն ծառ նախաձեռնության շրջանակում։
 
Քննարկվել են նաև լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի շրջանակում համագործակցութան հեռանկարները։
 
Վերամշակման/դեպոզիտային համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով ՇՄ նախարարության կողմից հաստատման նամակ է ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2021 թ․ հունվարին։
 
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկե, ապակյա, թղթե և ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։ Համակարգի ներդրման առաջմղման և գործարկման նպատակով նախատեսվում է դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման մոդելի տնտեսական վերլուծություն (հիմնված միջազգային փորձի վրա), ինչի արդյունքում կվերհանվեն երկրի համար առավել նպատակահարմար տարբերակները։
 
Նախարար Պետրոսյանն առաջարկել է առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրների միջև փորձի փոխանակման ավելի առարկայական գործընթացով։
 
Նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել հետպատերազմական փուլում շրջակա միջավայրի ոլորտում գերատեսչության առաջնահերթությունները և կրկին պատրաստակամություն հայտնել մեր երկրում Լիտվիայի փորձի տեղակայման և բոլոր քննարկված խնդիրների ու դրանց լուծման անհրաժեշտ համագործակցության համար հիմքեր ստեղծել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել